Մեկնաբանություններ

Ազգային էլիտայի բարոյական հատկանիշների մասին
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անցած շաբաթ ՀՀ վճռաբեկ դատարանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ նվիրված ՀՀ ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի վարքին ու կերպարին։ Կարճ հիշեցնենք, որ պատգամավոր Մելիքյանը հոկտեմբերի 4-ին քամուն էր տվել երկրի դատական համակարգը, Վճռաբեկ դատարանի նախագահին մեղադրել զանազան մեղքեր գործելու մեջ։ Նույն օրը «Ազգային գաղափարը» լուսաբանեց այդ իրողությունը՝ «Սպարտակ Մելիքյանը չի կարողացել պայմանավորվել Արման Մկրտումյանի հետ» հրապարակմամբ (https://nationalidea.am/publications.php?id=11511), որում համակրանք էր հայտնվում Սպարտակ Մելիքյանի հանդեպ, քանի որ, ինչպես հրապարակման հեղինակ Ավետիս Բաբաջանյանն էր կարծում, Մելիքյանն ավելի կարգին տղա է, քան Մկրտումյանը, որովհետև նրա հարազատ հայրը ԶԼՄ-ներում չի դժգոհում նրանից (Մկրտումյանի հայրը մեզ բոլորիս հավաստիացնում էր, որ որդին գումարային առումով մի լավ «քցել» է հորը, ինչի արդյունքում նա՝ խեղճ ծերունին, մնացել էր անօթևան ու առանց գոյության միջոցների)։
Հասկանալի է՝ Հայաստանում լավ տղան, մանավանդ էլիտայի շարքերում, հարաբերական հասկացություն է։ Մենք հիմա էլ այն կարծիքին ենք, որ պրն Մելիքյանը գերազանցում է պրն Մկրտումյանին բարոյական բոլոր չափանիշներով։ Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում պրն Մելիքյանը, այդ մասին առանց գունազարդման ու ռոմանտիկայի ասված է Վճռաբեկ դատարանի հայտարարության տեքստում։ Այն մեջբերում ենք ամբողջությամբ.
«2011 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվել է անչափահաս Վահե Արսենի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործը: Դատաքննության արդյունքում դատարանը հաստատված է համարել, որ Վ.Հակոբյանը, իրականացնելով ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր երթևեկություն, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում Սեյրան Մելիքյանին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետևանքով տուժողը նույն օրը մահացել է:
Սեյրան Մելիքյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրն է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով նշված արարքի համար Վ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում երեք տարի ժամկետով` ավտոմեքենա վարելու իրավունքից զրկելով երեք տարի ժամկետով:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ առկա է օրենսդրական պահանջ (ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդված) այն մասին, որ անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ մեղսագրվող արարքի համար կարող է նշանակվել ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը պարտավոր է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց, իսկ 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել:
Անդրադառնալով նշանակված պատիժը Վ.Հակոբյանի կողմից կրելու հարցին` դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիման վրա անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ կիրառելի է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը, որի արդյունքում, համաներման ակտի կիրառմամբ Վ.Հակոբյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից:
Տուժողի իրավահաջորդ Սպարտակ Մելիքյանի կողմից քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցը` 600.000.000 (վեց հարյուր միլիոն) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Վահե Հակոբյանից հօգուտ Սպարտակ Մելիքյանի բռնագանձել 4.804.000 ՀՀ դրամ:
Առաջին ատյանի դատարանի դատական քննության ընթացքում տուժողի իրավահաջորդ Սպարտակ Մելիքյանը և նրա ներկայացուցիչը հարուցել են բազմաթիվ տարաբնույթ միջնորդություններ դատական նիստերը հետաձգելու վերաբերյալ, որի արդյունքում գործի քննությունը տևել է չորս ամիս: Այդ ժամանակահատվածում ևս անչափահաս Վ.Հակոբյանը գտնվել է կալանքի տակ:
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդ Ս.Մելիքյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում դժգոհություն է հայտնվել ինչպես անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ համաներում կիրառելու, այնպես էլ 600 միլիոն ՀՀ դրամի չափով ներկայացված քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու հանգամանքից, գտնելով, որ Վ.Հակոբյանը պետք է վերցվի կալանքի, իսկ ներկայացված քաղաքացիական հայցը` բավարարվի ամբողջությամբ: Վերաքննիչ բողոքը դեռևս քննության փուլում է:
Չբավարարվելով օրենքով սահմանված կարգով իր դժգոհությունները քննարկելու և լուծելու օրինական գործընթացով, Սպարտակ Մելիքյանը, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի իր կարգավիճակը, 2011 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որն իր մեջ պարունակում է դատական իշխանության և նրա ղեկավարների հասցեին արված վիրավորական և զրպարտչական արտահայտություններ:
