Մեկնաբանություններ

Նուրբ լարերից կախված տղան կամ ՀՅԴ հայտնաբերած ճշմարտությունը
Ընդամենը մի քանի օր առաջ «Անի Պլազա» հյուրանոցում ժառանգականներն ու դաշնակները եղբայրական-բարեկամական հարաբերություններ հաստատեցին, մեկը մյուսի մեջքին կանգնելուց խոսեցին, չնայած, երևի, ասվածն ընդամենը բառեր էին, քանի որ եղբայրական-բարեկամական հարաբերություններն այսօր վիրտուալ բանավեճի ընթացքում տեղափոխվեցին բոլորովին այլ հարթություն՝ պորտի անմիջական առաքում կամ՝ թե որ մեկը մյուսին 10-0 կանի:
Հարցը հետևյալն է. «Ժառանգության» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում երեք հարց է հղել «ՀՅԴ ընկերներին», որոնցից առաջինն այն է, թե «Նիկոլ Դուման» ընկերությո՞ւնն է մատակարարում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում տեղադրված «գերթանկարժեք նստարանները», ինչի մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ հայտարարել է հաղորդման հյուր, ավագանու ՀՀԿ ցուցակի անդամ Նաիրա Կարապետյանը, և արդյո՞ք դրանից գերշահույթներ է ստանում:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ Նաիրա Կարապետյանի ակնարկն այն էր, որ նստարանները թանկ մատակարարում են, իրենք էլ թանկ գնում են, քանի որ էժան առաջարկ չկա:
«Վստահ եմ, որ էժան առաջարկ կլինի/կարող էր լինել, եթե մտքներին տեղ լիներ և ցանկանային գտնել: Բայց ՀՀԿ-ականի ակնարկի էությունն այն էր, որ եթե ինչ-որ մեկը շահում է դրանից, ապա դա ՀՅԴ-ական ընկերությունն է, քանի որ իրենք պարզապես «գնորդ են» (այլ ոչ թե ատկատչիկ)»:
«Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ: Ի՞նչ կպատասխանեք. «Նիկոլ Դումանն» է գերշահույթներ ստանո՞ւմ` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե՞ քաղաքապետարանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռքբերում այլ գնով»,- հարցնում է Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանը նաև նշել էր, թե մասնագետները նրան հայտնել են, որ այդ նստարաններն առավելագույնը կարող են արժենալ 100.000 դրամ, իսկ մեծաքանակ գնման դեպքում` ավելի էժան: Հետևաբար, հարց և անցում մեկ այլ «թանկության». «Ավելի քան միլիոնուկեսանոց դալանների ներկերի «թանկության» համար ո՞ւմ են մեղադրելու...», քանի որ «այդ գումարով ամբողջական շենքեր ներկելու համար անհրաժեշտ «Լատեքս» ու նման ներկեր կարելի էր գնել...»:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախընտրական շտաբն էլ չհապաղեց պատասխանել Ստյոպա Սաֆարյանին. «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում կա՛մ «լռեցնել» նույն կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանին և մի շարք այլ անձանց, կա՛մ զգույշ լինել, որովհետև վերջում իրեն են վատ վիճակի մեջ դնելու, քանի որ «պատվիրատուները հայտնի են»:
Հայտարարության մեջ ասված է. «Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին` տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա՛: Հարց ունես, հասցեատիրոջը դիմիր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնախնդիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞»,- ասվում է հայտարարությունում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է` իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանալու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս` թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա»:
Հետաքրքիր է, հիմա ի՞նչ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կհետևի դաշնակցական «եղբայրների» խորհրդին, թե ոչ…
Այն, որ դաշնակները կոնֆետ չեն, գիտեն անգամ բոլոր հայ մանուկները: Սակայն այն, որ դաշնակներն էլ են մարդ և ժամանակ առ ժամանակ կարող են ճշմարտություն արտահայտել, գիտեն ոչ բոլորը: Եվ իհարկե, ՀՅԴ քաղաքական միտքն այսօր փայլեց իր ողջ վեհությամբ. իսկապես, շատ նուրբ տղա է Ստյոպիկ Սաֆարյանը, չափից ավելի նուրբ: Անքննելի ճշմարտություն…
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...
Ուղարկել մեկնաբանություն