Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29782
Լրահոս


22.04.2013 / 15:41

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԲՀԿ-Ի «ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է Աջափնյակի բնակիչների հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների օրերս տեղի ունեցած հանդիպմանը, որը տեղի էր ունեցել «Չերի» ռեստորանային համալիրում: Ըստ որոշ հաղորդագրությունների, ԲՀԿ-ականները աջափնայկցիներին խաշ են հյուրասիրել:

«ԲՀԿ-ն իր քարոզարշավները սկսել է անցկացնել ակումբային ձևաչափով։ Այսպես որ գնա, ընտրողների հետ հաջորդ հանդիպումը լինելու է գիշերային ակումբներում, գուցե նաև մարդկանց հաց տալու փորձեր էլ կատարեն։ Ակումբային տրամաբանությամբ քարոզարշավը, համոզված ենք, համարժեք արդյունք էլ արձանագրելու է։

Աջափնյակում «Չերի» ակումբի ԲՀԿ-ական հանդիսատեսն ընդամենը 30 հոգի էր։ 30 հոգանոց լսարանի առջև բարգավաճականները բերան էին ճղում՝ հավատացնելու, որ իրենք ընտրողին միայնակ չեն թողնելու և իշխանությունների կցորդը չեն դառնալու։ Ով՝ ով, ԲՀԿ-ն դա չպետք է ասեր։ Ընտրողը շատ լավ հիշում է նախագահական ընտրությունները, որոնց ԲՀԿ-ն չհարմարձակվեց մասնակցել՝ իր էլեկտորատին թողնելով միայնակ։ Հիշում են նաև ԲՀԿ կենսագրությունը, որի մեծագույն մասն այս կուսակցությունը հենց իշխանության հետ է անցել:

ԲՀԿ-ականները քննադատության թիրախ են դարձրել ժողովրդավարության մակարդակը Հայաստանում։ Սակայն նրանց այսօրվա խոսքն ու պահվածքը վկայում են, որ Հայաստանում ժողովրդավարության առումով մեծ առաջընթաց է գրանցվել։

Հաշվի առնելով Դաշնակցության, «Ժառանգության» և ՕԵԿ-ի թափ հավաքող և գրագետ ընտրարշավները՝ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի անգամ 2-րդ տեղը գրավելն էլ խիստ վտանգված է», - գրում է Կ.Ավագյանը:


Տպագրել