Մեկնաբանություններ

Մարտի են գնում կանայք
Այսօրվա ասուլիսներում իրենց փայլուն մտքերով առավել աչքի ընկան կին քաղաքական գործիչները: Սկսենք լրագրողուհի քաղաքական գործիչներից: Ինչպես արդեն հայտնի է, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն առաջադրվել է Երևանի թիվ 4 ընտրատարածքում, որտեղ հիմնական մրցակցությունն ընթանում է իր և իշխանական թեկնածու Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) միջև: «Ես հաշվարկել եմ, որ Արտակ Սարգսյանն ընտրողի ձայնը պատրաստվում է գնել հինգ հազար դրամով, ինչը նրան պատկանող սուպերմարկետներում վաճառվող մեկանգամյա օգտագործման 250 ափսեի արժեքն է»,- ասել է Ս.Սեյրանյանը:
Հիշեցնենք, որ Ս.Սեյրանյանն ընտրություններին մասնակցում է «Միասին խմբագրենք Ազգային ժողովը» ուղերձով, քանի որ դա իրեն հոգեհարազատ բառապաշար է: Սակայն այդ ուղերձը շատ լավ ընկալել են ոչ միայն լրագրողները, այլ նաև պետք է լավ ընկալեն այլ ոլորտի մարդիկ, քանի որ միայն ԱԺ-ը չէ, որ խմբագրման, մենք կավելացնենք նաև՝ շատ ուշադիր սրբագրման կարիք ունի, այլև բոլոր ոլորտները:
Երևանի թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված անկուսակցական Գոհար Վեզիրյանն այսօր հայտարարել է, որ «քյալլա է տալու» բոլորի հետ, ով իր ճանապարհին կհանդիպի. «Քյալլա եմ տվել ու պատրաստ եմ քյալլա տալ լավ Հայաստան ունենալու համար: Մի ժամանակ ես պայքարել եմ ՀԱԿ-ի հետ, որովհետև նրանից բացի՝ պայքարի այլ օջախ չկար, սակայն այժմ մտադիր չեմ որևէ մեկի համար պայքարել: Ես քաղաքացիական ակտիվություն ու համարձակություն ունեմ՝ միայնակ անելու դա»,- ասել է լրագրողը:
Գոհար Վեզիրյանին, թերևս, զայրացրել է այն հանգամանքը, որ իր նախընտրական պաստառները շարունակում են պոկել` տեղը փակցնելով պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի և ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի պաստառները: Իսկ թե ինչպիսին կլինի Գոհար Վեզիրյանի երազած Հայաստանը, որի համար նա իբր պայքարում է, այդ մասին լավ է լռենք... Ընդհանրապես, լավ չէ, երբ բարձր ու վեհ գաղափարներից խոսում են Շողեր Մաթևոսյանի հետ գոնե հինգ օր շփված անձինք:
ՀԴԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, Ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը և ՀԴԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Անահիտ Գրիգորյանն այսօր ներկայացրել են, թե ինչպես է ընթանում նախընտրական քարոզարշավը։ Իրինա Գասպարյանը նշել է, որ քարոզարշավի ընթացքում որևէ խոչընդոտ չի եղել, իրենց չեն խանգարել գնալ, հանդիպել, խոսել մարդկանց հետ։ Սակայն, ըստ նրա, մարդիկ վախենում են ուղղակիորեն, ակնհայտ սատարել իրենց, գալ-մասնակցել իրենց հանդիպումներին, քանի որ վախենում են, որ կկորցնեն իրենց աշխատանքը։ «Դվինի դպրոցի տնօրենն ասել է. եթե դուք ձեր ձայնը չտաք ՀՀԿ-ին, դուք գործից կզրկվեք։ Արդյո՞ք դա օրենքի խախտում չէ։ Մեր ասորական համայնքի ներկայացուցիչներն, իհարկեն ավելի նպատակահարմար են գտնում ձայնը տալ մեր կուսակցությանը, քանի որ համամասնական ցուցակում կա իրենց ազգի ներկայացուցիչը, բայց նրանց մեջ կարծես վախ կա աշխատանք կորցնելու համար»,- ասել է Ի.Գասպարյանը։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Անահիտ Գրիգորյանը, նշել է, որ իրենց ընտրազանգվածը հիմնականում մտավորականներ են, այն ընտրողները, ովքեր հույսը չեն դնում բարեգործության վրա։
Այսպիսի կանացի օր ստացվեց այսօր: Տեսնենք, թե վաղն ինչ է լինելու...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Ուղարկել մեկնաբանություն