Մեկնաբանություններ

Անկարան «թաթիկները» վեր է պարզում
Ինչպես հայտնի է, Թուրքիան և Սիրիան հազար կիլոմետրից մի փոքր պակաս ընդհանուր սահման ունեն։ Եվ ԶԼՄ տեղեկությունների համաձայն՝ շարունակում են Թուրքիա գալ սիրիացի փախստականներ։ Այսպես, ամեն օր սահմանը հատում է 500-1000 մարդ։ Իսկ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ Թուրքիայի տարածքում գտնվող ճամբարներում սույն պահին մոտ 70 հազար սիրիացի փախստական է ապրում։ REGNUM լրատվական գործակալությունն այս առնչությամբ գրում է, որ իրավիճակը շուտով դուրս կգա վերահսկողությունից, և իշխանությունները չեն կարողանա վերահսկել մարդկանց հոսքը։ Սիրիացիների հոսքին ընդդիմանում են տարածաշրջանում ապրող քրդերը, որոնք չեն թաքցնում իրենց վրդովմունքը։ «Մենք չգիտենք, թե ովքեր են այս մարդիկ։ Նրանք խոսում են օտար լեզվով։ Մենք նրանցից վախենում ենք։ Մեր կանայք տնից դուրս չեն գալիս»,- պնդում է Հաթայ գավառի բնակիչը НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իրավիճակը սահմանին այնքան է լարվել, որ անցած օրը 30-40 տարեկան 40 սիրիացի տղամարդկանցից բաղկացած խումբը տեղի քրդերի հետ շուկայում կռիվ է սարքել, որոնց բաժանել են զինվորականներն ու ժանդարմները։ Հուլիսի վերջին ճամբարներից մեկում սիրիացիները խռովություն են բարձրացրել խմելու ջուր չունենալու պատճառով։ Հանել են թուրքական դրոշն ու պարզել սիրիականը։ Տեղի մամուլը ներգաղթյալներին «բաշ բելա»՝ գլխացավանք է համարում հասարակության համար, իսկ սիրիացի փախստականների ճամբարներն անվանում է «ահաբեկիչների բներ»։ Ի դեպ, ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր, և Անկարան պետք է կանխատեսեր այն։
Ինչևէ, Անկարան «թաթիկները» վեր է պարզել և հայտարարում է, թե չի կարող գլուխ հանել սիրիացի փախստականների ավելացող հոսքից, դրա համար էլ հանդես է գալիս Սիրիայի տարածքում փախստականների համար բուֆերային գոտի ստեղծելու օգտին։ Այս մասին օրերս հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն։ «Եթե փախստականների թիվը Թուրքիայում գերազանցի 100 հազար մարդը, մենք նրանց տեղավորելու տեղ չենք ունենա։ Մեզ անհրաժեշտ է, որ նրանք տեղավորվեն Սիրիայի տարածքում։ ՄԱԿ-ը կարող է ճամբարներ ստեղծել Սիրիայի տարածքի անվտանգ գոտում»,- Դավութօղլուին մեջբերում է «Ինտերֆաքսը»։
ՄԱԿ-ը հիշատակելիս կամ, ավելի ճիշտ՝ ՄԱԿ-ին ապավինելիս, որի առաքելությունն ավելի շուտ տապալվեց, քան Բաշար Ասադի «ռեժիմը», ակամա հիշում ես հետևյալ անեկդոտը. երբ վիճում են երկու փոքր ազգեր, միջամտում է ՄԱԿ-ը, և վեճն անհետանում է։ Երբ փոքր ազգը վիճում է մեծի հետ, միջամտում է ՄԱԿ-ը, և փոքր ազգն անհետանում է։ Իսկ երբ վիճում են երկու մեծ ազգեր, ՄԱԿ-ն է անհետանում...
Իսկ առհասարակ, փորձագետները չեն բացառում, միջէթնիկական և միջդավանական հակամարտությունները թուրքական սահմանի երկայնքով։ Կարծում եմ՝ դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան «բուֆերային գոտու» ստեղծումը։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Ուղարկել մեկնաբանություն