Մեկնաբանություններ

Մարդն անկախ իր կամքից «մի մուշտի էր տվել», էլ բերդ նստեցնելս որն էր, կամ՝
որքան մտահոգ է նախկին ոստիկանապետն իր նախկին «ընկերոջ» խափանման միջոցի հարցով
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Մեր ժողովրդի կյանքում այսպես կոչված բարոյական հաղթանակներ շատ են եղել, բայց որ վերջերս նաև «բարոյական պարտությունների» ենք ականատես լինում՝ արդեն շատ հետաքրքիր է: Երկարամյա ընկերոջդ, որը 30 տարի ծառայել է էս երկրի համար, փուռն ես տալիս, «բերդի ուղեգիր» ստորագրում, հետո էլ սրտաճմլիկ խոսքեր արտասանում նրա հասցեին: Կամ աշխարհն իրապես շուռ է եկել, կամ էս հասարակության բանականությունը և հասարակ բարոյականությունը չկորցրած հատվածը սկսել է ոչինչ չհասկանալ: Ինչպե՞ս կարող են օրինավոր մարդու ուղեղում տեղավորվել արդեն նախկին ոստիկանապետի և ՀՀ թիվ 1 պաշտոնյայի ներկա խորհրդականի մտքի գոհարները, որոնցից ոչ միայն փարիսեցիություն է «բուրում», այլև նախկին օրինապահին ոչ վայել և տրամաբանության մեջ չտեղավորվող դատողություններ է պարունակում: Արդ, ի՞նչ է պատահել, և ինչո՞ւ է Ալիկ Սարգսյանը «բարոյական պահով» այդպես ոգևորվել և «Ազատություն» ռ/կ-ին տված այսօրվա հարցազրույցում լսողի լացն առաջացնող մտքեր արտահայտել: Ոմանք կասեն, որ մարդու խիղճն է արթնացել և չի ուզում վաղեմի ընկերոջն այլևս տեսնել ճաղերի հետևում, մյուսների կարծիքով՝ երևի, մեղքերի յուրատեսակ քավության պես մի բան է այս հարցազրույցը, բայց կասկածամտության որդը հուշում է շատերին, որ երեկվա դատական նիստի ժամանակ Մարգար Օհանյանի արտաբերած և սպառնալիք հիշեցնող մտքերը բավական նեղ վիճակի մեջ են գցել Ալիկ Սերգեյիչին: Չեմ կարող հաստատել վերջինը, որովհետև առանց լուրջ փաստերի եզրահանգումներ անելն անշնորհակալ և անբարո գործ է: Թե ինչ կասի և ում մասին բացահայտումներ կանի Մարգար Օհանյանը՝ կապրենք, կտեսնենք, բայց որ մարդն իրապես զոհ դարձավ կոռուպցիոն համակարգի խաղի կանոնների խախտմանը` փաստ է: Այն հանգամանքը, որ Օհանյանը «սրբորեն» պահպանում էր կոռուպցիայի «բարոյական կոդեքսը», շատերը գիտեն, և նա առանց որոշակի ցուցումի երբեք այդ կոդեքս կոչվածի սահմաններից քայլ անգամ դուրս չէր դնում, ուր մնաց առանց որոշ հզորների գիտության բենզին յուրացներ, այն էլ՝ ահռելի չափերով: Օհանյանի «հավատարմությունը կոդեքսին» շատերը գիտեին, և ես լավ եմ հիշում, որ բարեկամներիցս մեկը, որը բավական լավ և մտերիմ հարաբերություններ ուներ ՃՈ նախկին պետի հետ, խնդրել էր նրան օժանդակել պարզեցված ձևով վարորդական իրավունք ստանալու համար: Մարգար Օհանյանը կտրուկ պատասխանել էր իր հին ծանոթին, որ դա անհնար է, քանզի վերևից խիստ արգելք է դրված այս տիպի գործարքներ կատարելու վրա: Այսինքն՝ մարդն ինքնագլուխ չէր խախտում ընդունված տաբուները և, որպես «ազնիվ կոռուպցիոներ», պահպանում էր խաղի կանոնները: Թե ինչու այսքանից հետո Մարգար Օհանյանը դարձավ քավության նոխազ և «կոռուպցիայի դեմ պայքարի թամաշայի առարկա»՝ նույնպես դժվար է ասելը, բայց որոշ բաներ գուշակել կարելի է: Նախագահ Սերժ Սարգսյանի ամենաանհաջող (բնականաբար, վարչապետ Տիգրան Սարգսյանից հետո) նշանակումը գնդապետ Ալիկ Սարգսյանին ոստիկանության պետի պաշտոնը վստահելն էր և, միևնույն ժամանակ, ամենահաջող հրամանագրերից մեկը (ափսոս, վարչապետ Տիգրան Սարգսյանից առաջ)՝ Ալիկ Սեգեյիչին այդ պաշտոնից ազատելունը: Ալիկ Սերգեյիչը չգիտեմ իր որ թաքուն զգայարանով զգացել էր ազատման վտանգը, և այն կանխելու համար մի քանի այսպես կոչված աղմկալի բացահայտումներ կատարեց, որոնցից մեկն էլ Մարգար Օհանյանի գործն էր, բայց շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը, և