Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/comments.php?id=29793
Մեկնաբանություններ


22.04.2013

ԵԽԽՎ-ն՝ Իվանիշվիլու ամրության ստուգում

Ահա արդեն մի քանի օր է՝ լուրջ կրքեր են բորբոքվում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում վրացական և ռուսական պատվիրակությունների ծրագրված հանդիպման շուրջ։ Իսկ կայծը, որը բոց է հրահրել, Ռուսաստանի պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովի՝ առաջին հայացքից անմեղ թվացող հայտարարությունն է եղել։ Նա, մասնավորապես, հայտարարել է, թե ապրիլի 23-ին, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, ռուսական պատվիրակությունը մտադիր է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու առջև դնել Ռուսաստանի հանդեպ Վրաստանի ղեկավարության արտաքին քաղաքականության փոփոխության հարցը։

«Մենք մտադիր ենք հարցնել, թե որքանով է նա (Բիձինա Իվանիշվիլին- հեղ.) պատրաստվում փոխել Վրաստանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ Ռուսաստանի հանդեպ, որովհետև առայժմ վրացական իշխանությունների բոլոր պաշտոնական հայտարարություններն ընթանում են այն արտաքին քաղաքականության հունով, որը վարում էր Սաակաշվիլին»,- ասել է Ալեքսեյ Պուշկովը։ Ըստ նրա, ելնելով Բիձինա Իվանիշվիլու պատասխաններից՝ ռուսական կողմը կհասկանա. «կա՞ արդյոք Վրաստանի հետ հարաբերությունների բարելավման հույս»։ Իսկ ընդհանուր առմամբ, ռուսաստանյան լրատվամիջոցները նույնպես տեղեկացրել են, որ նստաշրջանի շրջանակներում ծրագրված է ՌԴ և Վրաստանի պատվիրակությունների՝ 2008թ. կոնֆլիկտից հետո առաջին հանդիպումը լրիվ կազմով։

Վրաստանում արձագանքն այս տեղեկատվությանը միանշանակորեն բացասական էր։ «Լրիվ կազմով պատվիրակությունների» հանդիպումն անվանվել է ապատեղեկատվություն, որը հատուկ տարածել է ռուսական պատվիրակությունը, քանի որ դա մինչև այժմ համաձայնեցված չէ վրացական կողմի հետ և ոչ ոք նման խոստումներ չի տվել։ Այս մասին ասել է Եվրոպայի խորհրդում Վրաստանի նախկին դեսպան Մամուկա Ժգենտին։ Ըստ նրա՝ թեև նա որևէ վատ բան չի տեսնում նման ոչ պաշտոնական հանդիպումներում և անգամ կարծում է, որ դրանք անհրաժեշտ են, բայցևայնպես նման ձևաչափին պաշտոնական կարգավիճակ հաղորդելը ցանկալի չէ և վնասում է Վրաստանի շահերին։

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է պատվիրակությունների միջև պաշտոնական հանդիպումների անցկացումն անցանկալի... Ռուսաստանն առանց այդ էլ փորձում է նվազեցնել Ժնևյան ձևաչափի նշանակությունը (հիշեցնենք, որ վերջին՝ մարտյան հանդիպումները Ժնևում ավարտվել են ժամկետից շուտ, քանի որ կողմերն այդպես էլ չկարողացան պայմանավորվել «ուժի չկիրառման» մասին- հեղ.)։ Սպառնալիք կա, որ եթե այդ հանդիպումները ԵԽԽՎ շրջանակում պաշտոնական ու կանոնավոր բնույթ ստանան, ռուսները դրանք Ժնևյան ձևաչափին այլընտրանք կդիտարկեն...»,- հայտարարել է Մամուկա Ժգենտին։       

«Նախկինների» պարզաբանումներին հետևեցին նաև «գործողների» բացատրությունները։ «ԵԽԽՎ-ում չի նախատեսվում վրացական և ռուսական պատվիրակությունների հանդիպում լրիվ կազմով, և այս առիթով տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ԵԽԽՎ-ում վրացական խորհրդարանական պատվիրակության անդամ Թինա Խիդաշելին։ Ինչ վերաբերում է ռուսական պատվիրակության՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու առջև հարցը կտրուկ բարձրացնելուն, ապա այս առնչությամբ կուզենայի ասել հետևյալը։

Բանն այն է, որ Վրաստանում անցած տարվա աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանության եկած «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները մշտապես իրենց գլխավոր խնդիրներից մեկն են համարել հարաբերությունների կարգավորումը ՌԴ-ի հետ։ Ընդ որում, Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին նույնպես քանիցս նշել է, որ թեև գիտակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման բարդությունը, այնուամենայնիվ լավատեսությունը չի կորցնում, քանի որ վրացական նոր կառավարությունը «լինելու է կառուցողական և սկզբունքային Ռուսաստանի հետ հարաբերություններում», ի տարբերություն Սաակաշվիլու կառավարության, որը խորացրել է առանց այդ էլ բարդ հարաբերությունները երկրների միջև։ «Ես հնարավոր եմ համարում ավելի մեծ համբերությամբ և ավելի քիչ էմոցիաներով դրական արդյունքների հասնելը... Ես լավատեսորեն եմ տրամադրված»,- երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների առնչությամբ ասել է Իվանիշվիլին։

«Ձնհալի» վկայություն դարձավ ռուս-վրացական առևտրային, մշակութային կապերի վերականգնումը։ Ավելին, Բիձինա Իվանիշվիլին չսահմանափակվեց ձեռք բերվածով և քաղաքական որոշակի ուժերի կոչ արեց ակտիվանալ, այսինքն՝ դառնալ երրորդ քաղաքական ուժը Վրաստանում։ Իսկ թե որ քաղաքական ուժերին՝ նշել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան։

«Մենք տեսնում ենք, թե ինչ տեսակի ուժեր են ակտիվացել, և որ ամենագլխավորն է՝ ինչ ուժերի է խթանում վարչապետը; Առաջին հերթին, իհարկե, Նինո Բուրջանաձեին։ Կոռեկտ չէ, երբ վարչապետը հայտարարում և քննարկում է այն, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը։ Դա ինքնին ճիշտ չէ, բայց էլ ավելի շատ անհանգստացնում է այն, որ նրա հռչակած հիմնարար ուժը պետք է լինեն իրենք, ինչն անձամբ ես և իմ թիմը չէինք ցանկանա։ Նա ասում է, թե Բուրջանաձեն և Իվանիշվիլին, այսինքն՝ հենց Պուտինի հետ խաղացող ուժերը, ֆաշիստները պետք է ակտիվացվեն։ Իսկ «Ազգային շարժումը» պետք է վերանա։ Սա շատ տագնապալի ազդանշան է»,- հայտարարել է Բոկերիան «Շեշտադրումներ» հաղորդման մեջ։

Հարկ է նշել, որ Իվանիշվիլու գործողություններն ընդհանուր առմամբ սկսել են դժգոհություն առաջացնել ոչ միայն Սաակաշվիլու թիմի ներկայացուցիչների (որոնք, ի դեպ, Իվանիշվիլու կառավարությանը միշտ մեղադրել են ռուսամետ կողմնորոշման մեջ և անգամ ապրիլի 19-ի բողոքի ակցիայի ժամանակ բացահայտորեն Բիձինային ուղարկել են տուն... Կրեմլ), այլ նաև իրենց կողմնակիցների շրջանում։

Այսպիսով, ներկա իրողությունների պայմաններում, գուցեև ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ռուսական պատվիրակությունը Բիձինա Իվանիշվիլու առջև հարցը կտրուկ կդնի, բայց դե Վրաստանի վարչապետի պատասխանը հազիվ թե այդքան ուղղագիծ լինի, քանի որ կսկսի գործել (ամենայն հավանականությամբ) ինքնապահպանման բնազդը։

Տպագրել