Լրահոս

ՄԻՊ-Ը ՀԵՏԵՎԵԼՈՒ Է ԼՐԱԳՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ապրիլի 23-ին Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առնչությամբ։
ՄԻՊ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Անհանգստությամբ և վրդովմունքով տեղեկացանք լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպի մասին: Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ, վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը:
Նման մարդկանց ավելի մատչելի են «դատվել», «նստել», այսինքն՝ «պատժվել» հասկացությունները: Հետևաբար, նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ և համաչափ արձագանքն է:
Իրավունք չունենք միջամտելու քննությանը, սակայն հետևելու ենք դրա ընթացքին և օրենքով թույլատրելի եղանակներով և ժամանակ այս միջադեպին և դրա իրավական հետևանքներին տալու ենք մեր համարժեք գնահատականը:
Մեր զորակցությունն ենք հայտնում լրագրող Հակոբ Կարապետյանին և iLur.am լրատվական կայքին»:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...