Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/comments.php?id=29783
Մեկնաբանություններ


22.04.2013

Դիմակների շոու ԲՀԿ-ից

Երևանի ավագանու ընտրարշավը լրիվ թափով առաջ է ընթանում։ Ավագանու կազմում հայտնվել ցանկացող կուսակցությունները ցուցադրվելու համար ջանք ու եռանդ չեն խնայում։ Ընդ որում՝ բոլոր «թեկնածուներն», առանց բացառության, անվճար խոստումներ են շռայլում։ Այդ բոլոր խոստումները սիամյան երկվորյակների պես նման են մեկը մյուսին։ Տարբերվում են միայն կուսակցությունների կողմից քաղաքացիներին տրվող երաշխիքները, որոնք, իբր, կարող են համոզել մեզ այն բանում, թե իրենց կառավարման օրոք ինչ-որ բան կփոխվի։ Եվ հենց այստեղից էլ, ինչպես ասում են, սկսվում է...

Անցած հանգստյան օրերին մեզ առանձնապես դուր եկավ ԲՀԿ «թխած» շոուն։ Իսկ ահա առաջնության դափնիները, անշուշտ, պատկանում են Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ, այլ ոչ թե առաջին համարին՝ Գուրգեն Արսենյանին, որը հեռուստաէկրաններից և ԶԼՄ-ների էջերից հավաստիացնում էր, թե քաղաքացիների համար լավագույն երաշխիք կարող է ծառայել իրենց խոսքն ու ապրած կյանքը, որը ցույց է տալիս, թե ով են իրենք։

«Եթե որևէ մեկը մտածում է, թե մարդիկ, ովքեր ողջ կյանքը զբաղված են եղել նրանով, որ աշխատել են, ինչ-որ բան ստեղծել, հիմա ուզում են խաբել իրենց, ապա նման մոտեցումը վիթխարի վտանգ է ներկայացնում հասարակության համար, և այդ ժամանակ՝ վայ մեզ։ Կամ մարդիկ վստահում են մեզ և ստանում են արդյունավետ կառավարում այդ վստահության դիմաց, կամ մնում են նույն դրության մեջ, ինչ և հիմա»,- ամփոփել է Արսենյանը։

Իսկ ո՞վ է իրականում Գուրգեն Արսենյանը։ Իհարկե, Արսենյանը հաջողակ գործարար է։ Բայց ինչո՞վ է աչքի ընկել որպես չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր։ Իսկապե՞ս աշխատել է, թե՞ աշխատանքի տպավորություն է ստեղծել։

Ինչպես վկայում է https://www.parliamentmonitoring.am-ը, ԱԺ պատգամավոր Գուրգեն Բաբկենովիչի՝ օրինագծերի գծով «քվեարկության պատկերը» ցավալի է։ Պատգամավոր Արսենյանի «քվեները» բաշխվել են հետևյալ կերպ. «կողմ»՝ 8,45%, «դեմ»՝ 7,04%, «ձեռնպահ»՝ 24,65%, «չի քվեարկել» (այսինքն՝ ներկա չի եղել)՝ 52,1% (!)։ Ուրեմն, Արսենյանը չարամիտ բացակայող է։

Ավելին, հինգ «թեժ օրինագծերից» երեքի քվեարկության ժամանակ Արսենյանը նույնպես բացակա է եղել։ Բացակայել է (անտեսել, բոյկոտել է) այնպիսի օրինագծերի քվեարկություններից, ինչպիսին են նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ մտցնելը, բյուջե 2013-ը...

Ինչ վերաբերում է պատգամավոր Արսենյանի ակտիվության աստիճանին, ապա այն առայժմ հաշվարկվում է ԱԺ նիստերում նրա ունեցած երեք ելույթներով և տրված մեկ հարցով։

Օբյեկտիվ լինելու համար նշենք, որ Գուրգեն Արսենյանը ԲՀԿ 194 հոգանոց ցուցակում ընդամենը «երկրորդ» համարն է, և նրա թվացյալ «աշխատանքը» չի կարող որոշել ամբողջ կուսակցության աշխատանքը։ Բայց տեսեք, թե ինչն է հետաքրքիր. «քվեարկության պատկերը» ցավալի է նաև ԲՀԿ ցուցակի «երրորդ» համարի՝ ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պարագայում։ Նրան նույնպես կարելի է կարգին բացակայող համարել (50,7%), սակայն Մանուկյանը «շահեկանորեն» տարբերվում է Արսենյանից նրանով, որ եթե քվեարկել էլ է, ապա սովորաբար՝ «կողմ» (37, 32%)։ Ինչ վերաբերում է Մանուկյանի ակտիվության աստիճանին, ապա եթե երկու խոսքով ներկայացնելու լինենք՝ դա ներկայության լիակատար բացակայությունն է (ելույթ է ունեցել մեկ անգամ, մեկ անգամ էլ հարց է տվել)։ Հարց. համընկնո՞ւմ է սա, թե՞ օրինաչափություն։

Ըստ էության, երևանցիների աչքին սուպերհերոսներ երևալու թեկնածուների ցանկությունը հասկանալի է. չէ՞ որ մայրաքաղաքի իշխանության հարցն է լուծվում։ Բայցև հաշվի չի առնվում մի շատ էական մանրուք. երևանցիները վաղուց արդեն չեն հավատում «սուպերհերոսներին», ինչպես հավատում էին 1980-ականներին, հնդկական ֆիլմերի ազդեցության տակ, և դրա համար նրանք, ի դեպ, օբյեկտիվ պատճառներ ունեն...          


Տպագրել