Լրահոս

«ԳԱԶՊՐՈՄԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ԳՆԻ ՀԱՐՑԸ

«Գազպրոմը» դեռ չի կարող Հայաստանի համար ռուսական գազի նոր գնի վերաբերյալ բանակցությունների ավարտի կոնկրետ ժամկետ նշել, ԱՌԿԱ գործակալությանն ասել է «Գազպրոմ» ԲԲԸ ֆինանսատնտեսական դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Դուշկոն:
«Դա բարդ հարց է և տարբեր հանգամանքներից է կախված։ Բանակցությունները կարող են ավարտվել վաղը, կարող են որոշ ժամանակ շարունակվել»,– ուրբաթ Ծաղկաձորում կայացած Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների կոմիտեի հերթական նիստի շրջանակներում ասել է Դուշկոն:
«Ամեն ինչ կախված է կողմերից յուրաքանչյուրի բանակցային դիրքորոշումից, որոնք ձգտում են գազի միակ ճիշտ գնի հասնել բանակցությունների ճանապարհով։ Մի կողմը պաշտպանում և ցույց է տալիս իր տնտեսությունը, իսկ մյուս կողմը` իր»,– ավելացրել է նա:
Միաժամանակ Դուշկոն ընդգծել է, որ հայկական և ռուսական կողմերի միջև բանակցություններում ոչ մի անհաղթահարելի խոչընդոտ չկա:
Խոսելով գազի գնի մասին`«Գազպրոմի» ներկայացուցիչը նշել է, որ գոյություն ունի ալգորիթմ, որը գնի սահմանման համար կիրառվում է ընկերության բոլոր գործընկերների համար:
«Պետք չէ մոռանալ, որ «ՀայՌուսգազարդը» 80 տոկոսով «Գազպրոմի» ընկերությանն է պատկանում, և համապատասխանաբար գինը կսահմանվի` ելնելով փոխշահավետությունից և տնտեսական նպատակահարմարությունից»,– ավելացրել է նա:
Դուշկոն ընդգծել է, որ գազի գինը կախված է շուկայից, և շատ բաղադրիչներ է ներառում:
Նա նաև մեկնաբանել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, որ Հայաստանի համար գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ երկրներում` կատակով նշելով, որ «ներկա պահին էլ այն, կարելի է ասել, ամենավատը չէ»:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...