Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29843
Լրահոս


23.04.2013 / 14:23

«ODNOKLASSNIKI»-Ի ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԷՋԵՐԻՆ ՏԻՐԱՑԱԾ ԱՆՁԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է

Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրացել է Odnoklassniki.ru սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում 2013թ. փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին Nar անհատական էջի օգտատերը Odnoklassniki.ru սոցիալական կայքում Հ.Ներսիսյանի հետ ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է, որ կկոտրի նրա անհատական էջը, եթե վերջինս հրաժարվի ընդունել ընկերանալու իր հրավերը:

Հետագայում Հ.Ներսիսյանը, չկարողանալով մուտք գործել իր անհատական էջ, նկատել էր, որ այն անվանափոխված է:

Բացի այդ, պարզվել էր նաև, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձն ապօրինի տիրացել է նաև Հ.Ներսիսյանի ընկերոջ` Ս.Համբարձումյանի` Odnoklassniki.ru սոցիալական կայքի անհատական էջին:

Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Odnoklassniki.ru սոցիալական կայքի վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն.Գրիգորյանը, ով օգտագործել է ընկերոջ` Գ.Հակոբյանի համակարգիչը:

Նախաքննության ընթացքում Ն.Գրիգորյանը խոստովանել է կատարած արարքը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Գլխավոր դատախազությունից խոստանում են, որ արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:


Տպագրել