Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29799
Լրահոս


22.04.2013 / 17:39

ՄԵՐ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ ԿՈՒՌ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ուղերձ է հղել Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին:

Ուղերձում ասված է.

«Ի սրտե ողջունում եմ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովի բոլոր մասնակիցներին ու հյուրերին:

Նման միջոցառման անցկացումը համարում եմ կարևոր ու պահանջված, և այդ պատճառով, ուզում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը` նախաձեռնության իրականացման համար:

Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը հզոր ու անկախ ազգային պետականության առկայությունն է: Իսկ մեր անկախ պետականության հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը և նրա շարունակական ամրապնդումը: Այս համատեքստում հրամայական է դառնում համազգային կարևորագույն խնդիրների շուրջ միասնական ու համակարգված քաղաքականության իրականացումը: Նման գերխնդիրներից է Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչումը, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծումը և սփյուռքում հայ ինքնության պահպանումը:

Ողջունելի է, որ այդ և դրանց հետ կապված բազմաթիվ այլ հարցեր ընդգրկված են համաժողովի օրակարգում: Կրկնակի ողջունելի է, որ միջոցառումը երիտասարդական է: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս աշխատանքն ավելի երկարաժամկետ տեսլականով կազմակերպելու համար:

Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կնպաստի աշխարհի տարբեր ծայրերում հայ երիտասարդների միջև կապերի ամրապնդման գործին:

Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ և արդյունավետ աշխատանք»:


Տպագրել