Փաստորեն, Սպարտակ Մելիքյանը, հանդիսանալով դատարանում քննվող քրեական գործով դատավարության մասնակից, դատական համակարգի հանդեպ ունեցած իր կարծեցյալ մտահոգություններն արտահայտելու պատրվակով, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը, փորձել է ճնշում գործադրել դատարանի վրա, որը, ըստ էության, արդարադատության իրականացմանն ուղղված միջամտություն է:
Մինչդեռ, նման վարքագիծը ոչ միայն հարիր չէ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին, այլև կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվություն: Ընդ որում, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, համարվում է արարքը ծանրացնող հանգամանք:
Վերոգրյալի հիման վրա` աշխատավարձը փոխանցելու ցանկություն ունեցող, սակայն անչափահաս ամբաստանյալից 600 միլիոն ՀՀ դրամ պահանջող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանին հորդորում ենք զերծ մնալ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու անթույլատրելի փորձերից, ձեռնպահ մնալ ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն անձնական շահերին ծառայեցնելուց և հնարավորություն տալ դատարաններին անկախության, անկողմնակալության և արդարության պահանջների պահպանմամբ լուծել իր շահերին առնչվող քրեական գործը»:
Ինչպես տեսնում ենք, պատգամավոր Մելիքյանը ծարավի է անչափահասի «արյունը խմել». քիչ է, որ հասել է պատժի առավելագույն չափին (երեք տարի ազատազրկում), հիմա էլ հայրաբար, պատգամավորաբար, փորձում է հասնել օրենքի խախտման (ուզում է դեռահասին կրկին բանտ խցկել՝ չնայած համաներմանը)։ Բայց սա էլ է քիչ պատգամավոր Մելիքյանի համար. նա ուզում է որպես փոխհատուցում վճարել տալ 600 մլն դրամ (մոտ $1,6 մլն) և բողոքում է դատարանի վճռի դեմ, որը բարեհաճել է նրա պահանջը բավարարել միայն մասնակիորեն (դատարանը պարտավորեցրել է վճարել 4.804.444 դրամ)։ Ավելորդ է հիշեցնել Հայաստանի ընթերցողներին, թե ինչ է նշանակում $1,6 մլն-ը Հայաստանի քաղաքացու համար, ինչպես նաև ավելորդ է հիշեցնել նրանց այն մասին, թե ինչպես են ՀՀ ԱԺ պատգամավորները «հետևում» երկրի օրենսդրությանը, ավելի ճիշտ՝ ինչպես են նրանք մեկնաբանում այն և օգտագործում ի շահ իրենց նպատակների, բայց ավելորդ չէ ասել նրանց մի երկու խոսք պատգամավոր Մելիքյանի մասին, որին ընտրողներն ուղարկել են խորհրդարան՝ ներկայացնելու իրենց շահերը։
Նման պատմությունները մեզ հուշում են, որ հայրենական էլիտայի անդամները ոչ միայն վտանգավոր են ու վնասակար պետության համար (ի հետևանք նրանց կոռումպացվածության, ընդհատակյա կոմերցիայի, հովանավորչության, լկտիության և շատ այլ բաների, ինչը երկրում անհնար է դարձնում գլխավորը՝ արդարությունը), այլև վերին աստիճանի զզվելի են։ Աստված չանի Հայաստանի քաղաքացիներից որևէ մեկը հայտնվի նրանց ճանապարհին. նրանք պարզապես կխժռեն մարդուն և «օֆ» էլ չեն անի։ Իսկ պատգամավորի հոր մահվան պատճառ դարձած տղայի պատմությունը դրա վառ ապացույցն է։ Հայրենական «էլիտարներն» իրենց իրավունք են վերապահում սպանել (և ոչ միայն ավտոճանապարհներին) ում ասես և ոնց ասես (որևէ մեկը տեսե՞լ է արդյոք որևէ «էլիտարի» կամ նրա մերձավորին, որը պատիժ է կրում վթարի համար, այնինչ, ավտոճանապարհներին մարդկանց զոհվելու դեպքերի մեծամասնությունում մեղավորը հենց նրանք են), բայց իրենք ոչ միայն չեն ներում մեկ այլ մեղավորի ու հասնում են առավելագույն դաժան պատժին նրա նկատմամբ, այլև ջանում են խախտել օրենսդրությունը՝ էլ ավելի խիստ պատժի համար, որը նախատեսված չէ օրենքով, հանուն իրենց անհագուրդ ծարավը հագեցնելու, ծարավ, որն առաջ է եկել նողկալի ու անմարդկային հավակնություններով։
Հետգրություն
Վճռաբեկ դատարանի նախագահ պրն Մկրտումյանը հարկ է որ քրեական պատասխանատվության ենթարկի պրն Մելիքյանին՝ դատավարության վրա ճնշում բանեցնելու համար (ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող՝ ծանրացնող հանգամանքներով)։ Համենայնդեպս, կարելի էր նախաձեռնել այս գործընթացը։ Մանավանդ որ ոչ ոք դրանից առանձնապես չէր տուժի. հազիվ թե թողնեն, որ խժռեն հանրապետական Մելիքյանին, իսկ, ահա, նրա կերպարը՝ որպես պետական գործչի, էական փոփոխությունների կենթարկվեր։ Էլ չենք խոսում այն մասին, որ այդ գործընթացից կշահեինք մենք բոլորս. գրելու բան կլինի...
Գնահատում



Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
Hargelis, kareli e karcel te duq es erkric cheq ev texyak cheq datakan ishxanutyunum tirox lkti barqeric, qoxarkvelov datakan ishxanutyan ankaxutyan sxarshi tak nranq miyn orenq en xaxtum, carayecnum en [email protected] miayn irenc ev irenc vcharoxneri shaherin, vacharum en ardarutyunn u irenc [email protected] amenahin masnagitutyan ter kananc bnorosh dzeverov, uxaki duq erevi erbeve cheq arnchvel ayd atyanneri het teche hima azgayin zhoxov dzez anmex mi akumb kthvar, hamel mi ban et txen hech el xexch u krak hh qaxaqacu txa chi havataceq xexch u krak mardkanc anchapahas [email protected] brabusov 200 km/zham aragutyamb mard chen trorum