Մեկնաբանություններ

Հանդուրժում եմ, հանդուրժում ես, հանդուրժում ենք: Ո՞ւմ և հանուն ինչի՞
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Համաշխարհային հանրությունը լոկալ կամ ռեգիոնալ պատերազմների, տարբեր տրամաչափի բռնապետերի դեմ ծավալած «փրկչական» արշավանքների արանքում չի մոռանում նաև զանազան տոներ, միջազգային օրեր ու նորօրյա հիշարժան ամսաթվեր սահմանել: Առավոտ լույսը ծեգի հետ մեր անհանդուրժողական բնությունն անակնկալ մատուցեց, և առատ ձյուն սկսեց տեղալ Հայաստանում` մոռանալով, որ այսօր հանդուրժողականության միջազգային օրն է, և մենք պարտավոր ենք հանդուրժել ոչ միայն բնության քմահաճույքները, սառցապատ փողոցներն ու դահուկորդ-չմշկորդ անցորդների հիշոցները, այլև այդ հիշոցների հասցեատերերին: Դե, հանդուրժողականությունը էն գլխից դարերի խորքից է դրված մեր գենետիկ համակարգի մեջ: Չնայած հայոց ծագման առասպելը բացվում է անհանդուրժող Հայկի մասին պատումով, որը չընդունեց տիտանյան Բելի բռնատիրական կառավարչակարգը և եկավ ու հաստատվեց Բաբելոնից հյուսիս գտնվող «դրախտային» մի երկրում: Թե ինչո՞ւ Հայկի սերունդներն այդքան հանդուրժող դարձան ներսի ու դրսի բռնակալների հանդեպ, «молчит наука»,- կասեր Վ.Վիսոցկին, բայց որ գենետիկ հանդուրժողականությունից տուժել ենք, տուժում ենք ու տուժելու ենք, գիտական ապացույցների կարիք հարկավ չկա: Կարծում եմ՝ կարիք չկա թվելու դրսեկ և տնաբույս այն բոլոր անհանդուրժողականներին, որոնց մենք հանդուրժել ենք անցյալում: Եղածը եղել է, անցել ու գնացել է, և ով անցյալը շատ հիշի, ոչ միայն աչքը դուրս կգա, այլև անվնաս մնացած մեն-մինակ մեկ աչքով քթի տակին տեղի ունեցողն ու ապագան չի տեսնի: Եկեք մեր մի աչքը անվնաս պահենք և այսօրվա առտնին ու մի քիչ էլ ապագայի հանդուրժողական տեսլականի մասին մտածենք:
Ժամանակի հովերով տարված մեր հասարակության մեջ ևս հայտնվեցին տարաբնույթ և տարանպատակ կազմակերպություններ, «հայկական ժողովրդավարության» ապագայի մասին չափազանց մտահոգ ՀԿ-ներ, որոնք մակուլատուրայի արժեք ունեցող տասնյակ թղթոններ հրատարակեցին հանդուրժողականության տարբեր դրսևորումների մասին: Պարզվում է, որ մեր հասարակությունը կարիք ունի հանդուրժողականության կանանց (թե երբ է հայ կինը անհանդուրժողականության մթնոլորտում ապրել, Աստված գիտի, մեկ էլ մեր պսևդոգենդերիստկաները), միասեռականների, աղանդավորների և այլ սոցիալական խմբերի նկատմամբ: Ոչ մի վատ բան դրանում չկա, և հանդուրժելն ու հանդուրժողականությունը կարծես թե ուժեղ ու ամուր հասարակական գիտակցություն ունեցող հասարակություններին բնորոշ դրական հատկանիշներն են: Նորից եմ կրկնում, խոսքը ամուր և կայացած հասարակությունների մասին է, որոնք ժողովրդավարություն կոչված կառավարչակարգին հասել են՝ անցնելով երկար, և շատ դեպքերում նաև՝ արյունալի, ճանապարհ (միայն Ֆրանսիան մի քանի արյունալի հեղափոխություններ և պետական համակարգի փոփոխությունների բերած ցնցումներ ապրեց 200 տարվա ընթացքում): Սրանք կարող են իրենց թույլ տալ հանդուրժողականություն, որոնց արդյունքները, պարզվում է, բավական ողբերգական կարող են լինել, երբ խոսքը գնում է մուլտիկուլտուրալիզմի մասին: Սակայն չմոռանանք, որ այս կայուն և հանդուրժող հասարակությունները մշակել են նաև կոպիտ ասած «հակահանդուրժողական» վարքականոնի որոշակի նորմեր, որոնք վերաբերում են կոռուպցիային, օլիգոպոլիային, տնտեսական մենաշնորհներին և այլ տնտեսական ու հասարակական-քաղաքական արատավոր երևույթներին: Արևմտյան արժեքներից սովորել կամ նմանակել եք ուզում, բարի եղեք սկզբում դրա աղի-լեղի պտուղները վայելել, որպեսզի հետո հաճելի լինի քաղցրի վայելքը: Բայց չէ, մենք ուզում ենք միայն քաղցրը վայելել, որը հայկական մետամորֆոզներին ենթարկվելու հետևանքով կարող է վերածվել ամենաթողության, «անձեռնմխելիների» ու «անխորտակելիների» կաստայի առաջացման, հասարակական գիտակցության դեգրադացման և իշխանական վերնախավի գիտակցության ոսկրափութի, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում մեր պետականությանն