Մեկնաբանություններ

Վազգեն Խաչիկյանի երազանքները և Վովա Գասպարյանի մտադրությունները
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Երբ անցած տարի Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը՝ Հանրապետական կուսակցության ակտիվիստներից մեկը, պաշտոնանկ արվեց Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո բացահայտված լուրջ ֆինանսական խախտումների մասին աղմկալի սկանդալի ֆոնին, «Ազգային գաղափարը» գրել էր, որ կանցնի մեկ-երկու տարի, և Վազգեն Խաչիկյանն աստիճանաբար «շարք» կվերադառնա... Ճիշտ էլ գուշակել էր։
Օրերս մամուլում տեղեկատվություն երևաց, թե «ջահելն» ուզում է որպես խորհրդարանի պատգամավորի թեկնածու առաջադրվել Լոռու մարզի Ախթալայի միամանդատ օկրուգում։ Հաշվարկը ճիշտ է արվել, քանի որ Խաչիկյանը շանս ունի «անցնելու» եղբոր՝ Ախթալայի քաղաքապետի տարածքում։ Սակայն շուտով, խաչիկյանական ավանդույթի համաձայն («մեկ էլ տեսար կպավ, և խայծը կուլ տվեցին»), ինքն էլ հերքեց տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ ոչ միայն պատգամավոր դառնալու ցանկություն չունի, այլև չի էլ ցանկանում ընդգրկվել ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակում։
Ի՞նչ ասենք։ Նախ՝ սկզբում հիշեցնենք, որ Հայաստանի Վերահսկիչ պալատը 2010թ. մարտի 21-ին ներկայացրել է հաշվետվություն Սոցիալական ապահովության պետական ծառայության թոշակների և նպաստների վճարումների համակարգում անցկացված ստուգումների մասին։ Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարեց ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանը, խախտումները համակարգում հասել էին խոշոր ծավալների, ինչն էլ հիմք էր հանդիսացել նույն թվականի դեկտեմբերին Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին պաշտոնանկ անելու համար։
«Անցկացված ստուգումների արդյունքում մենք հայտնաբերել ենք բազմաթիվ խախտումներ, որոնց թվում ամենաբնութագրականը մահացած քաղաքացիներին թոշակներ վճարելն է (մոտ 60 հազար մարդ 2008-2010թթ.)»,- տեղեկացրել է Զաքարյանը՝ ճշտելով, որ ՎՊ-ի կողմից ստուգված 843 գործերից ավելի քան 580-ի դեպքում խախտումներ են բացահայտվել։ Զաքարյանը նշեց նաև մահացած թոշակառուներին կամ Հայաստանի սահմաններից դուրս մշտական բնակության մեկնած անձանց ամենամսյա թոշակներ վճարելու բազմաթիվ փաստերի մասին։ Եվ այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պատկառելի գումարներ են յուրացրել ոչ միայն ծառայության աշխատակիցները, այլև ավելի բարձր կարգի պաշտոնյաները։ Հավաստի տեղեկություններով՝ հափշտակվող միջոցները գոյանում էին թոշակների և նպաստների չափերի հետ կապված մեքենայությունների արդյունքում, որոնք շրջանառության մեջ էին դրվում ֆոնդային բորսաներում և բանկերում՝ մեծ շահույթ բերելով չինովնիկներին։
Երկրորդ՝ գլխավոր դատախազությունը սույն փաստով քրեական գործ է հարուցել, և նշված գործով կազմված նյութերը հիմա գտնվում են Հայաստանի ոստիկանության գլխավոր քննչական վարչության առանձնապես կարևոր գործերի հետաքննության վարչության վարույթում։
Գուցե Ալիկ Սարգսյանի օրոք Խաչիկյանին հաջողվեր իրականացնել իր թաքուն երազանքը, սակայն Վովա Գասպարյանը միանգամայն այլ պլաններ ունի։ Մեր ունեցած տեղեկություններով՝ երկրի գլխավոր ոստիկանը խիստ հետաքրքրված է այդքան աղմկալի գործի շուտափույթ բացահայտմամբ։ Ի հաստատումն ասվածի՝ նշենք, որ Վազգեն Խաչիկյանը որպես վկա դեկտեմբերին արդեն երկու անգամ հարցաքննվել է ոլորտում հայտնաբերված չարաշահումների և խախտումների փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում։ Ավելին, ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ դեկտեմբերի վերջին գործերի մեկի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։
Այսպիսով, ակնհայտ է, որ Վազգեն Խաչիկյանի երազանքը մանդատի մասին, այնուամենայնիվ, երազանք կմնա...
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն