Մեկնաբանություններ

Վրաստանում սակարկություններ են սկսվել
Վաղը՝ փետրվարի 6-ին, Վրաստանի խորհրդարանում սկսվելու է Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը, որոնցով նախատեսվում է վերանայել նախագահի լիազորությունները։ Խորհրդարանի մեծամասնության («Վրացական երազանք» կոալիցիա) նախաձեռնած նախագծով առաջարկվում է, մասնավորապես, նախագահին տրամադրել ցանկացած ժամանակ, այդ թվում և խորհրդարանական ընտրություններից հետո վեց ամսվա ընթացքում և նախագահական լիազորությունների ավարտից կես տարի առաջ, խորհրդարանը ցրելու իրավունք, ինչը գործող Սահմանադրության խմբագրությամբ արգելվում է։ Դրա հետ մեկտեղ, նախագահն իրավունք չի ունենա ցրել երկրի կառավարությունը՝ առանց խորհրդարանի համաձայնության, և պահպանել իր իսկ նշանակած նախարարների կաբինետը (անորոշ ժամանակով), եթե վերջինը հաստատված չլինի խորհրդարանի կողմից։
Հարկ է նշել, որ կայանալիք քննարկման վերաբերյալ խիստ կտրուկ հայտարարություններ են հնչում ինչպես քաղաքական փոքրամասնության, այնպես էլ մեծամասնության կողմից։ Մասնավորապես, «Միասնական ազգային շարժման» (ՄԱՇ) գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, թե խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրությունում փոփոխություններ անելու համար չի կարողանա անհրաժեշտ քանակությամբ ձայներ ստանալ, դրա համար էլ կառավարությունը լուրջ ճնշումներ կգործադրի ՄԱՇ խմբակցության անդամների դեմ։
«Ուզում եմ նախազգուշացնել Վրաստանի կառավարությանը և անձամբ Բիձինա Իվանիշվիլուն. եթե առաջիկա օրերին խորհրդարանը հաստատի սահմանադրական փոփոխությունները, այսինքն՝ սահմանադրական մեծամասնութուն հավաքի, դա կնշանակի, որ Բիձինա Իվանիշվիլին չարաշահել է ծառայողական դիրքը և բռնի միջոցներով իր կողմն է գրավել, վախեցրել ու շանտաժի ենթարկել խորհրդարանի շատ ու շատ պատգամավորների։ Իսկ դա քրեորեն դատապարտելի արարք է»,- ասել է նա։ Բացի այդ, Մերաբիշվիլին Վրաստանի կառավարությանը կոչ է արել այլևս չսպառնալ ու շանտաժի չենթարկել ընդդիմությանը և զբաղվել երկրի զարգացմամբ, տնտեսական ճգնաժամի հաղթահարմամբ և նախընտրական խոստումների կատարմամբ։
«Երազանքն», իր հերթին, շանտաժի ու ճնշումների մասին խոսակցությունները կասեցնելու նպատակով, փետրվարի 4-ից ընդդիմադիր ճամբարի «գործընկերներին« հրավիրում է հրապարակային հեռուստաբանավեճերի, որպեսզի նրանք բացահայտորեն ցուցադրեն իրենց դիրքորոշումը՝ պաշտպանո՞ւմ են, թե՞ ոչ ծրագրված սահմանադրական փոփոխությունները նախագահի լիազորությունների հետ կապված։ Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։
«Այդ պատասխանից կախված կլինի մեր վերաբերմունքը նրանցից յուրաքանչյուրի հանդեպ. ով «Այո» ասի, նրանց հետ համագործակցելու կամ այլ հարցերի շուրջ ընդդիմախոսելու իմաստ և հնարավորություն ենք տեսնում, ով ասի «Ոչ», նրանց հետ բանավիճելու և նրանց կարծիքները լսելու վրա մենք ժամանակ չենք կորցնի և ոչ մի այլ հարցի շուրջ»,- ասվում է «Երազանքի» հայտարարության մեջ։
