Մեկնաբանություններ

Ավելն առգրավված է, մասոնները մերկացված են, Հայրիկյանը հոսպիտալացվել է
Երևանի ոստիկանությունը հետաքննում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ակտիվիստների հետ պատահած «հրեշավոր» միջադեպը։ Բանն այսպես է եղել. Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կամավորներ Արմանը և Կամոն սկզբում հանգիստ թերթոններ էին բաժանում Արզումանյան փողոցի թիվ 10 շենքում, մինչև որ նրանցից մեկը վերցրեց մուտքի մոտ դրված ավելն ու սկսեց ավլել։ Բնակիչներից մեկին՝ Սարգսին, դա հեչ դուր չեկավ, և նա նկատողություն արեց «մաքրասերին»։ Վեճ բռնկվեց, որի ընթացքում Սարգիսը (որն իրականում պաշտպանում էր տնային տնտեսուհիների՝ ավելի նկատմամբ ունեցած հեղինակային իրավունքը) դմփեց թե՛ Արմանին, թե՛ Կամոյին։ Դատական փորձաքննություն է նշանակված։ Հետաքննություն է վարվում։ Ինչ վերաբերում է վեճի առարկա ավելին՝ այն առգրավված է։
Ի դեպ, այսօր նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանն անուղղակիորեն Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մեջ մեղադրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որի կամավորականներն ավել անելու համար ծեծ են կերել։ Սեդրակյանն ունի բոլոր հիմքերը ենթադրելու, որ Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպություններից մեկի կողմից, որը գործում է Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Հավատում ենք։ Քանի որ միայն մասոնների խելքին կփչեր մարդասպաններ վարձել, որոնք աշխատանքից ազատ ժամանակ զբաղվում են բնակարաններ նորոգելով։
Ինչևէ, Սեդրակյանը հայտարարել է, թե մարդասպաններ մատակարարող մասոնական այդ օթյակների անդամներ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը։ Ավելին, Վարդան Սեդրակյանը նշել է, թե վաղուց գիտեր, որ իր դեմ ինչ-որ բան է պատրաստվում։ Նա կարծում է, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը մի քանի նպատակ է հետապնդել. նախընտրական քարոզչության խափանում, ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող թեկնածուին, այսինքն՝ Սեդրակյանին, ընտրապայքարից դուրսբերում։
Մինչ Վարդան Սեդրակյանը մեղադրում էր մասոններին ու Րաֆֆի Հովհաննիսյանին, մահափորձի մեջ կասկածվող Խաչատուր Պողոսյանի զոքանչը հայտարարել է, թե մահափորձը պատվիրել է հենց Սեդրակյանը։
«Հիմա Վարդան Սեդրակյանը ձեռքը փրփուրներին է գցում և վարկաբեկում է Խաչատուրին։ Նա կարող է ամեն ինչ լինել, բայց ոչ մարդասպան։ Դա քո ձեռագիրն է, Վարդան Սեդրակյան, դու ես պատվիրատուն»,- «Ժամանակ» թերթին ասել է կասկածյալի զոքանչը։ Սեդրակյանը, սակայն, չի ցանկացել մեկնաբանել «զոքանչի» հայտարարությունը։
«Քեզ հարգելու համար առաջին հերթին հարկավոր է ուղղել սեփական թերություններդ»,- ասել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ապարան քաղաքի ընտրողների առջև։ Հույս ունենք, որ Սարգսյանի հորդորն առաջին հերթին կլսի Վարդան Սեդրակյանը։
Իսկ ահա երկարատև ուղևորությունները մարզերում բացասական ազդեցություն են ունեցել մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակի վրա, դրա համար էլ նա գիշերը կանցկացնի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ համապատասխան բուժօգնություն կստանա...
Ահա այսպիսին էր ընտրարշավի հերթական օրը։ Մնացեք մեզ հետ։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...
Ուղարկել մեկնաբանություն