Մեկնաբանություններ

Հավերժ դժգոհ Ադրբեջանը
Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղում մասնավոր ներդրումներով կառուցվում է հայկական ծագմամբ լեգենդար զորահրամանատարներ Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2014թ.։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարությունը նախագիծը հաջող է համարում, քանի որ ռազմական ուսումնարանը ԼՂՀ Պաշտպանության բանակին կապահովի բարձրորակ զինծառայողներով։ Ռազմական ուսումնարանում կօգտագործվի Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ կադետական ուսումնարանների փորձը, կդասավանդեն ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի մասնագետներ։ Ուսումնարանը կհամապատասխանի միջազգային արդի բոլոր նորմերին և չափանիշներին, նշում է ուսումնարանի շինարարության նախագծի համակարգող, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։
Ավելացնենք, որ Գանձասարից ոչ հեռու ռազմական ուսումնարանի ստեղծումը լոկ փոքր մասն է այն մեծ գործի, որ իրականացնում է սփյուռքահայերի պատկառելի մի խումբ ողջ աշխարհի հայությանը հակառակորդի ագրեսիայի դեպքում Հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ համախմբելու նպատակով։ Այս ծրագրի մնացած նրբությունների մասին առայժմ չի բարձրաձայնվում։
Հետաքրքիր է, որ Ադրբեջանում ակնթարթորեն արձագանքեցին (իմա՝ հիստերիկա բարձրացրին) վերոնշյալ տեղեկության առիթով։ Առաջինն իր ցասումը հայտնեց Ադրբեջանի «կոոպերատիվ» Արևմտյան համալսարանի (գոյություն ունի ընդամենը 17 տարի) պրոֆեսոր, քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը։ Առաջ անցնելով նշենք, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական ուսումնարանի բացման վերաբերյալ իր մեկնաբանություններում նա հեռուն է գնացել։
Եվ այսպես, պարզվում է, ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը ոչ միայն չեն ուզում խաղաղ լուծել ղարաբաղյան հակամարտությունը, այլև համատեղ ապրել «ադրբեջանական համայնքի հետ», հակառակը, մտադիր են ռազմական կադրեր պատրաստել, որոնք հետագայում, «սեպարատիստական ռեժիմի և նրանց թիկունքում կանգնած հայկական այլ շրջանակների պլանի համաձայն՝ պետք է ամրապնդեն ռազմական ներկայությունն Ադրբեջանի զավթված տարածքներում։ Մի խոսքով՝ ադրբեջանցի քաղաքագետը կարծում է, որ ռազմական ուսումնարանի բացումը Լեռնային Ղարաբաղում «ռազմականացման շատ վառ և լուրջ օրինակ է, ռազմականացում, որն այսօր տեղի է ունենում Հայաստանում և բուն Լեռնային Ղարաբաղում»։
Այնուհետև Ֆիքրեթ Սադիխովը տրտնջացել է այն առիթով, որ շատ երկրներ չեն սիրում Ադրբեջանին, քանի որ չեն մարսում «անկախ Ադրբեջանի բարգավաճումն ու զարգացումը», դրա համար էլ երկիրն ընտրել են իբրև թիրախ։ Իսկ թե ինչու պետք է սիրեն այդ երկիրը, ցավոք, քաղաքագետը չի պարզաբանել...