«Ընտրությունը մերն է,- ասվում է հայտարարությունում։- Անգամ այն դեպքում, եթե Սաակաշվիլին թույլ չտա ճիշտ քայլ կատարել ոչ իր թիմին և ոչ էլ նրա առանձին ներկայացուցիչներին, և սահմանադրական փոփոխությունները չկարողանան բավականաչափ թվով ձայներ հավաքել, «Վրացական երազանքի» քաղաքական նպատակը, միևնույն է, ձեռք կբերվի։ Այդ դեպքում դեմոկրատական աշխարհը վերջնականապես կհամոզվի, որ հանձին Միխայիլ Սաակաշվիլու մենք գործ ունենք գլուխը կորցրած դիկտատորի, իշխանությանը սիրահարվածի հետ, իսկ հանձին ՄԱՇ-ի՝ այն մարդկանց հետ, որոնք կանգնած են քաղաքական ինքնաոչնչացման ճանապարհին, որոնք գնում են մեկ մարդու քմահաճույքների հետևից, կորցրել են ազատությունը, և որոնց խոսքը ծղոտի քաշից ավելի արժեք չունի թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս»։
Խորհրդարանական մեծամասնությունն իր հայտարարության մեջ նշել է նաև, որ Բիձինա Իվանիշվիլին, նախաձեռնելով «սահմանադրական փոփոխությունները, երկիրը փրկեց Միխայիլ Սաակաշվիլու «հերթական արկածախնդրությունից» նրանով, որ նրա հնարավոր ծրագրերը՝ առանց խորհրդարանի համաձայնության կառավարությունը փոխելու վերաբերյալ, նախապես հայտնի դարձան։
Թե ինչ կիմանա «դեմոկրատական աշխարհը»՝ ցույց կտա ժամանակը, իսկ ահա այն, որ «փրկիչ» Իվանիշվիլու կուսակցության հայտարարությունից վերջնագրի հոտ է գալիս՝ դա հաստատ։
Խորհրդարանական փոքրամասնությունը նույնպես գլուխը չկորցրեց և խորհրդարանական մեծամասնությանն իր պայմանները ներկայացրեց, որոնց դեպքում կպաշտպանի փոփոխությունների նախագիծը։
Հակապայմանը հնչեցրեց խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն։ Ըստ նրա՝ «Ազգային շարժումը» պատրաստ է աջակցել «Երազանքին», եթե այդ օրինագիծը դիտարկվի իրենց նախաձեռնած նախագծի հետ մեկ փաթեթում, որը վերաբերում է Սահմանադրության մեջ Վրաստանի արտաքին քաղաքական գծի անփոփոխության վերաբերյալ հոդված մտցնելուն։
«Մենք պատրաստ ենք մեծամասնությանը երաշխիքներ տալ և ցրել նրանց երկյուղները, թե նրանք կկորցնեն իրենց աթոռները, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հանենք վախը մեր բնակչության միջից, որը վերաբերում է մեր երկրի արտաքին քաղաքական գծին»,- ասել է խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն։ Իսկ ժողովրդի վախը կվերանա միայն այն դեպքում, եթե երկրի օրենսդրությամբ ամրագրվի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Վրաստանի անդամակցության, զավթված տարածքների ազատման և զավթված տարածքների չճանաչման քաղաքականության անփոփոխությունը, ինչպես նաև այն, որ Վրաստանը պետք է հրաժարվի «ԱՊՀ և այլ կազմակերպություններին անդամակցելուց, որոնցում գտնվելը սպառնալիք է ստեղծում նրա ինքնիշխանությանը»։
Ահա այսպիսի լուրջ կրքեր են բորբոքվել Վրաստանի քաղաքական ասպարեզում։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ դա կհանգեցնի այն բանին, որ երկու քաղաքական ուժերն էլ կկորցնեն իրենց էլեկտորալ ուժը, քանի որ ակնհայտ է քաղաքական սակարկությունը՝ այնքան խորթ ու անհրապույր հասարակության մեծամասնության համար, հասարակություն, որն ավելի ու ավելի շատ է նախապատվությունը տալիս սկզբունքային դիրքորոշումներին...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...
Ուղարկել մեկնաբանություն