Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29333
Լրահոս


13.04.2013 / 15:16

ՄԻԱՆԱՅԻ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵԻ, ՈՐ ԳՆԱՅԻ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԱՂՈԹԵԻ՞. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ ապրիլի 13-ին, ՀԱԿ համագումարի ժամանակ անդրադարձել է «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը և դրան չմիանալու հետ կապված իրենց հնչեցվող մեղադրանքներին:
Նա նախևառաջ նշել է, որ չէր ցանկանա Րաֆֆի Հովհաննիսյանի մասին ոչ մի բացասական, հեգնական գնահատական տալ, «չի կարելի, երբ մեկը բարիկանդների վրա է, նրան չի կարելի այսպիսի դիտողություններ անել»: Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ երբ իրենց ասում են, թե ինչու չեն միանում, ինքը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն էր, որը հրապարակավ հայտարարել է, որ նախագահական ընտրություններին հաղթել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Արտահայտվել ենք, որ հաղթողը ոչ թե Սերժն է, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը, «սա ամենամեծ աջակցությունն է, որ մի ընդդիմադիր կուսակցություն կարող է ասել մեկ այլ կուսակցությանը»:
Երկրորդ բանը, որ հիշեցրել է առաջին նախագահը, այն է, որ իրենց ակտիվիստների մեծագույն մասը միշտ եղել է  հրապարակում, հրապարակի կեսը միշտ եղել է Կոնգրեսի աջակիցները, համակիրները: Մյուս հարցին, թե ինչու ՀԱԿ-ի ղեկավարությունը չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, չեկավ հարթակ, նա հետաքրքիր պատասխան տվեց. «Այստեղ կներեք, շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է  դրել Սերժ Սարգսյանը, միանայի, որ ի՞նչ անեի: Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք, ուզում եք հավատացեք կամ մի հավատացեք, իմ մանկության երազանքը չի եղել Վովա Գասպարյանի հետ մոմ վառելը»:
Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ ինքը մեղավորներ չի փնտրում, պարզապես փաստերն է  արձանագրում: Նա ասաց, որ դեռ հնարավորություն կա միասնական քաղաքական պրոցես տանելու առանց դեմագոգիայի, կշտամբանքների,ակնարկների, կարելի է միասնական մեխանիզմ ստեղծել, որ կարողանանք վերահսկել այս ընտրությունները: Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ եթե ավագանու ըտրությունները ցավոտ պարտություն լինի իշխանության համար, դա կլինի նրա կործանումը: «Հիշեք, եթե մեկը նախագահ է ուզում դառնալ, դրա լավագույն ճանապարհը ավագանու ընտրություններն են: Նախագահ դառնալու ճանապարհը Երևանի ավագանում հաղթանակ տանելն է, դե եկեք տարեք այդ հաղթանակը»,- ասաց նա՝ շեշտելով, որ իրենք պայքարը ոչ թե անձերի դեմ է, այլ համակարգի: Առաջին նախագահն ասաց, որ  Տարոն Մարգարյանը իր համար անձ չէ, այլ համակարգի մի խամաճիկ,  ով էլ նշանակվի համակարգի կողմից, Տարոնից լավը չի լինելու, հետևաբար՝ պայքարում ենք ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ»,- News.am-ի փախանցմամբ ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տպագրել