Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28809
Լրահոս


02.04.2013 / 16:35

ԼՂ ԽՆԴՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԼՂՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 2-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն և մասնակցել 2012թ. գործունեության արդյունքների ամփոփմանը և 2013թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը:
Զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում գերատեսչությունն ընդհանուր առմամբ լուծել է իր առջև դրված խնդիրները:
Անդրադառնալով հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգին` նախագահը նշել է, որ այն մնացել է անփոփոխ, և որպես գերնպատակներ հանդես են գալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և տարբեր պետությունների հետ բազմակողմանի կապերի զարգացումը: Նախագահ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել այս հարթություններում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում եղած գերխնդիրների լուծման գործում առանձնակի կարևորություն է ստանում տեղեկատվական-քարոզչական ոլորտը, որտեղ հիմնական շեշտն անհրաժեշտ է դնել հանրապետության և նրա կենսագործունեության տարբեր ոլորտների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկատվության տարածման և հակառակորդի կողմից տարվող կեղծ քարոզչության դեմ պայքարի ուժեղացման վրա: Նախագահը շեշտել է, որ այստեղ պետք է դուրս գալ պատասխանողի դիրքերից և լինել ավելի նախաձեռնողական, ինչի համար մենք ունենք և բարոյական, և իրավաքաղաքական բոլոր հիմքերը:
Բակո Սահակյանը կարևոր է համարել նաև արտաքին տնտեսական կապերի ոլորտում մեր դիվանագիտության ակտիվացումը, ինչը միաժամանակ մեծապես կնպաստի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը: 
Նախագահ Սահակյանը նշել է, որ գերատեսչության առջև ծառացած խնդիրները, անձնակազմի աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման հարցերն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:



Տպագրել