Մեկնաբանություններ

Հայաստանը, Ալթայի Հանրապետությունը և արձանիկը
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայաստանը միջազգային քվեարկության արդյունքներով երրորդն է համաշխարհային ճանաչում ունեցող «National Geographic Traveler» ամսագրի կազմած ցանկի «Ակտիվ, այդ թվում էքստրեմալ տուրիզմ» անվանակարգում։ Դա հնարավոր դարձավ Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի գործունեության ակտիվացման հետ կապված, որը «շարունակում է բարձրացնել երկրի մրցունակությունը միջազգային զբոսաշրջային շուկաներում»։ Այս մասին այսօր տեղեկացրել են տեղեկատվական գործակալությունները՝ հղում կատարելով Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի (ՀՄԱՀ) մամլո ծառայությանը։
Այս առնչությամբ տողերիս հեղինակի մեջ շատ պարզ հարց առաջացավ. ո՞ր երկրներն են տեղ գտել նոմինանտների եռյակում։ Զանգը ՀՄԱՀ մամուլի ծառայություն մտահոգեց։
- Քանի որ «National Geographic Traveler»-ի կողմից պաշտոնական հրապարակումներ չկան, մենք կոնկրետ ոչինչ (?!) ասել չենք կարող։ Օրվա վերջին ամեն ինչ կպարզվի,- ասացին մամուլի ծառայությունից։
Ասում են, թե հիմարությունն անբուժելի է։ Բայց թեմայից չշեղվենք։ Օրն անցավ առանց պարզումների։ Եվ այնուամենայնիվ, շնորհիվ «Новости Горного Алтая» տեղեկատվական գործակալության (կատակ չէ) մենք իմացանք, որ Ալթայի Հանրապետությունը նույնպես ստացել է National Geographic Traveler ամսագրի և Զբոսաշրջային արդյունաբերության ռուսաստանյան միության սահմանած National Geographic Traveler Awards 2011-ը՝ «Ակտիվ տուրիզմ» անվանակարգում։ Ի դեպ, մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել «Կրոկուս Էքսպո» կենտրոնում, պրոֆեսիոնալ տուրբիզնեսի Մոսկվայի աշնանային միջազգային շաբաթվա շրջանակներում... Ավելացնենք, որ մրցանակային արձանիկը բաժին ընկավ Ալթայի Հանրապետության զբոսաշրջության նախարարին։
Այսպիսով, պարզություն մտցրինք Հայաստանի, Ալթայի Հանրապետության և արձանիկի հետ կապված... Ինչ վերաբերում է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամին, ապա այն հերթական անգամ գործով ապացուցեց, որ հնարավորությունը բաց չի թողնի իրեն վերագրելու բոլոր նվաճումները, իսկ մանրամասները նրան պարզապես չեն հետաքրքրում։
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն