Մեկնաբանություններ

Իրավասո՞ւ են, թե՞ իրավասու չեն: Ակտիվիստներն արդյունքի հասան
Օգոստոսի 23-ին Սահմանադրական իրավունքի կենտրոնում սկսվեց նուրբ մի հարցի (թե որքանով են Թեղուտի հանքավայրի շահագործման գործի վերաբերյալ կայացված դատական ակտերը համապատասխանում դատական մատչելիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշմանը) վերաբերող առաջարկությունների մշակումը։ Թեման խիստ անհանգստացնում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության իրավական հարցերի աշխատանքային խմբին։ Իսկ մեկ օր առաջ ՍԴ-ն կազմակերպել էր իրավական այս անհամապատասխանության քննարկումը, որին մասնակցում էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ՍԴ աշխատակազմի աշխատակիցներ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, փաստաբաններ, Թեղուտի պաշտպաններ և մամուլի ներկայացուցիչներ։
Հարցի էությունը, որը բավական բարդ է սովորական մահկանացուի համար, ՀՀ ՍԴ 01.04.2011թ. որոշումն է, որի համաձայն՝ հասարակական կազմակերպություններն իրավունք չունեն դիմել դատարան այն հարցերով, որոնք չեն բխում կանոնադրական նպատակներից։
Բանն այն է, որ մի քանի հասարակական կազմակերպությունների (որոնք ընդվզում էին Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ) հայցով սկսված երկարատև դատավարության ընթացքում ծագել են դատական քաշքշուկներ։ Հայցվորներին մերժում էին այն հիմնավորմամբ, որ նրանց կանոնադրություններում չկա վերջիններիս՝ էկոլոգիական հիմնախնդիրներին միջամտելու մասին որևէ տող։ Մանավանդ որ դա ոչ մի կերպ կապված չէ կազմակերպությունների անմիջական գործունեության հետ։ Իսկ վճռաբեկ դատարանը, որը երկու անգամ ստացել է քաղաքացիական ակտիվիստների հայցերը, առաջին անգամ հայցն ուղղել է վարչական դատարան, իսկ երկրորդ անգամ վերադարձրել է այն՝ առանց որևէ հիմնավորման։ Նախաձեռնողներին, փաստորեն, հասկանալ են տվել, որ եթե նրանց կազմակերպությունների կոնկրետ շահերը չեն ոտնահարվել, ապա նրանք դատավարություն պահանջելու իրավունք չունեն։
Իսկ ահա Թեղուտի պաշտպանների կողմը ներկայացնող իրավաբանները հակառակ դիրքորոշում ունեն։ Նրանք վստահ են, որ վճռաբեկ դատարանը ճիշտ մեկնաբանություն չի տվել ՍԴ դիրքորոշմանը։ Բանն այն է, որ ի տարբերություն շատ դատարանների, ՍԴ-ն իր որոշումներին պարզաբանումներ չի տալիս, և դա, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, կարող է առաջ բերել իրավական վեճեր և տարընթերցումներ։ ՍԴ նախագահ Գ.Հարությունյանի համոզմամբ՝ հասարակությանը հուզող հարցերը չեն կարող դուրս մնալ պետական մարմինների և քաղաքացիական ինստիտուտների տեսադաշտից։ Սակայն տվյալ մարմինը պարտավոր է հաշվի առնել օրենքով սահմանված սահմանափակումները, որոնց հետ անհնար է հաշվի չնստել։
«Սկսենք այն բանից, որ ՍԴ-ն որպես ինստիտուտ կարող է գործը քննել բացառապես որոշակի, կանոնակարգին համապատասխան կարգով՝ հայտարարության առկայության և գործը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում։ Անհրաժեշտ է նշել նաև այն, որ ՍԴ ոչ մի անդամ չի կարող ներկայացնել իր տեսակետը, արտահայտել սեփական կարծիքը այս կամ այն խնդրի շուրջ, որը կարող էր դառնալ Սահմանադրական դատարանի քննարկման առարկան»,- հայտարարել է Գ.Հարությունյանը։ Միևնույն ժամանակ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ Գևորգ Դանիելյանը խոստացել է, որ իր ղեկավարած մարմինը կմշակի այնպիսի որոշում, որը տեղ կգտնի ՀՀ Սահմանադրական դատարանի տարեկան հաշվետվությունում։ Բացի այդ, կենտրոնի խորհրդի քննարկած հարցերի մի մասը կներկայացվի ՍԴ։
«Ես վստահ եմ, որ աշխատանքի ընթացքում խորհրդում անխուսափելիորեն առաջ կգան տարաձայնություններ, սակայն ՍԴ իրավական դիրքորոշումն այն է, որ հասարակական կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես շահագրգռված կազմակերպություններ։ Այլ բան է, որ կարգը պետք է օրենսդրորեն ճշգրտվի»,- նշել է Գ.Դանիելյանը։
Դե ինչ, սա արդեն հաղթանակ է Թեղուտի շարժման ակտիվիստների համար, որոնք հետևողականորեն ձգտում են հասնել այն բանին, որ խնդիրը քննարկվի պետական տարբեր մակարդակներում։ Մանավանդ որ աշխատանքն այս հարցի շուրջ արդեն սկսվել է։ Մշակված առաջարկությունները հետագայում կներկայացվեն ՀՀ ԱԺ։ Այնպես որ, թեմայի շարունակությունն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի խորհրդարան։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Ուղարկել մեկնաբանություն