Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28808
Լրահոս


02.04.2013 / 16:26

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔՈՒՎԵՅԹԻ ԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուհամմադ Դուայիջ Ալ Իբրահիմ ալ Սաբահին, ով Հայաստան է ժամանել «Արմենպրես» լրատվական գործակալության հրավերով:
Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը: Հիշեցնելով, որ գալիք տարի երկու երկրները նշելու են  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը՝  Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերություններին նոր թափ է հաղորդել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը Քուվեյթ, ինչպես նաև նախորդ տարի կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերը:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ լրատվական գործակալությունները կարող են էապես օգնել երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում, քանի որ լրատվական հոսքերի շնորհիվ հնարավոր կլինի ավելի լավ պատկերացում կազմել տեղի ունեցող գործընթացների մասին, ինչպես նաև բացահայտել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերն ու ծրագրերը:
Շեյխ Մուհամմադ Դուայիջ Ալ Իբրահիմ Ալ Սաբահին վստահություն է հայտնել, որ հայ-քուվեյթյան հարաբերություններն առաջիկայում ևս առաջ կշարժվեն՝ նաև լրատվական ասպարեզում կապերի զարգացմամբ:
Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար, և Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները:




Տպագրել