Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=28923
Լրահոս


05.04.2013 / 10:34

«ԱՍՏԾՈ ՄՈՏ ԳՆԱԼՆ ԷԼ ԵՆ ՍԱՐՔԵԼ ՓՈՂՈՎ». ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆ ՎՃԱՐՈՎԻ Է ԴԱՐՁԵԼ

Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթ ահազանգեց մի քաղաքացի և վրդովված պատմեց, որ Էջմիածնի Մայր տաճարի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում մեքենան 10 րոպե կանգնեցնելու համար 200 դրամ է վճարել. «Մտա եկեղեցի, մոմ վառեցի, դուրս եկա, ասում են՝ 200 դրա՛մ տուր, 10 րոպե կանգնել ես: Փաստորեն, Աստծո մոտ գնալն էլ են սարքել փողով: Էս ի՞նչ երկիր է»:
««Ժողովուրդ»-ի թղթակիցն անմիջապես մեկնեց Էջմիածին՝ ստուգելու՝ քաղաքացու դժգոհությունը որքանով է տեղին: Այնտեղ նաև մեր մեքենայից 200 դրամ գանձեցին Մայր տաճարի հարակից ավտոկանգառում կայանելու համար:
Խնդրի առնչությամբ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց. «Այնտեղ համակարգիչ կա, որը ֆիքսում է, թե մեքենան երբ է մտնում և երբ է դուրս գալիս: Մինչև տասը րոպե կայանելն անվճար է, հենց տասը րոպեն լրացավ և թեկուզ մեկ վայրկյան, համակարգիչը հաշվում է այն և գանձում ընդամենը 100 դրամ: Յուրաքանչյուր ժամի համար գանձվում է 100 դրամ: Իսկ կտրոնը պարտադիր պետք է տան մեքենայի տիրոջը, որտեղ նշված է մեքենայի կայանատեղի մտնելու և դուրս գալու ժամանակահատվածը»:
Իսկ ո՞ւր են գնում այդ փողերը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Կանգառը նոր է սկսել գործել, դեռ մեկ ամիս չկա, իսկ գումարները ծառայում են եկեղեցու գործունեության և ծրագրերի իրականացման նպատակով»»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:


Տպագրել