Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29819
Լրահոս


23.04.2013 / 10:41

ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, ար ապրիլի 22-ին Երևանի Աջափնյակի 17-րդ թաղամասում հարձակվել են քարոզչանյութեր բաժանող ՀԱԿ ակտիվիստների վրա, ինչի հետևանքով նրանցից մեկը ծանր վնասվածքներով հոստպիալացվել է։ ՀԱԿ հայտարարությունում նաև նշվում է, թե ակնհայտ է, որ պետական կառույցներից սկսած մինչև հանրապետականի շարքերում գտնվող կամ նրա հովանու տակ գործող «թաղային թափթփուկներին» հստակ քաղաքական հրահանգ է իջեցված՝ ամեն կերպ խոչընդոտել ՀԱԿ քարոզարշավը։
ՀԱԿ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետևանքով ծանր մամնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները։ Երեք դեպքում դրա հեղինակները իրենք ներկայացել են ՀՀԿ-ի անունից, չորրորդ դեպքում, քաղաքապետարանի մոտ նախընտրական միջոցառումը խոչընդոտողի դերում հանդես է եկել հենց ինքը՝ ոստիկանությունը։ Ընդ որում առ այսօր քաղաքապետական ընտրությունների քարոզարշավին մասնակից ուրիշ որևէ քաղաքական ուժի քարոզիչներ ու ակտիվիստներ որևէ խոչընդոտի չեն հանդիպել:

Վարչախումբը խուճապի մեջ է, և այդ խուճապը կապված է Կոնգրեսի վերջին համագումարի ու դրա անհանգստացնող քաղաքական ռեզոնանսի հետ։ Վարչախմբի խուճապը վկայություն է նաև այն իրողության, որ մայրաքաղաքի ընտրություններում ընդդիմության հաղթանակը, իրոք, կարող է լուծել Հայաստանում ամբողջական իշխանափոխության հարցը։ Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ պետական կառույցներից սկսած մինչև հանրապետականի շարքերում գտնվող կամ նրա հովանու տակ գործող թաղային թափթփուկների հստակ քաղաքական հրահանգ է իջեցված՝ ամեն կերպ խոչընդոտել Կոնգրեսի քարոզարշավը։ Այդ հրահանգը իջեցվել է ամենավերևից, և, անկախ այն բանից, թե ով է իրականացնում այդ պատվերը՝ ոստկանական ուժերը, թե թաղային խուժանը, նա անձնավորում է վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանին»:


Տպագրել