Մեկնաբանություններ

«Հրապարակի» արջի ծառայությունը կամ՝ խոսքի ազատություն մասնավոր շահերից ելնելով
Լուիզա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Վերջին ժամանակներս «Հրապարակ» թերթում հայտնվել է հոդվածների շարք ընդդեմ հայրենական ամենահայտնի փաստաբաններից մեկի՝ Արթուր Գրիգորյանի։ Մեր որոշ գործընկերներ սկսել են տիրաժավորել «Հրապարակի» հրապարակումները։ ԶԼՄ-ի նման արձագանքը հիմնականում կարող էր թելադրված լինել նրանով, որ Արթուր Գրիգորյանը հայց էր հարուցել այդ թերթի դեմ՝ որպես իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում պահանջելով 18 մլն դրամ։ Նշենք, որ առաջին անգամ է այդ հոդվածով հարուցված հայցի գումարը հասել այդքան մեծ չափի։ Բնականաբար, ԶԼՄ-ների մեծ մասը միավորվել է փաստաբանի դեմ, ինչի շնորհիվ պատասխանող թերթի նյութերը, որոնք հանգամանքների այլ բերումով առանձնակի ուշադրության չէին արժանանա, սկսեցին պարբերաբար արծարծվել տարբեր թերթերում և կայքերում։ Իսկ հոդվածների բովանդակությունն այն է, որ Ա.Գրիգորյանի մի քանի նախկին հաճախորդներ, որոնք դժգոհ են մնացել Մարդու իրավունքների գծով եվրոպական դատարանի վճիռներից, սկսել են «Հրապարակի» միջոցով մեղադրել իրենց անհաջողակ փաստաբաններին։
Ինչպես հայտնի է, ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքը Փաստաբանների պալատին պարտավորեցնում է կարգապահական վարույթի գործընթաց հարուցել այդ թվում և փաստաբանների նկատմամբ, եթե համապատասխան դիմում կա։ Այդ թվում և ԶԼՄ-ների միջոցով։ Օրենքի այս պահանջից ելնելով՝ ՀՀ Փաստաբանների պալատը որոշում ընդունեց Ա.Գրիգորյանի դեմ կարգապահական վարույթ հարուցել։ Պալատն իր կոլեգիայում հերթական անգամ ընդգծեց, որ կարգապահական վարույթի հարուցումը փաստաբանի գործողությունների գնահատական չի նշանակում։ Վարույթի հարուցման նպատակը Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված փաստերի մանրակրկիտ, համակողմանի և պրոֆեսիոնալ ստուգման անցկացումն է։ Դա հնարավորություն է տալիս Փաստաբանների պալատի խորհրդին կշռադատված և օբյեկտիվ կարծիք կազմել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք շարադրված են հրապարակումներում, և արդարացի վճիռ կայացնել։
Վերոնշյալի համատեքստում մենք խնդրեցինք Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հայկ Ալումյանին պարզաբանել իրավիճակը։
- Դուք ինչպե՞ս եք քվեարկել։ Կո՞ղմ եք կարգապահական վարույթին, թե՞ ոչ։ Եվ ինչո՞ւ։
- Անկեղծ ասած՝ ես քվեարկությանը չեմ մասնակցել, քանի որ ինքնաբացարկ եմ հայտարարել։ Դրա համար էլ քվեարկության քննարկումների ընթացքը չեմ մեկնաբանի։ Ասեմ միայն, որ այդ վարույթի հարուցումն ամենևին էլ չի նշանակում փաստաբանի մեղքի ընդունում։ Այդ որոշմամբ ընդամենը մեկնարկ է տրվում կարգապահական հանձնաժողովի կողմից քննության անցկացմանը՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Անշուշտ, սա ճշմարտությունը բացահայտելու անհամեմատ ավելի քաղաքակիրթ ձև է, քան թերթերի էջերում փաստաբանին մրոտելը։ Ինչպեսև վերջինի պատասխան փորձերը՝ մամուլի միջոցով ապացուցելու իր ճշմարտացիությունը։ Կարծում եմ, որ կարգապահական վարույթի ընթացքում կպարզվեն խնդրի բոլոր մանրամասները, և այս վարույթը բաց ու հասանելի կլինի շահագրգիռ բոլոր անձանց համար։ Ի դեպ, դրա արդյունքները կարող են վիճարկվել դատական կարգով։ Ի վերջո, Փաստաբանների պալատը, որը, մի կողմից, պարտավոր է պաշտպանել փաստաբանին ապօրինի ոտնձգություններից, մյուս կողմից՝ անհապաղ արձագանքել փաստաբանների հաճախորդների իրավունքների ոտնահարումներին, կարող է ձևավորել իր տեսակետը ոչ թե թերթի հոդվածների և ցածրամշակույթ մեկնաբանությունների, այլ փաստերի ճիշտ վերլուծության հիման վրա։ Այնպես որ՝ ես միայն ողջունում եմ վարույթի հարուցումը։
