Մեկնաբանություններ

Տնտեսությունում ավելի շուտ անկում է, այլ ոչ թե աճ...
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Տնտեսական աճը Հայաստանում 2012 և 2013թթ. կկազմի 4,1 և 4,4՝ համապատասխանաբար, նշվում է ՄԱԿ «Համաշխարհային տնտեսական դրությունը և հեռանկարները 2012թ.» տնտեսական զեկույցում։ Հրապարակված զեկույցում նշվում է, որ 2011թ. ԱՊՀ երկրներում տնտեսական ակտիվություն է նկատվել, թեև 2008թ. համեմատությամբ աճի տեմպերն այնքան էլ բարձր չեն։
Զեկույցի համաձայն՝ ՀՆԱ իրական աճի տեմպերը 2011թ. Հայաստանում կազմել են 4,3%, ինչը երկու անգամ բարձր է 2010թ. ցուցանիշից։ Ընդ որում՝ մեր երկրի տնտեսական աճը գերազանցում է ԱՊՀ տարածքի տնտեսական զարգացման գլխավոր լոկոմոտիվի՝ Ռուսաստանի տնտեսական աճը։ Մենք 4,7 անգամ առաջ ենք անցել նաև Ադրբեջանից...
Այսքան լավատեսական պատկերը, որտեղ մեր հայրենական տնտեսությունն առաջ է անցնում այդ առումով անհամեմատ ավելի հզոր Ռուսաստանին, առնվազն տարօրինակ է թվում։ Այնինչ, թվերի հետ, այնուամենայնիվ, դժվար է վիճել։ Արժե, սակայն, առաջին հերթին ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքին։ Բանն այն է, որ տնտեսական աճի համար մենք պարտական ենք... այն անկմանը, որը գրանցվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի դեռ առաջին ալիքի ժամանակ։ Այս ֆոնին անցած տարվա անգամ ամենաաննշան աշխուժացումը տոկոսային արտահայտությամբ պատկառելի է թվում։ Մինչդեռ, այս հանգամանքն էլ հենց բացատրում է, թե ինչպես է Հայաստանն այս ցուցանիշով առաջ անցել Ռուսաստանից, որի անկումն այդքան էլ կտրուկ չի եղել...
Ավելացնենք, որ վերոնշյալ զեկույցի հիմքում ընկած են Հայաստանի ազգային վիճծառայության տվյալները։ Այժմ բացենք այն տվյալները, որոնք վերաբերում են, օրինակ, հայրենական արդյունաբերության վիճակին 2011թ.՝ 2010-ի համեմատ։ Իսկ ավելի կոնկրետ՝ արտադրության այն ճյուղերին ու ոլորտներին, որոնցում կտրուկ աճ է գրանցվել։ 2011թ. հունվար-նոյեմբերին (2010-ի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ) 2 անգամ ավելացել է մետաղահատիչ հաստոցների արտադրությունը, 7,3 անգամ՝ պոմպերի, 2,8 անգամ՝ լոլիկի մածուկի, 2 անգամ՝ մրգերի, 2,4 անգամ՝ կետչուպի, 7,3 անգամ՝ սինթետիկ կորունդի արտադրությունը։ Բացի այդ, 2011թ. վիճակագրական տվյալներում տեղ են գտել հայրենական արդյունաբերության այնպիսի արտադրատեսակներ, որոնց արտադրությունը 2010թ. չի եղել։ Ավելի ճիշտ՝ այդպիսի արտադրանքի միայն մեկ անվանում կա՝ ավտոմեքենաների կուտակիչներ։ Իսկ ահա այն արտադրատեսակների ցանկը, որոնց արտադրությունը 2011թ. կրճատվել է անցած տարվա համեմատ կամ ընդհանրապես դադարեցվել է. հայրենական արդյունաբերության արտադրացանկից անհետացել են էմալապատ փաթթոցալարերը, մոնտաժային լարերը, ճկուն մալուխները, սինթետիկ կաուչուկը։ 4,7 անգամ կրճատվել է բարձր հզորության տրանսֆորմատորների արտադրությունը, 2 անգամ՝ խանութների սառնարանների, 24 անգամ՝ կաուստիկ սոդայի, 1,7 անգամ՝ շինափայտի, 3,2 անգամ՝ սղոցանյութերի, 6,5 անգամ՝ մանրահատակի, 2,8 անգամ՝ տրիկոտաժի, 56 անգամ՝ ձկան պահածոների, 1,7 անգամ՝ մսի պահածոների, 61,5 անգամ՝ ֆերմենտացված ծխախոտի արտադրությունը։
Միանշանակ, բերված թվերը բոլորովին էլ չեն վկայում, թե 4,3 տոկոսանոց տնտեսական աճ լինել չէր կարող։ Սակայն սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ, ասենք, արտադրական հատվածում անկում է գրանցվել, այլ ոչ թե աճ։ Ուստի, հազիվ թե ՄԱԿ զեկույցի լավատեսական տվյալները չափից ավելի հուսավառող լինեն։
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն