Լրահոս

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում հարևան Վրաստանի հետ ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունները համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների պատմական հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում Մայա Փանջիկիձեն և Էդվարդ Նալբանդյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների հանդեպ ցուցաբերած ուշադրության, դրանց վերականգնմանն աջակցելու պատրաստակամության համար:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև մշակույթի, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման, տնտեսական կապերի ամրապնդման և այդ ոլորտներում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները:
Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ փոխանցել իր երկրի ղեկավարության շնորհավորանքն ու բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...