ու «ազատություններից արբեցած» հասարակությանը: Շատերն են սիրում խոսել իշխանության տարբեր թևերի հավասարակշռող մեխանիզմների հաստատման մասին, բայց քչերն են ցանկանում անդրադառնալ հասարակական հարաբերություններում բալանսի պահպանման խնդրին: Հանդուրժողականություն կոչվածը եթե միակողմանի կամ միաբևեռ է, ապա նրա արժեքն ու բերած օգուտը զրոյական է: Հանդուրժողականության բաժակն էլ կարող է մի օր լցվել, ինչպես լցվում է համբերության բաժակը, սակայն վերջինս անծայր է ու անլցնելի, բայց հանդուրժողականությունը չի կարող երկարաժամկետ ու հավերժ լինել: Այստեղ խոսքն առավել շատ վերաբերում է ոչ այնքան ներհասարակական հանդուրժողականության ոլորտին, որն ինքնակարգավորվող և ոչ այնքան ցավոտ գործընթաց է, այլ քաղաքական իշխանություն-օլիգոպոլիաներ, «անձեռնմխելիներ», «հերոսական գեներալներ» և նմանատիպ այլ մակաբուծային միավորներ հանդուրժողականության դրսևորման ցավալի խնդրին: Արդյո՞ք նորմալ է հանդուրժողականություն ցուցաբերել (չեմ ասում ներողամտություն) կին ծեծող մարզպետի նկատմամբ, երբ ուղիղ մեկ տարի առաջ արարողակարգի չինովնիկին մեկ թաթալոշ տալու համար պաշտոնից հեռացվեց մայրաքաղաքի քաղաքապետը: Իսկ կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես կարող է երկրի քաղաքական իշխանությունը հանդուրժողականություն ցուցաբերել «հերոսական գեներալների» նկատմամբ, որոնք հերիք չէ բոշից-փաշա են դարձել, դրան գումարած էլ՝ գավառական բդեշխների են վերածվել և երկրում շրջում են միայն ողնուղեղին ապավինած թիկնապաներով լեցուն մեքենայացված շարասյունով (չնայած «հերոսի» մամլո խոսնակը պնդում է, որ իր ղեկավարը թիկնապահներ չունի և մեկ-մեկ էլ հանրային տրանսպորտից է օգտվում, երևի նկատի ունի «գեներալապատկան» երթուղային տաքսիներն ու Նիկոլ ցարի շրջանից մնացած դրանդուլետ-ավտոբուսները): Երկրի քաղաքական իշխանությունը արդյո՞ք բարոյական է համարում հանդուրժողականություն ցուցաբերելը մենաշնորհներից օգտվող և ԱԺ-ում առոք-փառոք բազմած օլիգարխների հանդեպ, որոնք, չքմեղանալով հայտարարում են, որ այլևս բիզնեսով չեն զբաղվում, չնայած տեղյակ են, որ մեր շաքարը բարձր որակ ունի, կամ էլ գարեջրի գործարան են բացում հարևան Վրաստանում: Հանդուրժել նման կատեգորիայի անձանց գոյությունը և նրանց արարքները, նշանակում է ընդունել իրերի ներկա վիճակը՝ որպես կատարված կամ հաստատուն իրողություն, կամ դրա դիմացն առնելու անկարողություն: Երբեք չէի ցանկանա որպես իրողություն ընդունել անկարողության մասին ասածս վերջին միտքը, և դեռևս գոնե ինձանում չի մարել հույսը, որ մեր երկրի քաղաքական բարձրագույն իշխանությունը մի կարգին ու արմատական անհանդուրժողականություն կցուցաբերի վերը հիշված անհանդուրժելի ու արատավոր երևույթների ու անձերի նկատմամբ:
Մեկ-մեկ մտածում ես, որ մեր երկրում անհանդուրժողականությունն առավել շատ օգուտներ կարող է բերել, քան անատամ ու անողնաշար հանդուրժողականություն կոչվածը, որից մինչև անիշխանություն, քաոս ու անարխիա, մեկ քայլ է միայն:
Հետգրություն 1
Կաստաների կամ վարնաների հայրենիք Հնդկաստանում «անձեռնմխելիները» հասարակության ստորագույն շերտն են կազմում, որոնց պարտականություններից մեկը փողոցներում սատկած անասունների դիակների հավաքումն ու հրկիզումն է: Մեր «անձեռնմխելիներից» շատերն այս ճանապարհով են սկսել, բայց հայկական ասացվածքին հետևելով. «Սատկած էշ են գտել ու նալերը քաշել են»` դառնալով նորօրյա գեղցի նաբոբներ, որոնց նկատմամբ էլ, հույս ունենք, կցուցաբերվի ոչ տոլերանտ (հատուկ չեմ գրում հանդուրժողական, որովհետև տոլերանտ բառը սրանցից շատերը չեն հասկանա և կընկնեն մտածմունքների մեջ…) վերաբերմունք։
Հետգրություն 2
Շատ հետաքրքիր է, թե ինչու Հայաստանում գրանցված բազմաթիվ կանանց շահերը պաշտպանող և հանդուրժողականություն քարոզող կազմակերպությունները մինչև այսօր չեն դատապարտել իրենց սեռի գործարար ներկայացուցչին աքացիներ տվող «հերոս-մարզպետին», թե՞ սպասում են հրահանգի…
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն