Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/comments.php?id=29847
Մեկնաբանություններ


23.04.2013

Արա Աբրահամյանն անբարո մարդ է (այս մասին իմացել են նաև Լիտվայում)

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի համբավը վաղուց դուրս է եկել Ռուսաստանի և Հայաստանի սահմաններից, նրա գործերն այնպիսին են, որ նրան արդեն լավ գիտեն նաև Լիտվայում։ Բայց ուրախացնում է այն, որ Լիտվայում հասկացել են ՌՀՄ ղեկավարի ինչ լինելն ու ճիշտ ախտորոշում են կայացրել։ Ի պատասխան պրն Աբրահամյանի՝ մայրաքաղաքի ավագանու ընտրություններում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտպանելու կոչի՝ Լիտվայի հայերի միությունը հայտարարել է. «Մենք կարծում ենք, որ բարոյական չէ պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում ցանկացած պաշտոնի որևէ թեկնածուի» (https://www.regnum.ru/news/polit/1652068.html)։

Անշուշտ, լիտվահայերն իրավացի են։ Հանուն ինչի՞ փառապանծ Մալիշկա գյուղի գեղցին պետք է միջամտի երևանյան գործերին և, ավելին, ընտրություններում աջակցություն ցուցաբերի սրան կամ նրան։ Մենք հասկանում ենք, որ Արա Աբրահամյանը մեկն է, որի կյանքի նպատակն իշխանությունից կախված ու նրա ճորտը լինելն է՝ անկախ վերջինի որակից, վաստակից, գործերից և այլն։ Ի՞նչ եզրահանգումների ու փաստարկների հիման վրա է Արա Աբրահամյանը եկել այն հետևության, որ հենց Տարոնը պետք է ղեկավարի Երևանը։ Ինչո՞ւ է որոշել, որ Տարոնն ավելի լավ գլուխ կհանի քաղաքային տնտեսությունից, քան Երիցյանը կամ Արսենյանը։ Որովհետև Տարոնը նախագահ Սարգսյանի դրածոն է և հանգուցյալ վարչապետի որդի՞ն։ Հորդորելով պաշտպանել Տարոնին՝ արդյո՞ք պրն Աբրահամյանը նկատի ուներ մի որևէ բան, որը թույլ կտար ռացիոնալ մարդուն գալ այն եզրակացության, թե Տարոնը և միայն Տարոնն է արժանի լինելու Երևանի քաղաքապետը։ Ես կհասկանայի փառահեղ մալիշկեցուն և անգամ հարգանքով կլցվեի նրա հանդեպ, եթե կոչ աներ պաշտպանել, ասենք, Գրիգոր Հասրաթյանին այն բանի համար, որ վերջինը Երևանում ստեղծել է Մանկական ստեղծագործության՝ աշխարհում առաջին (!) թանգարանը, ԽՍՀՄ-ում առաջին Ժամանակակից արվեստի թանգարանը։ Իսկ նման բաներ անելը Խորհրդային Միությունում, որտեղ ամեն ինչի համար Մոսկվայի համաձայնությունն էր հարկավոր, որտեղ modern art արտահայտությունն իսկ հայհոյանք էր, բավական բարդ էր։ Եվ փայլուն մենեջերական հմտություններ էին պահանջվում այդքան հանդուգն մտահղացումները կյանքի կոչելու համար, որոնց այսօր, ցավոք, Հայաստանում ոչ ոք չի տիրապետում։ Այսօր Հայաստանում մենեջերներին գովաբանում են միայն այն բանի համար, որ նրանք պարզապես գալիս են աշխատանքի, քանի որ որևէ այլ բանի պիտանի չեն։ Մի՞թե ծիծաղելի չէ, երբ Տարոնին գովում են այն բանի համար, որ փողոցները մաքուր են (այն էլ՝ խիստ հարաբերական իմաստով)։ Որտե՞ղ է գրված, որ քաղաքը պետք է կեղտոտ լինի, իսկ եթե այնտեղ մաքուր է, ուրեմն՝ քաղաքապետը սուրբ է, և քաղաքացիների աջակցությունը պետք է ապահովվա՞ծ լինի նրա համար։ Ինչո՞վ է աչքի ընկել Տարոնը։ Նրանով, որ աշխատանքի է գնում և անում է այն, ինչը չանելու իրավունք չունի՞։ Մի ինչ-որ նշանակալի բան արե՞լ է Տարոնը, մի բան, որը չի մտել նրա պարտականությունների մեջ, ինչպես Գրիգորի Հասրաթյանը 1962-75թթ.։ Իհարկե՝ ոչ։ Մյուս թեկնածուներից որևէ մեկը կանի՞ մի ինչ-որ նշանակալի բան՝ քաղաքապետ դառնալով։ Իհարկե՝ ոչ։ Մենեջմենթը Հայաստանում վերացել է, ինչպես վերացել են գիտությունը, լավ կտավներ, վեպեր, սիմֆոնիաներ ստեղծելու կարողությունը և այն ամենը, ինչը կապված է ինտելեկտի հետ։ Քանի որ իսկական ինտելեկտ ունեցողները, գիտակցելով իրենց չպահանջվածությունը, վաղուց հեռացել են այս երկրից, իսկ նրանք, ովքեր մնացել են, կամ ողորմելի գոյություն են քարշ տալիս, կամ ի վիճակի չեն առաջ գնալ այս գորշ իրականության մեջ, որտեղ պարահանդեսը ղեկավարում են աբրահամյանակերպ գոյակները։

Իհարկե, քաղաքապետ կդառնա Տարոն Մարգարյանը, ընդ որում՝ առանց ստորաքարշների ու համաշխարհային հայության ինքնակոչ առաջնորդների աջակցության։ Բայց ոչ այն պատճառով, որ գերազանցում է իր մրցակիցներին, այլ որովհետև՝ բազում են կոչեցեալք, սակաւ են ընտրեալք։ Այս է ամենը։ Եվ աստվածաշնչյան այս ճշմարտության գիտակցումը կթեթևացնի մեր կյանքն այս գորշ, հոգնած և ամեն հեռանկարից զրկված իրականությունում...     

Տպագրել