Մեկնաբանություններ

Չեն սիրում սվանները Միխեիլ Նիկոլոզովիչին և վերջ, կամ «վրացական վարդեր» հայ «եղբայրների համար»
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Որքան հարևան Վրաստանում ամրապնդվում են Միխեիլ Սաակաշվիլու դիրքերը և թուլանում վրացական նախկին քաղաքական վերնախավի ազդեցությունը, նույնքան ակտիվությամբ շրջանառության մեջ են դրվում Միխեիլ Նիկոլոզովիչի իբր հայկական ծագման կամ, լավագույն դեպքում, «հայասեր» քաղաքական գործչի մասին էժանագին քաղաքական կիքսերը: Ցավալին այն չէ, որ հայատյացությունը դրսևորվում է սեփական երկրի ընտրյալ ղեկավարին քննադատելու և նրա որդեգրած քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտելու ֆոնին: Ցավալին այն է, որ այս անշնորհակալ և էժանագին հնարքներին դիմում են իրենց մտավորական կոչող մարդիկ: Դեռ մի քանի ամիս առաջ էր, որ «աշխարհահռչակ» (ավելի ճիշտ՝ ռուսաստանահռչակ) Ռոբերտ Ստուրուան Միխեիլ Նիկոլոզովիչին «մեղադրեց» հայ լինելու մեջ, որը չի հասկանում վրացիներին ու Վրաստանը: Ստուրուային ձայնակցեցին մի շարք ազգայնական լրատվամիջոցներ և միևնույն ֆոբիաներով տառապող մի շարք hայ մտավորականներ: Մեր կայքում Ստուրուայի հայտարարությունների վերաբերյալ հրապարակված նյութերը երկար ժամանակ ծամծվում էին վրացական զանազան էլեկտրոնային և այլ լրատվամիջոցներում, որոնցում փորձ էր արվում սեփական ֆոբիաները վերագրել հայ մտավորականությանը: Սակայն ժամանակն ու պատմությունը լավագույն դատավորներն են: Չէին հասցրել հանդարտվել կրքերն «անզուգական» Ռոբերտ Ռոբերտովիչի հայտարարությունների շուրջ, և ահա նորից հայատյացության մի նոր նմուշի խոսքափունջ է հրապարակ նետվում վրացական «Ասավալի-դասավալի» լրատվական գործակալության կողմից: Երկկողմանի «հոդվածային փոխհրաձգությունից» հետո «հրադադարը» նորից խախտեցին վրացի մտավորականները` ի դեմս Մարդու իրավունքների և կրթության պաշտպանության կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Բիձինա Սավանելու: Սույն պարոնը հայտնի է Սաակաշվիլու վարչակարգի դեմ «բոցավառ ելույթներով», որոնք պարբերաբար հայտնվում են Youtube-ում (www.youtube.com/watch-v=7i6qsr1ED88), սակայն, ինչպես երևում է, վրաց ժողովուրդն ականջալուր չէ նրա կոչերին և չի պատրաստվում «թախտից գցել» երիտասարդ բարեփոխիչին: Բատոնո պրոֆեսորն այս անգամ չփորձեց հեծանիվ հնարել և գնաց իր ազգակցի (հետաքրքիրն այն է, որ ինչպես և Ստուրուան, սույն բատոնո Բիձինան ևս ազգությամբ սվան է)` Ռոբերտ Ստուրուայի բացած և մնացյալ վրաց ազգայնականների կողմից հիմնավոր կերպով տրորված ճանապարհով և մեկ անգամ ևս հրապարակ նետեց Սաակաշվիլու հայկական ծագման հին երգը: Պրոֆեսոր Սավանելին մի քայլ առաջ գնաց և վրաց-սվանեթական կծու-մռու համեմունքներ խառնեց Սաակաշվիլու հայկականության շիլաշփոթի մեջ: Վրաստանին ու մարդու իրավունքներին «անմնացորդ նվիրված» սույն իրավապաշտպանը «Ասավալի-դասավալի» գործակալության միջոցով դիմում է ՀՀ նախագահին և Ամենայն Հայոց հայրապետին՝ ՀՀ քաղաքացիություն տալ Սաակաշվիլուն, քանի որ. «Սաակաշվիլին իր նախագահության ընթացքում Հայաստանի համար ավելի շատ բարի գործեր է կատարել, քան` Վրաստանի և վրացի ժողովրդի համար» (https://news.am/arm/news/81704.html): Մինչ այդ չափազանց «մարդասեր» և «օրինապաշտ» պարոնը պահանջում է Վրաստանի սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն այդ երկրի քաղաքացիությունից զրկել Միխեիլ Նիկոլոզովիչին: Դուրս է