պաշտոնազրկությունից հետո երևի մարդու մեջ գլուխ բարձրացրեց նախկին ընկերոջ ներկա կարգավիճակի մասին խղճահարությունը, որին թույլ տվեք չհավատալ: Ինչպե՞ս կարող եմ հավատալ մի մարդու և բարձր պաշտոններ զբաղեցրած ու այժմ էլ զբաղեցնող անձի, որը պատրաստ է հարկ եղած դեպքում գնալ դատավորի մոտ և խնդրել նրան փոխել Մարգար Օհանյանի խափանման միջոցը, չնայած ինքն էլ լավ հասկանում է, որ ոչ միայն չի գնա, այլև դա ինքն իրենով ապօրինի քայլ է: Բայց թե մարդն «անհարմար է զգում» և չի գնում այդ քայլին: Կարևորն այն է, որ կա ցանկություն, բա քիչ բան է ցանկանալը, ինչ հոգ, թե գործն ու ցանկությունը տրամագծորեն տարբեր բաներ են: Թողնենք պարոն Սարգսյանի բարոյական զեղումներն իր խղճին, և վերջապես՝ կա երկնային դատավոր, որի դատաստանից խուսափել չենք կարող մենք, եթե նույնիսկ չենք էլ ընդունում նրա գոյությունը: Գանք պարոն խորհրդականի մտքի մի քանի գոհարներին, որոնք մտահոգվելու տեղիք պետք է տան ոչ միայն մեզ` շարքային մեղավորներիս կամ ՀՀ քաղաքացիներիս, այլև այն անձին, որին «խորհուրդներ» է շռայլում Ալիկ Սերգեյիչը: Խնդրեմ՝ նրա մտքերն առանց ընդմիջարկումների. «30 տարի նա այս երկրին ծառայել է, ասենք՝ մի անգամ սխալվել է, վնասն էլ վերականգնված է, չարժի նրան դատել որպես սովորական հանցագործի, ասել` քրեական հանցագործ է, թող գնա միանգամից բերդում նստի, որովհետև կարող է խանգարել» (https://www.azatutyun.am/content/article/24447343.html): Դե, հիմա ինձ բացատրեք, հարգելի ընթերցողներ և ՀՀ քաղաքացիներ, զինչ կցուցանե Ալիկ Սերգեյիչի առակը: Իսկ առակը շատ պարզ բան կցուցանե: Տիկնայք և պարոնայք պետական խոշոր ու մանր տրամաչափի չինովնիկներ, սխալվեցե´ք, այսինքն՝ գողացեք որքան ձեր սիրտը կուզի կամ գրպանները կտեղավորեն, իսկ եթե հանկարծ միամիտ տեղը բռնվեցիք, ոչինչ, վերականգնեցե´ք հասցված վնասը և 3 մլն գրավով դրսում ֆռֆռացեք, բա ամոթ չի՞ ձեզ համար նստել բերդում հավ գողացող «իրական հանցագործների» հետ, բա բերդը ձեր տեղն է՞, կամ՝ բալանդան հո քյաբաբ չի, դուք հո մի քանի տասնյակ տարի ծառայել եք էս երկրին: Այսինքն՝ դուրս է գալիս, որ կես միլիոն դոլարի հափշտակությունը մի տեսակ սխալմունք է և կարելի է «սխալվածի» հանդեպ ներողամտություն ցուցաբերել կամ փափուկ պատիժ սահմանել: Իմ կարծիքով՝ մեկնաբանություններն ավելորդ են, և ցավոք, այս դրվագը հերթական ապացույցներից է, թե ինչ մարդիկ են պահպանել օրինականությունը մեր երկրում և ինչպես է փարիսեցիությունը որոշ չինովնիկների շնորհիվ դառնում բարոյական կատեգորիա մեր երկրում: Ահավասիկ ասածիս վառ օրինակը Ալիկ Սերգեյիչի «կատարմամբ». «Հիմա ամեն ինչ կանեի, որ այս ամեն ինչը եղած չլիներ, նա դրսում լիներ, որովհետև իմ համար իրոք շատ ծանր է, շատ վատ բան եղավ իմ կենսագրության մեջ` անկախ իմ կամքից» (https://www.azatutyun.am/content/article/24447343.html):
Հետգրություն 1
Հավանաբար, Վ.Վիսոցկու հերոս Ժեգլովի հայտնի ասույթի հետ համաձայն չէ Ալիկ Սերգեյիչը և գտնում է, որ գողը ոչ թե բանտում պետք է նստի, այլ նա լավ տղա է, թող դրսում մնա, կամ էլ՝ կարող է պատահի Մարգար Օհանյանն իսկապես յուրացնող չէ, և մարդուն «անմեղ տեղը» դատում են: Ի՜նչ իմանաս, մեծ աշխարհ ու պստիկ և անըմբռնելի հայկական իրականություն:
Հետգրություն 2
Ես չգիտեմ՝ Ալիկ Սարգսյանը հասկանո՞ւմ է, որ այս հարցազրույցն իր իսկ «բարոյական պարտության» վկայությունն է, որը նաև մեր հասարակության նույնատիպ պարտությունն է, որովհետև պարտվողներն էլ են այս հասարակության մասը կազմում և, ինչո՞ւ չէ, նրա այսպես կոչված «էլիտան» են հանդիսանում:
Գնահատում



Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
БРАВИССИМО!!!!