Մեկնաբանություններ

Մինչ նախագահական ընտրությունները ՀՀ իշխանություններին դժվար ընտրություն է սպասվում
2013թ. Հայաստանում տեղի են ունենալու ՀՀ նախագահի ընտրություններ, որին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը և Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Արդեն հայտնի է, թե ով է լինելու նախագահական ընտրություններում ՀՀ իշխանական թեկնածուն, այն է՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ընդդիմության հարցում դեռ չկա ոչ մի պատասխան, և այդ առումով ասում են, որ քաղաքական թեժ աշուն է սպասվում:
Իսկ եթե ԲՀԿ-ն տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում կարողանա լուրջ արդյունքներ ապահովել, ապա նախագահական ընտրությունների ժամանակ կունենա իր թեկնածուն։ Սակայն, եթե արդյունքները չարդարանան, ԲՀԿ-ն, հուսանք, կդադարեցնի ընտրական պահմտոցին: «ԲՀԿ-ն չի կարող սատարել ոչ մի ընդդիմադիր թեկնածուի, քանի որ, եթե նա դա անի, պետք է իրեն հռչակի ընդդիմություն, սակայն իրեն հռչակեց այլընտրանք և չդարձավ ընդդիմություն»,- այսօր հանդիպումներից մեկի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։
Հավելենք, որ առաջիկա նախագահական ընտրություններում մեծ նշանակություն են ունենալու տարածաշրջանային հիմնահարցերում ՀՀ վարած քաղաքականությունը և Եվրասիական միությանն անդամակցելու հավանականությունը: Այս առումով գործի է դրվել մեր մամուլի ներկայացուցիչների երևակայությունը: ԶԼՄ-ները գրում են, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, շատ հնարավոր է, պարտադրված իր թեկնածությունն առաջադրի ՀՀ նախագահական գալիք ընտրություններում: Կարապետյանին այդ քայլին կարող են դրդել ռուսական իշխանությունները՝ իրենց նպատակին հասնելու համար: Ինչո՞ւ չէ:
Այս օրերին կարծիքներ են հնչում, թե Հայաստանին ոչ ոք չի հարկադրում ճանապարհի ընտրության հարցում, և կարելի է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Դա լիովին հավանական է, եթե Հայաստանում ամրապնդվի սուվերենությունը, որ կարողանա ինքը թելադրել դիվանագիտական պայմանները, և եթե ուժային կենտրոնները չհետաքրքրվեն Հայաստանով՝ վերջինիս թողնելով ընտրության հարցը: Այս պայմաններում թվարկված «եթե»-ները բացառվում են. թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրոպան այսօր չեն թաքցնում Հայաստանի վրա իրենց ազդեցությունը մեծացնելու շահագրգռվածությունը: Իր հերթին, Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանին համառորեն ներքաշելու Եվրասիական միություն:
Տեսնենք՝ այն չեզոքությունը, որն այսօր պահպանում են ինշխանությունները, կշարունակվի՞ արդոք Պուտինի՝ աշնանը Հայաստան կատարելիք այցից հետո: Իսկ Պուտինի այցից հետո Հայաստանի առջև կդրվի ոչ թե և-և, այլ կամ-կամ ընտրության հնարավորությունը:
Այս ամենից հետո նոր կարելի է խոսել Հայաստանում գալիք նախագահական ընտրությունների «ֆավորիտ» թեկնածուների մասին: Իսկ այժմ Հայաստանի իշխանությունների համար իսկապես դժվար ընտրություններ են սպասվում:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Ուղարկել մեկնաբանություն