- Իսկ ինչո՞ւ չմասնակցեցիք քվեարկությանը։
- Էթիկական նկատառումներից ելնելով, պրն Գրիգորյանի հետ ունեցած վաղեմի բարեկամական կապերի պատճառով։
- Մենք շոշափեցինք գործի միայն մի կողմը։ Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ 18 մլն դրամի հայց է հարուցվել թերթի դեմ։ Չէ՞ որ դա հսկայական գումար է։
- Ես ծանոթ չեմ ոչ հայցադիմումին, ոչ էլ դատավարության ընթացքին, ուստի, դժվար է մեկնաբանել այդ թվի հիմնավորվածության հարցը։ Բայց այն, որ «Հրապարակ» թերթն իր էջերում այնպիսի մեկնաբանություններ է զետեղել, որոնց համար պարտավոր է պատասխանատվություն կրել՝ փաստ է։ Հարցը միայն գումարի մեջ է։ Գուցե, այն ինչ-որ մեկին չափազանց մեծ թվա, իսկ ինչ-որ մեկին էլ՝ հակառակը։ Այստեղ միանշանակ պատասխան չկա։ Ես կանխատեսում եմ, որ դատարանի համար վճիռ կայացնելը հեշտ չի լինելու։
Կարծում եմ, որ «Հրապարակ» թերթն արջի ծառայություն է մատուցել ԶԼՄ-ներին, քանի որ այս ամբողջ պատմությունը զարգանում էր ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Քաղաքացիական օրենսգրքի այն դրույթների սահմանադրականության հարցի քննարկումից անմիջապես առաջ, որոնք նախատեսում են թույլատրելի ֆինանսական պատժամիջոցներ ԶԼՄ-ների դեմ։ Չափից ավելի ցինիկ արտահայտությունները, որ թույլ է տվել «Հրապարակն» իր կայքում, կարող էին տեսակետ ձևավորել, թե Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող դրույթները, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պահպանել, որպեսզի այսուհետ մարդկանց զերծ պահեն մամուլի նման հարձակումներից։ Չէ՞ որ պաշտպանության կարիք ունեն ոչ միայն ԶԼՄ-ները։ Երբեմն այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, երբ անհրաժեշտ է մարդկանց պաշտպանել նրանցից, ովքեր չարաշահում են խոսքի ազատությունը սեփական շահերից ելնելով՝ օգտագործելով իրենց թերթերի էջերն անձնական հաշիվներ պարզելու համար։ Ընդ որում՝ չխորշելով ամենալպիրշ արտահայտություններից։
Իսկ ինչ վերաբերում է ԶԼՄ-ների և հասարակության վերաբերմունքին խոսքի ազատությանը, պատվի ու արժանապատվության ոտնահարմանը, զրպարտությանը և այլն, ապա պետք է ասենք, որ յուրաքանչյուր ոք Հայաստանում այս հասկացությունները մեկնաբանում է բացառապես իր աշխարհայացքի պրիզմայի միջով և իր շահերից ելնելով։ Եթե որևէ մեկին վիրավորել և զրպարտել են ԶԼՄ-ում և փորձ է արվում դատական կարգով պաշտպանել պատիվն ու արժանապատվությունը, ապա ԶԼՄ-ի համար դա ոտնձգություն է խոսքի ազատության դեմ։ Եթե թերթը կաշառք է վերցնում (ինչը դրամաշորթությանը հավասար երկրում թերթերի մեծամասնության գոյության հիմնական ու գլխավոր աղբյուրն է) և ուրիշներին վարկաբեկող նյութեր հրապարակում, ապա դա նրա համար խոսքի ազատության դրսևորում է։
Կարծում ենք՝ անհրաժեշտ է օրենսդրորեն հստակ սահմանել զրպարտության և վիրավորանքի հասկացությունները։ Եթե առաջինի դեպքում կարելի է հեշտ կողմնորոշվել (ասենք՝ եթե հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ դրանում ներկայացված փաստերը գոյություն չունեն, նշանակում է՝ այդ հրապարակումը կարող է դիտարկվել որպես զրպարտանք, ինչպես դա տեղի ունեցավ Քոչարյանի ընտանիքի և «Հայկական ժամանակի» պայքարի դեպքում), ապա վիրավորանքի պարագայում շատ ավելի բարդ է։ Թե ինչը վիրավորանք ընդունել և ինչու՝ ոչ մի տեղ ամրագրված չէ, և այս գլուխկոտրուկը դեռ երկար կտանջի դատական մարմիններին ու գործընթացում ներգրավված կողմերին, քանի որ լրիվ սուբյեկտիվ մեկնաբանության առարկա է հանդիսանում։
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն