Մեկնաբանություններ

Երբ քաղաքապետը բիզնես ու թիկնապահ չունի, ճակատին կգրի «Օրինաց երկիր» և կանդամակցի ԲՀԿ-ին
Բիզնես ու թիկնապահ չունեցող, ճակատին «Օրինաց երկիր» ու «Բարգավաճ Հայաստան» խփած, ՀՀ նախագահի հանձնարարությամբ և ԲՀԿ առաջադրմամբ Գյումրու քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանը երեկ քաղաքապետ օծվեց: Սա ուրախալի է մի քանի պատճառով. նախ՝ Ազգային ժողովը մաքրվեց իրեն խորթ տարրից, քանի որ այնտեղ բոլորը բիզնես ունեն, իսկ բիզնես չունեցողը պառլամենտում տեղ չունի, երկրորդ՝ տեղ բացվեց 35-րդ ընտրատարածքում, որտեղից պատգամավոր կդառնա Արման Սահակյանը՝ շատ կիրթ մի երիտասարդ, որը և՛ բիզնես ունի, և՛ թիկնապահ, իսկ ամենակարևորը` ճակատին կասկածելի բաներ չունի գրված, երրորդ՝ 2013-ի փետրվարին կամ մի քիչ ավելի ուշ պրն Բալասանյանը կազատի քաղաքապետարանը։ Բանն այն է, որ նա սկզբունքորեն չի կարողանալու ճիշտ կողմնորոշվել նախագահական ընտրարշավի ժամանակ և կընկնի կա՛մ պրն Գռզոյի օրը (այսինքն` կունեզրկվի), կա՛մ՝ պրն Սասուն Միքայելյանի (այսինքն` նաև կնստի): Մի խոսքով՝ այսպիսի ցավալի հեռանկարով է սկսում պրն Բալասանյանն իր գործունեությունը Գյումրիում, իսկ նրա թագադրմանը նախորդեց մեկ այլ ցավալի դեպք:
Մամուլը հաղորդում է, որ թիկնապահ չունեցող Բալասանյանի թիկնապահներից մեկին դաժան ծեծի են ենթարկել թիկնապահ չունեցող Բալասանյանի մյուս թիկնապահները. տուժածը՝ Արթուր անունով, աշխատավարձն է պահանջել, և ԲՀԿ ոգուն համահունչ բարեկիրթ բանավեճի արդյունքում, օրը ցերեկով, Շիրակացի փողոցում ենթարկվել է բարբարոսական ջարդի (https://www.hraparak.am/84897/)։ Այնուհետև նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղից էլ, օրը գիշերով, Բալասանյանի հրահանգով փախցրել են, որպեսզի շուխուռը շատ չտարածվի: Այդ գենոցիդին ականատես են եղել բազում գյումրեցիներ, իսկ մի տարեց կին անգամ բղավել է, թե՝ այ տղաներ, հո թուրք չէր, Վարդանիկին էիք բան ասում, բա նա նման բաներ անո՞ւմ էր...
Կատարվածի մեջ զարմանալի բան չկա. զարմանալի չէ, որ թե՛ Բալասանյանը, թե՛ նրա թիմը հերքում են կատարվածը, զարմանալի չէ նաև, որ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցում էլ են խուսափում դեպքից խոսել, զարմանալի չէ, որ ոստիկանության մարզային վարչության պետն է անտեղյակ կատարվածի մասին, սակայն զարմանալին այն է, որ սրանք իրենց արևին ուզում են թաքցնել մի բան, որի ականատեսն են եղել տասնյակ բնակիչներ: Գուցեև հաջողվի...
Նաև զարմանալի է, որ Գյումրի քաղաքում վերջերս ստեղծվեց հզոր մի դաշինք` ի դեմս նոր քաղաքապետի, մարզպետի, ոստիկանության պետի և մի քանի այլ կասկածելի մանր-մունր դեմքերի: Դաշինքն այս ձևավորվեց դեռ պառլամենտական ընտրությունների նախօրեին, երբ մարզպետն ու ոստիկանապետը փաստորեն աշխատեցին ՀՀԿ-ի դեմ և քաղաքում հաղթանակ ապահովեցին թե՛ ԲՀԿ-ի, թե՛ նրա մեծամասնական թեկնածուների համար (սա այնքան պարզ է, որ չհավատալը կնշանակի անմեղսունակություն. օրինակ, ոստիկանությունը ոչ մի բան չձեռնարկեց հազարավոր ահազանգերի հետքերով` ոչ ձերբակալեց ԲՀԿ փող բաժանողներին, որոնց մասին տեղեկացնում էին մայրաքաղաքի խմբագրություններից, անգամ նշում էին մեքենաների պետհամարանիշները, ոչ միջոցներ ձեռնարկեց ԲՀԿ գողականների հանդեպ, մի խոսքով՝ ամեն ինչ արեց, որպեսզի ՀՀԿ-ն տապալվի և մեղքը բարդվի Վարդան Ղուկասյանի վրա): Իսկ այսօր այս դաշինքում համերաշխություն է տիրում. նրանք երջանիկ են, իրենց հզոր են զգում, միայն թե երբեմն այսպիսի միջադեպերն են խավարում նրանց ժպիտները: Բայց թե դա էլ, ինչպես ռուսը կասեր` издержки производства, առանց դրա հնարավոր չէ թե՛ քաղաքապետ դառնալ, թե՛ երկիրը թալանել՝ չլինելով գործարար, թե՛ գողական գնալ, ինչն ամենակարևոր բանն է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար:
Ինչևէ, տեսնենք, թե որքան կդիմանա այս եռյակը քաղաքում և ինչպես կհաղթահարի փետրվարյան զարգացումները: Հուսանք, որ ամեն ինչ բնական և օրինաչափ կլինի...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Ուղարկել մեկնաբանություն