Մեկնաբանություններ

Ոչխորհրդանշական ամերիկյան դատարանի խորհրդանշական որոշումը
Նյու Յորքի դատարանը «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությանը, աֆղանական «Թալիբան» արմատական շարժմանն ու Իրանի կառավարությանը կարգադրել է 2001թ. սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին վճարել վեց միլիարդ դոլար փոխհատուցում, տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը՝ հղում կատարելով դատավոր Ֆրենկ Մաասին (Frank Maas)։
Գործակալության տվյալներով՝ դատարանի որոշումը զուտ խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ անհնար է թվում նշյալ գումարը պատասխանողներից ստանալը։ Որոշումն ընդունվել է այն հայցի քննարկման շրջանակում, որը ներկայացվել էր անցած տարի ահաբեկչական գործողության 47 զոհերի ընտանիքների անդամների կողմից։ Հայցով պատասխանողներ են ճանաչվել «Ալ Քաիդան», «Թալիբանը» և Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Հիշեցնենք, որ «Թալիբանն» ու «Ալ Քաիդան» չեն ժխտում իրենց մասնակցությունը երկվորյակ երկնաքերների և Պենտագոնի գրոհին, ի տարբերություն Իրանի իշխանությունների։ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քանիցս հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կապ չունի 2001թ. ողբերգության հետ։
Ինչ վերաբերում է Իրանի իշխանությունների հետ «Ալ Քաիդայի» կապերի մասին ենթադրություններին, որոնք բազմիցս հնչեցվել են, ապա դրանք կասկածներ են առաջացնում այն պարզ պատճառով, որ «Ալ Քաիդան» սուննի ծայրահեղականների կազմակերպություն է, որոնք Իրանի իշխանությունում գտնվող շիաներին ուղղադավան մուսուլմաններ չեն համարում։ «Ալ Քաիդայի» ահաբեկիչները պարբերաբար ահաբեկչություններ են կազմակերպում Իրաքի շիաների դեմ... Ավելին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շարունակում է պնդել, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները կազմակերպվել են հենց ամերիկացիների կողմից։ Վերջին անգամ այս թեմայով հայտարարություն նա արել է մեկ տարի առաջ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ, Նյու Յորքում։ Ահմադինեժադն այն ժամանակ մասնավորապես հայտարարել էր, թե ինժեներ լինելով՝ չի հավատում Համաշխարհային առևտրային կենտրոնի աշտարակների փլուզման հնարավորությանը դրանցում մխրճված ինքնաթիռների պատճառով։ Երկնաքերները փլուզելու համար, Իրանի նախագահի կարծիքով, պայթուցիկի մեծ քանակություն էր պետք, ինչը կարող էին անել միայն ամերիկյան հատուկ ծառայությունները։ Բնականաբար, Իրանի նախագահի խոսքը բոյկոտվեց շատ երկրների պատվիրակությունների կողմից...
Իսկ առհասարակ, ամերիկյան դատարանն ակնհայտորեն համեստություն է արել փոխհատուցման չափի առումով։ Քանի որ ավելի վաղ The New-York Times թերթը գրել էր, որ ահաբեկչություններն ԱՄՆ-ի վրա $3,3 տրլն են նստել։ Այսպես, թերթի տվյալներով՝ Համաշխարհային առևտրային կենտրոնի և Պենտագոնի ոչնչացման համար ահաբեկիչները ծախսել են մոտ կես միլիոն դոլար, իսկ ԱՄՆ-ի համար ծախսերը կազմել են $7 մլն-ական նրանց ծախսած յուրաքանչյուր դոլարի դիմաց։ Մի խոսքով՝ հեռու չէ այն օրը, երբ ԱՄՆ-ը ամենայն լրջությամբ կպահանջի ամբողջությամբ վճարել մեղավորներին։
Դե, իսկ առայժմ, կարծում եմ, ամերիկացիներից օրինակ պետք է վերցնեն, ասենք, ճապոնացիներն ու վիետնամցիները (չենք թվարկի մյուս ժողովուրդներին, որոնց երկրներում դեմոկրատիա է սահմանվել, ընթերցողներին չձանձրացնելու համար), որոնք պետք է հարյուր հազարավոր սպանված խաղաղ բնակիչների ընտանիքներին փոխհատուցում տալու հայցով դիմեն միջազգային դատարան։ Եվ իհարկե, իրանցիները ևս պետք է հետևեն ԱՄՆ օրինակին՝ պահանջելով մի քանի տասնյակ միլիարդ դոլար 1988թ. հենց թռիչքի պահին խփված իրանական քաղաքացիական աերոբուսի համար (ամերիկյան կողմն ընդունել է ՀՕՊ սխալը, բայց դրանից այն կողմ ոչինչ չի արվել, անգամ ամենասովորական ներողություն 300 խաղաղ բնակիչների սպանության համար չի հայտնվել)։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Ուղարկել մեկնաբանություն