Մեկնաբանություններ

Ավելի լավ է սոցփաթեթ, քան ոչինչ
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Տեղեկատվությունն այն մասին, թե սոցիալական ապահովության նախարարության պետծառայողները մեկը մյուսի հետևից սեփական ցանկությամբ աշխատանքից ազատման դիմումներ են գրում, չի համապատասխանում իրականությանը։ «Օրերս սեփական ցանկությամբ աշխատանքից հեռանալու դիմում ստացվել է միայն մեկ պետծառայողից»,- «ԱԳ»-ին տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունում։
Այս ամենն սկսվեց այն բանից հետո, երբ պետծառայողները (որոնք պահանջում էին մինչև 2012թ. հունվարի 1-ը պետական ծառայողների աշխատավարձի բազային դրույքը պաշտոնապես հաստատել 111 հազար դրամի չափով) Facebook սոցցանցում խումբ ստեղծեցին և տեղադրեցին «Բաց նամակ Հայաստանի նախագահին և վարչապետին»։
Նամակում ասվում էր, որ համաձայն կառավարության 2008թ. հաստատած կայուն զարգացման ռազմավարության՝ պետծառայողների ամսական աշխատավարձի չափը 2011թ. ենթադրվում էր հասցնել մինչև 184 հազ. դրամի, իսկ քաղծառայողներինը՝ մինչև 184,5 հազար դրամի, 2012-ին՝ մինչև 207,8 և 208,5 հազար դրամի՝ համապատասխանաբար։
Մինչ ծառայողները գտնվում էին աշխատավարձի ավելացմանն սպասելու էյֆորիայի մեջ, ակնհայտ դարձավ, որ նրանց պահանջները ոչ միայն բարեհաջող կերպով անտեսվել են, այլև միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 2012-ին աշխատավարձերի ավելացում չի նախատեսում, ինչը նախատեսված է 2013-ի (10% աճ) և 2014-ի համար (20% աճ)։ Միևնույն ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը պետծառայողներին «ուրախացրեց» ավելի քան 100 հազար պետծառայողների համար սոցփաթեթի ներդրման իր փայլուն նախաձեռնությամբ, որի իրականացման նպատակով Հայաստանի 2012թ. պետբյուջեով նախատեսվում է 18 մլրդ դրամ։ Ավելացնենք, որ փաթեթը 100-120 հազար դրամի չափով անկանխիկ գումար է յուրաքանչյուր աշխատակցի համար, որը կարող է օգտագործվել չորս ուղղությամբ՝ բուժապահովագրման ձեռքբերում պետծառայողի և նրա ընտանիքի համար, հիփոթեկային վարկի տոկոսների մարում, վճարում ուսման և Հայաստանի ու Ղարաբաղի տարածքում հանգստի համար։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի բարի մտադրությունները պետծառայողները «սոցիալական խայծ» անվանեցին, և Facebook սոցցանցում լուրջ բանակռիվ սկսվեց։ Այսպես, պետծառայողների կարծիքով՝ նախ, անհասկանալի է, թե հատկապես ինչ բուժում է «ծածկում» սոցփաթեթը, և «ծածկո՞ւմ» է արդյոք ընդհանրապես։ Երկրորդ՝ պետծառայողների ունեցած նման ցածր աշխատավարձով ոչ մի բանկ ոչ միայն հիփոթեկային, այլև նույնիսկ սպառողական վարկ չի ձևակերպի։ Եվ այլն, և այլն։
Թե ինչով կավարտվի սեցփաթեթների հետ կապված պատմությունը «ստորադրյալների» համար՝ դժվար չէ կռահել. ոմանց կազատեն սեփական ցանկության համաձայն, մյուսներին կվախեցնեն սեփական ցանկությամբ ազատվելով, դե, իսկ բացարձակ մեծամասնությունը կհամակերպվի։ Ի վերջո, այս պետծառայողներին, ի տարբերություն ԱԷԿ-ի «անփոխարինելի» աշխատակիցների, ոչնչով շանտաժի չես ենթարկի, այնպես որ՝ նրանք ստիպված են սկզբում կուլ տալ վարչապետ Սարգսյանի փայլուն գաղափարը, իսկ հետո երախտապարտ լինել նրան՝ իրենց հանդեպ ցուցաբերած հայրական հոգատարության համար։
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն