Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29811
Լրահոս


23.04.2013 / 10:04

ԱՅԱԹՈԼԱ ԽԱՄԵՆԵԻԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԱՆԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՃ Է

Արդեբիլ գավառում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիի ներկայացուցիչ այաթոլա Սեիդ Հասան Ամիլին կոշտ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին:

Ինչպես հաղորդում է Hakkin.az-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ների, ելույթ ունենալով Արդեբիլում հավատացյալների առջև՝ Ամիլին Ադրբեջանն անվանել է «անառակության որճ տարածաշրջանում»:

Նրա խոսքով, դրանում կարելի է համոզվել՝ դիտելով ադրբեջանական հեռուստատեսության հաղորդումները:

«Ամեն օր Ադրբեջանում հեռուստատեսային եթեր են թողնում մերկ երգչուհիների և դերասանուհիների, և ամբողջ թափով ընթանում է անբարոյականության քարոզչությունը: Այդ պատճառով այդ երկրի երիտասարդությանը չի հետաքրքրում ոչ գիտությունը, ոչ էլ՝ կրթությունը: Քանի որ հաջողության ճանապարհը երիտասարդները տեսնում են այլասեռվածության և անբարոյականության մեջ», - ասել է այաթոլա Ամիլին:

Նա նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և պատգամավորներին զերծ մնալ հակաիրանական հայտարարություններից, իսկ դրա փոխարեն ուշադրություն դարձնել կրթությանը և առողջապահությանը սեփական երկրում:


Տպագրել