գալիս, որ սույն «գիտունիկը» պահանջում է գործող նախագահից, որի մենաշնորհն է քաղաքացիություն տալն ու համապատասխանաբար զրկելը, ինքն իրեն զրկի քաղաքացիությունից: Հիվանդոտ և բավական վառ երևակայությամբ օժտված պարոնը կարող էր, օրինակ, իրենց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի նման քաղաքացիական դիրքորոշում որդեգրել և պահանջել նախագահ Սաակաշվիլուց՝ վերականգնել գործարար Բիձինա Իվանիշվիլու քաղաքացիությունը (https://regnum.ru/news/polit/1466704.html#ixzz1dfa19qaV ): Բայց այս պահին իրավապաշտպան պարոնին հետաքրքրում է Սաակաշվիլու «ազգային պատկանելությունը» և իրեն ու իր նմանների համար անտանելի ու ավելորդ «հայասիրությունը»: Տեսնենք, թե այդ ինչ «հայանպաստ հանցանքներ» է գործել Միխեիլ Նիկոլոզովիչը, որ ինքն իրեն պետք է զրկի Վրաստանի քաղաքացիությունից (եթե հետևենք պարոն Բիձինայի «երկաթյա տրամաբանությանը» և օրենքի տառին). «Միխեիլ Սաակաշվիլին Հայաստանին հանձնեց ճանապարհատրանսպորտային միջանցքը, օգնեց Աբխազիայում բնակվող հայերի տնտեսական և ապագայում քաղաքական դիրքերի հաստատման մեջ, ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ մշտապես հանդիպումներ է ունենում այնտեղի հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչների հետ»» (https://news.am/arm/news/81704.html)։ Սկսենք «իրավապաշտպան» պարոնի առաջին մտքից: Հաղորդակցման բարվոք պայմանների ստեղծումը և տարանցման հնարավորության տրամադրումը հարևանին, որից շահում են երկու կողմերը, դուր չի գալիս պարոն պրոֆեսորին, որը երևի երանությամբ է հիշում «գուրիական աղվես» Էդուարդ Շևարդնաձեի կառավարման տարիների անկառավարելի Վրաստանը, որտեղ մայրուղու վրա գտնվող յուրաքանչյուր գյուղում և ավանում ճամփեզրին մեկական տնակ էր դրված, և որպես արգելափակոց մայրուղու լայնքով պարան էր ձգված, իսկ տեղական բանդիտական խմբավորումներն անխտիր ու անպատիժ թալանում էին հայկական համարանիշերով բոլոր մեքենաները, կամ էլ երկրաշարժից տուժած և շրջափակման մեջ գտնվող Հայաստան եկող բեռները թալանվում էին վրացական նավահանգիստներում, երկաթուղային կայարաններում և պարզապես դեպի Հայաստան տանող ճանապարհին: Սաակաշվիլու կողմից օրինականության ամրապնդումը և բանդիտական խմբավորումների անզուսպ թալանը կասեցնելը, չգիտես ինչու, չափազանց «հայանպաստ» է թվում այս պարոնին, չնայած ցանկացած նորմալ հոգեկերտվածք և տրամաբանություն ունեցող մարդ պետք է միայն ուրախ լիներ Շևարդնաձեի կառավարման տարիների «բեսպրեդելի» վերացման համար: Բայց չէ, ավելի լավ է երկիրը մնա մեծ ճանապարհի ավազակների ճիրաններում, քան թե նորմալ ու քաղաքակիրթ տարանցման պայմաններ ստեղծվեն հարևան հայերի համար: Եթե կասեք, որ սա կենսաբանական մակարդակում գտնվող հայատյացության հերթական դրսևորում չէ, ապա էլ ինչպես կարող եք այն բնութագրել: Խոսքս հատկապես վերաբերում է մի շարք վրաց մեկնաբանների (Գուլբաատ Ռցխիլաձե և այլք), որոնք փորձում էին Ստուրուայի հետ կապված բանավեճի ընթացքում հակավրացական ֆոբիաներ «հայտնաբերել» հայ մտավորականության շրջանում: Պարզվում է, որ Սաակաշվիլու կողմից ՀՀ-ին տրամադրված միջանցքն օգնել է Աբխազիայում ապրող հայերին տնտեսապես ամրանալ և քաղաքական նորանոր դիրքեր նվաճել: Կարճ հիշեցնենք սույն պարոնին, որ Աբխազիայի հայությունը չի մեղավոր, որ բատոնո «գուրիական աղվեսն» ու «քաջարի» Մխեդրիոնին ռազմական ավանտյուրայի գնացին Աբխազիայում և դե ֆակտո ու դե յուրե կորցրին սևծովյա այս «փոքրիկ դրախտը»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ հայկական «գերհզոր» լոբբիի մասին վրացական մտավորականներին համակած սարսափին, նորից հիշեցնենք այս պարոններին, որ այն այնքան էլ հզոր չէ և դեռևս այնպիսի ուժ չի ներկայացնում Քեռի Սեմի արքունական շրջանակներում, որ Վրաստանում կամ այլ երկրում «հայազգի» նախագահներ բազմեցնի գահին:
Այժմ անդրադառնանք պարոն Բիձինային և վրաց բազում ազգայնական շրջանակներին չգիտես ինչու սարսափեցնող և, միևնույն ժամանակ, անբուժելի հայատյացության վիրուսով վարակող «հավերժ» թեմային` մինչխորհրդային Թիֆլիսին: Ոչ մի հայ մտավորական կամ իրեն հարգող ցանկացած հայ քաղաքական գործիչ երբեք չի հայտարարել, որ պատմական Թիֆլիսը հայկական քաղաք է։ Պատմական ճակատագրի և քաղաքական հանգամանքների բերումով դարերի ընթացքում հազարավոր հայեր ապրել ու ստեղծագործել են այս գեղեցիկ ու ազատ քաղաքում: Թիֆլիսն իրապես հայաշատ քաղաք է եղել, բայց ոչ երբեք հայկական: Եվ սա աքսիոմատիկ իրողություն է: Աքսիոմատիկ իրողություն է նաև այն, որ Թիֆլիսում հայերի կողմից կառուցված բազմաթիվ հոգևոր և քաղաքացիական կառույցներ կան, որոնք քաղաքի պատմաճարտարապետական զարդն են առայսօր, բայց այն բարբաջանքը, որ դուրս է տալիս պարոն պրոֆեսորը, կարծում եմ, արդեն վեր է քաղաքակիրթ մարդու ընկալման տիրույթից . «Շուտով Սաակաշվիլու և հայկական լոբիի ծրագրով հայերին պետք է վերադառնան այն միլիոնավոր գումարները, որոնք նրանք ներդրել էին մինչև հոկտեմբերյան հեղափոխությունը, իբր Թբիլիսիի վերակառուցման համար»: Ա´յ քեզ տխմարություն և ա´յ քեզ ազգայնական մոլագարության դրսևորում: Այս մարդուն միայն հոգեբույժը կարող է օգնել, որովհետև նման մթագնումներ ունեցողներին անհրաժեշտ է շտապ մեկուսացնել հասարակությունից:
Հետգրություն 1
Մեծագույն խնդրանքս ու հորդորս հայատյացությամբ տառապող և Սաակաշվիլու ցավ ունեցող վրաց պրոֆեսորներին, ռեժիսորներին, լրագրողներին և մյուս մտավորական այրերին ու տիկնանց: Եթե ձեր միջև ինչ-որ ներէթնիկ խնդիրներ ունեք կամ պաշտպանում եք որևէ հին կամ նոր կլանի շահերը, ապա բարի եղեք դրանում չխառնել հայությանը և հայ տեսակին ընդհանրապես: Հայերի մեղքը չի, որ սվան Ստուրուան, գուրուլի Շևարդնաձեն չեն սիրում կիսամենգրել Սաակաշվիլուն, կամ էլ Արևմտյան Վրաստանը չի ուզում հնազանդվել Արևելյանին:
Հետգրություն 2
Հայաստանը ոչ ձեր «վարդերի» և ոչ էլ, առավել ևս, «ծաղկային հեղափոխության» կարիքը չունի: Միխեիլ Նիկոլոզովիչին դուք եք ընտրել, և ձեր երկիրը նա իրապես ծաղկացնում է, և ձեր ծաղիկները ձեզ պահեք, աշխատեք դրանք չարտահանել, քանզի յուրաքանչյուր վարդ իր հողում է հոտավետ ու գեղեցիկ:
Գնահատում



Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
սահակյան միշիկի մերը վրացի է, իսկ հերը հայա. միշն պրիզնատ չիգալիս. նախ՝ ավելորդ առիթա իրան տշելու համար, 2րդ էլ հայերին իրոք չի սիրում, որովհետեվ վրացահայ հերը իրան մոր հետ բրախելա, կարծեմ դեռ իր ծնվելուց առաջ, մի գուցե մոր հետ ծանոթանալուց հետո հենց 2րդ օրը թե առավոտ, էդքան մանրամասն չգիտեմ: Դրա պատճառով միշիկն ազնիվ է երբ իսրտե է իրեն վրացի ներկայացնում Մի բան կցանկանայ նշել, որ ըստ բոլոր դեզ ազգամոլներին եթե լեվոն-սերժիկ-մերժիկ ոչ հայաստանցիներն ունեն իրավունք զբաղեցնելու ՀՀ նախագահի աթոռն, ապա՝ միշիկն էլ ունի նման իրավունք ՝ բա, ախպեր, հայա.. < a href="https://www.antirussia.org/sitemap.html">Yerevanci</a>