Մեկնաբանություններ

Բռնվեցին աղավնյակները
Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցությունն առանձնացավ ընտրությունների վերահսկման միացյալ շտաբից, «շտաբականներին» ենթակա ԶԼՄ-ները, որոնք մինչ այդ ներբողում էին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և Խաչատուր Քոքոբելյանին, սկսեցին տառացիորեն քամուն տալ նրանց բմբուլները։ Զվարճալի էր հետևել այդ ամենին։ Սակայն երեկ որոշ ինտերնետ-կայքեր գերազանցեցին (հիմարությամբ) իրենք իրենց։
Այսպես, նրանք հայ ժողովրդին տեղեկացրին այն մասին, որ «Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր ծառայություններն է առաջարկել Թուրքիայի ԱԳՆ-ին հայ հայտնի ընդդիմադիրներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ շփումներ հաստատելու համար», իսկ «2012թ. մարտի վերջին հայ ընդդիմադիր «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը, միավորվելով Հայաստանում նախագահական ուժերի դեմ պայքարի համար մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, այցելել են Լոնդոն՝ հերթական փակ բանակցություններն անցկացնելու Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ»։
Մի խոսքով՝ ամեն ինչ հանգում էր այն բանին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը «Լոնդոնում հասել են գաղտնի պայմանավորվածությունների թուրքերի հետ», այսինքն՝ Հովհաննիսյանն «անձնական երաշխիք» է տվել, որ 2013թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի կողմից աջակցության արժանանալու դեպքում նա կկարողանա Հայաստանի Հանրապետությունում պայմաններ ստեղծել, որ խորհրդարանում առանց խոչընդոտների վավերացվեն երկկողմ հարաբերությունների կարգավորման թուրք-հայկական արձանագրությունները։ Թուրք դիվանագետներն իրենց կողմից երաշխավորել են հայ ընդդիմադիրներին, որ թուրք-հայկական արձանագրությունների վավերացումից հետո առաջին 10 տարում 5-7 մլրդ դոլարի ներդրումներ կապահովեն Հայաստանի տնտեսությունում և այլն, և այլն։ Եվ երկու ամսվա ընթացքում ազգայնականորեն տրամադրված ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանին կոտրեցին (մշակեցին) բարձր ատյանները՝ թուրքական կողմը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ միասին։
Նշենք, որ սենսացիաներ «որոնող» և դրանց հետևից վազող ԶԼՄ-ները հղումներ էին կատարում նաև հաքերային «Anonymous» ինտերնետ-շարժման ակտիվիստներ Լյուկ Սթիվենսոնի (ցանցում հայտնի է Soap կեղծանունով) և Ռիչարդ Թիմերի (ցանցում հայտնի է ArrNo կեղծանունով) բլոգերի այն տեղեկատվությանը, որ հաքերներն ստացել էին 2012թ. սկզբին Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Մեքսիկայի կառավարությունների ու արտգործնախարարությունների տեղեկատվական կայքերը կոտրելու արդյունքում։
Սակայն ավելի ուշ վերոշարադրյալ ողջ հորինվածքը բացահայտվեց OpenArmenia.com կայքի ադմինիստրատորի կողմից, որտեղ, ի դեպ, սկզբից ևեթ տեղադրված էր «Anonymous» շարժումը բացահայտել է տեղեկատվությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ Մեծ Բրիտանիայի դիվանագիտական նամակագրության մասին» նյութը (https://kornelij.livejournal.com/1231016.html)։
Եթե հակիրճ ասելու լինենք, ապա պարզվել է, որ մերկացնող «նյութի» հղումը տանում է դեպի այն բլոգը, որը ստեղծվել է ապրիլի 21-ին, այսինքն՝ դա ֆանտոմ է։ Կարճ ասած՝ ապատեղեկատվությունը զետեղել են OpenArmenia.com–ում, որպեսզի ԶԼՄ-ները տեղ ունենան հղում անելու։ Րաֆֆի Հովհաննիսյանի դավաճանության մասին հորինված պատմությունը մտորելու տեղիք է տալիս։ Չէ՞ որ տարածված ապատեղեկատվության մեջ խոսվել է նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ միացյալ ընդդիմության կոալիցիոն գործընկերոջ մասին։ Սակայն «շտաբականների» ԶԼՄ-ների՝ Րաֆֆի Հովհաննիսյանին վայրկյան առաջ տապալելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նրանք թքած ունեին ԼՏՊ ներկայության գործոնի վրա, և առանց ՀԱԿ որևէ մեկնաբանության անմիջապես ազատ տեղեկատվական թռիչքուղի բաց թողեցին խայծը։ Իսկ սա շատ բանի մասին է վկայում...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Ուղարկել մեկնաբանություն