Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29328
Լրահոս


13.04.2013 / 12:32

ԻՎԱՆԻՇՎԻԼԻ. ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՍՏԻՊՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ ԳԱԼ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստիպված է լինելու գալ 2008թ. օգոստոսյան դեպքերի հետ կապված հարցաքննության, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: 

Մեկնաբանելով Սաակաշվիլիի հայտարարությունը, թե «ինքը մտադիր չէ համագործակցել քննիչների հետ», վարչապետն ընդգծել է, որ «այժմ Վրաստանում օրենքի գերիշխանություն է, և բոլորը, այդ թվում նաև նախագահը, ստիպված կլինեն գնալ հարցաքննության այնքան, որքան պահանջվի», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

«Անցել է այն ժամանակը, երբ Սաակաշվիլին ինքն էր որոշում, թե ով պետք է պատասխանի բոլոր կարևոր հարցերին ժողովրդի առջև, իսկ ով՝ ոչ», - ասված է Իվանիշվիլիի հայտարարության մեջ:

Անհրաժեշտ է«պարզել ճշմարտությունը», և դա «ոչ մի վնաս չի հասցնի Վրաստանի հեղինակությանը և չի վտանգի երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ ոչ ոք չի արդարացնում Ռուսաստանի ագրեսիան», համարում է վարչապետը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սաակաշվիլին հայտարարել էր, թե չի համագործակցելու քննիչների հետ, որոնք ուսումնասիրում են նախկին իշխանությունների գործողությունները 2008թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ: Իսկ հետաքննությունը նա անվանել է «հակապետական»:

«Որպես Վրաստանի քաղաքացի վայրկյան անգամ չեմ համագործակցելու այդ հակապետական հետաքննության հետ: Այդ հետաքննությունը նպատակ է հետապնդում սասանել երկրի պետականությունը և ուղղված է տարածքային ամբողջականության դեմ», - ասել էր նա:


Տպագրել