Լրահոս

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՈՉ ԹԵ «ԿԱՄ, ԿԱՄ», ԱՅԼ «ԵՎ, ԵՎ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:
Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Լիտվայի խորհրդարանի 9 պատգամավորների ՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությանը: Նա ասել է, որ դա խիզախ քայլ էր հատկապես ադրբեջանական կեղծ քարոզչության ֆոնին:
Այն հարցին, թե Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու համար ի՞նչ սկզբունքներ են կարևոր, ԱԺ փոխնախագահը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս են նշել, որ Արցախի ժողովրդի ճակատագիրն ինքը պետք է տնօրինի և ինքն էլ որոշի, թե ինչպես է ուզում ապրել: Երկրորդ կարևոր հարցն այն է, որ Արցախը պետք է բանակցային կողմ ճանաչվի, առանց որի հնարավոր չէ պատկերացնել առաջին սկզբունքը, երրորդ՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռասիստական քաղաքականությունը, սթափ գնահատի ստեղծված իրավիճակը և իրատես լինի: Ուսանողներից մեկի այն հարցին, թե որոնք են արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի առաջնահերթությունները, Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե «կամ, կամ», այլ «և, և» սկզբունքով՝ հիմքում դնելով ազգային-պետական շահը:
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, որի հետ մեր երկիրն անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ է հաստատել: Արտաքին սպառնալիքներ ունեցող Հայաստանի համար դա ճիշտ ճանապարհն է, բայց չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ նույնպես լուրջ համագործակցություն ծավալելուն: «Մենք անկախ պետություն ենք, և մեր պետական շահից ելնելով՝ գործակցում ենք թե՛ եվրոպական երկրների, թե՛ ԱՄՆ-ի, թե ԱՊՀ և թե՛ աշխարհի շատ ու շատ երկրների հետ», -ասել է Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին՝ տեղեկացնելով, որ այդ խնդիրը ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում է: «Ակնհայտ է, որ Հայաստանը ոչ մի քայլ չի կատարի, մինչև Թուրքիան չվավերացնի արձանագրությունները: Տեղին է հիշել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հղումը ՀՀ նախագահի խոսքերին. «Գնդակը Թուրքիայի դաշտում է»: Միաժամանակ Հայաստանի համար անընդունելի է, երբ իր հետ խոսում են նախապայմանների լեզվով. սա շատ լավ է հասկանում նաև միջազգային հանրությունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Ի պատասխան ուսանողների այն հարցին, թե Իրանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները չե՞ն վնասում արդյոք հայ-իրանական հարաբերություններին, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է որդեգրել նաև այս հարաբերություններում: Նրա գնահատմամբ՝ Իրանը մեր երկրի կարևոր գործընկեր հարևաններից մեկն է, և Հայաստանը նրա հետ տարածաշրջանային, ինչպես նաև տնտեսական լուրջ շահեր ունի և շահագրգռված է խնդրի խաղաղ հանգուցալուծմամբ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...