Ինչևէ, ըստ նրա՝ վերջին ժամանակներս նոր մեղադրանքների ալիք է սկսվել Ադրբեջանի հասցեին ռազմականացման իմաստով, և դա պատահական չէ, թեև Ադրբեջանը հավակնություններ չունի որևէ պետության տարածքների հանդեպ։ «Մենք երբեք չենք ասել, թե պատրաստվում ենք զավթել ու թիրախ դարձնել հարևան երկրները։ Խոսքը լոկ սեփական տարածքների ազատագրման մասին է»,- ասել է նա։
Եվ վերջապես, ինքն իրեն ուտելով Ղարաբաղի ռազմական ուսումնարանի մասին մտքերով՝ քաղաքագետը հարց է տալիս. «Ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի Սուվորովը ղարաբաղցի հայերի հետ, բայց, հավանաբար, կիրքն ինչ-որ հայտնի զորահրամանատարների հանդեպ հանգիստ չի տալիս նաև որոշ «տաքգլուխների» Լեռնային Ղարաբաղում»։
Այժմ՝ ըստ էության։ Ինչո՞ւ է ռազմական ուսումնարանի շինարարությունը Ղարաբաղում նման հիստերիկա առաջացրել Ադրբեջանում։ Ինչո՞ւ են իրար անցել «հարևանները»։ Պատասխանն ակնհայտ է. գիտելիքը հզոր և ահարկու ուժ է, և հաղթանակը կհասնի նրան, ով տիրապետում է դրան։ Այդպես եղել է միշտ։ Ինչ վերաբերում է «Ադրբեջանի ռազմականացման հարցում հնչող մեղադրանքներին», ապա դրանք մեղադրանքներ չեն, այլ փաստերի հաստատում։ Օրինակ, վերջերս Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենառազմականացված երկրների ամենամյա վարկանիշը, և Ադրբեջանը միակն է Հարավային Կովկասում, որը մտել է տասնյալ՝ զբաղեցնելով «պատվավոր» ութերորդ տեղը։
Քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովին ու նրա նմաններին հիշեցնենք նաև, որ «ադրբեջանական համայնքի» առաջին դեմքերը՝ Իլհամ Ալիևի տիպի, շատ են սիրում արտաբերել ռազմատենչ խոսքեր ադրբեջանական հզոր «գմփուցիկի» վերաբերյալ և անրջում են «պատմական ադրբեջանական այն հողերի վերադարձի» մասին, ինչպիսիք են, ըստ ադրբեջանական խորհրդարանի հայտարարությունների (2001թ. հունիս)՝ 1. Վրաստանի տարածքի մի մասը, 2. ռուսական Դաղստանի հարավային շրջանները, 3. Հայաստանի ողջ տարածքը, 4. Իրանի հյուսիսարևմտյան շրջանները... Այնպես որ՝ անմեղ գառներ ձևանալու հարկ չկա բառիս ուղղակի, այլ ոչ թե փոխաբերական իմաստով։
Իսկ ինչ վերաբերում է նրան, «թե ինչ կապ ունի Սուվորովը ղարաբաղցի հայերի հետ», ապա մենք վատը չենք՝ կբացատրենք։ Բանն այն է, որ Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի մայրը՝ Ավդոտյա (Եվդոկիա) Ֆեդոսեևնան, օրիորդական ազգանունով՝ Մանուկովա, ռուսացած հայ Մանուկովների գերդաստանին է պատկանել։ Ի դեպ, ահա թե ինչ է գրել մշակույթի հայտնի պատմաբան Նիկոլայ Նիկոլաևիչ Վիլմոնտը. «Արխիռուս Սուվորովը մայրական կողմից հայ էր, իսկ կատակասեր, մելամաղձոտ իշխան Պոտյոմկին-Տավրիկեցին գտնում էր, որ «Ալեքսանդր Վասիլևիչի զինվորական կատակները ակնհայտորեն կապ ունեն կովկասյան զվարճախոսության հետ»։ Եվ վերջ։
Ուսումնարանի շինարարության մասին մանրամասները տեսաֆիլմում են, որը պատրաստել է Ղարաբաղի Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի նախագիծն իրականացնող կոմիտեի մամլո ծառայությունը։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...
Կարծիքների քանակը - 2
Կարծիքներ
армяне-вы ПРОИГРАЛИ ДАВНО И НИКТО И НИ ЧТО ВАМ НЕ ПОМОЖЕТ!!!!
У Армян большой исторический опыт воевать.Училище как нельзя кстати.А что аз-цы?Стадо,им лучше баранов пасти и торговать.