Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/comments.php?id=29687
Մեկնաբանություններ


19.04.2013

Մինչ ՀՀԿ-ն խաղի կանոններն է թելադրում, ՕԵԿ-ը խաղե՞ր է տալիս…

ՀՀԿ ԳՄ նիստը վարչապետի պաշտոնում հաստատել է Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուին՝ Տիգրան Սարգսյանին: Եթե երկրում 35% աղքատության պայմաններում վարչապետը մնում է, հավանաբար, նույնը կմնա նաև կառավարությունը…

«Քիչ առաջ իմացա վարչապետ Սարգսյանի վերանշանակման մասին։ Է.Շարմազանովն էլ ասել է՝ քանի որ ապահովել է 7,2% տնտեսական աճ։ Հիշեցնեմ, որ վերանշանակվում է մի մարդ, որի օրոք ՀՀ տնտեսությունը 5 տարում 2 անգամ աճելու փոխարեն գրեթե նույնն է մնացել։ Ինչ վերաբերում է 7,2% աճին, ապա այն բլեֆ է և ստորև կրկնում եմ ապրիլի 12-ին արած գրառումս։ Պատրաստ եմ հանդիպել Տ.Սարգսյանի հետ և ապացուցել։ Ստացվում է՝ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու։ Իսկ այդ աճերն ահա այսպես նկարվելու են։ 2008-ին գոնե մի քանի հոգու փոխեցին։ Չեմ հասկանում, մարդ չունե՞ն։ Թե՞ իսկապես ընդդիմությանը տաշեղի տեղ էլ չեն դնում։ Բա Հայաստա՞նը»:

Վարչապետի վերանշանակմանը Facebook-ի իր էջում այսպես արձագանքեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը:

ԲՀԿ-ականները նույնպես արձագանքեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը: Ինչպես երևում է, սրանից հիացած չէ ոչ միայն ԲՀԿ-ն, այլև քաղաքական մյուս ուժերը: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն անդրադարձավ այդ քննադատություններին. «Թե այս կամ այն թիմին ինչու չի գոհացրել, այսպես ասեմ, իրենց խնդիրն է: Ունենալով մեծամասնություն և Սահմանադրությամբ մեզ վերապահված այդ որոշումը, մենք` ի դեմս երկրի նախագահի, որոշել ենք»: Ինչ վերաբերում է հետագա հնարավոր կոալիցիաներին, Հովհաննես Սահակյանի խոսքով՝ ՀՀԿ-ն, լինելով երկու համապետական ընտրությունների հաղթող, թելադրում է խաղի կանոնները:

ՕԵԿ-ը Երևանի բյուջեի ոչ նպատակային ծախսման համար ավագանու քարոզարշավի շրջանում խիստ քննադատության է ենթարկում կոալիցիոն ՀՀԿ-ին, ինչ է, «Օրինաց երկիրը» հիմա էլ ընդդիմադիր խաղե՞ր է տալիս:

Թե ինչ է անում «Օրինաց երկիրը»՝ ժամանակը ցույց կտա, իսկ թե երկու ՀԱԿ-երից ո՞ր մեկն է իրականը և այս երկուսից ո՞րն է ներկայացնում ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր «Վարկած» ակումբում ասաց. «Երկուսն էլ իրական ՀԱԿ են: Կա օրենքների սահմաններում ձևավորված կուսակցություն, և կա հինգ տարի գոյություն ունեցող ՀԱԿ կուսակցությունների միավորում»: Չմոռանանք, որ ԱԺ մուտք գործած ՀԱԿ դաշինքը պետբյուջեի հաշվին գումարներ է ստանում և ընտրական տեղամասային հանձնաժողովներում ունի տեղեր։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են բաժանվելու այդ փողերն ու հանձնաժողովի տեղերը: 

Ո՞ւմ ի՞նչ կմնա…


Տպագրել