Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/opinion.php?id=19696
Ընթերցողների նամակներ


31.07.2012

Բաց նամակ ՀՀ Նախագահին

Մեծարգո պրն նախագահ, բազմիցս դիմել եմ ոստիկանապետ Վ.Գասպարյանին, գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին, սակայն մեր դիմումները վերին ատյանների կողմից ամեն անգամ արհամարհված են եղել: Կրկին դիմում եմ Ձեզ, այս անգամ՝ բաց նամակով, հուսալով, որ հարցին օբյեկտիվ լուծում կտաք միայն Դուք՝ որպես մեր երկրի նախագահ:

Իմ աղջկան՝ Քրիստինեին, 25.11.2011թ. ձերբակալել են ոմն Հարություն Խլղաթյանի բանավոր խոսքի հիման: Իսկ Հարություն Խլղաթյանի բանավոր խոսքն այդքան զորություն է ունեցել, որովհետև նա նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սանիկն է: Ալիկ Սարգսյանի քավոր լինելու հանգամանքը նրան շատ հարցերում է լիազորություններ տվել անօրինական գործողություններ կատարելու: 2011թ. օգոստոսի 10-ին մի խումբ անձինք՝ ոմն Սամվել Վարդանյանի գլխավորությամբ, ներխուժում են գրավատուն և ցանկանում են ուժ գործադրելով աղջկաս բերման ենթարկել` առանց բացատրություն տալու: Գրավատունն ապօրինաբար կապարակնքում և աղջկաս բերման են ենթարկում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Այստեղ նոր աղջիկս իմանում է, որ այս ամենն արվում է Հարություն Խլղաթյանի բողոքի հիման վրա։ Նա մեղադրում է աղջկաս խարդախության մեջ և պահանջում է 300.000 ԱՄՆ դոլար: Վարչությունում սպառնում են, որ նրան կկալանավորեն, ոչ միայն նրան, այլև իր ընտանիքի բոլոր անդամներին` քրոջը, փեսային։ Այնուհետև խուզարկություն են կատարում և առգրավում պայուսակի ողջ պարունակությունը, այդ թվում՝ անձնագիրը: 8 ժամ պահելուց հետո նրան ազատ են արձակում` հաջորդ օրը ներկայանալու պայմանով, իսկ անձնագիրը մնում է նրանց մոտ: Այդ 8 ժամվա ընթացքում նրանք փորձել են ճնշում գործադրելով աղջկաս ստիպել ստորագրել մի թուղթ, որ նա պարտք է Հ.Խլղաթյանին 300.000 ԱՄՆ դոլար: Այդ ընթացքում Հ.Խլղաթյանն իր մի խումբ պաշտոնավոր ընկերների հետ նստած է եղել կողքի սենյակում և ցուցումներ տվել 6-րդ վարչության աշխատակիցներին, թե ինչպես ճնշեն աղջկաս, որ նա ստորագրի թուղթը, թե պարտք է Հ.Խլղաթյանին: Ալիկ Սարգսյանի ժամանակներն էին, և նրա սանիկը կարող էր սրտի ուզածն անել: Այս ամենը կատարվում էր առանց որևէ իրավական հիմքի, դատարանի որոշման կամ ՀՀ Կենտրոնական բանկի թույլտվության: Իսկ մեր դատախազության աշխատակիցները մեր դիմումին ի պատասխան, որտեղ բողոքել էինք 6-րդ վարչություն աշխատակիցներից, գրել էին, թե իրենք գործել են օրենքի սահմաններում: Մինչդեռ մենք ներկայացրել ենք ձայնագրություններ, որտեղ երևում է, թե աղջիկս ինչպես է 6-րդ վարչության աշխատակիցներից պահանջում փաստաթուղթ, որը նրանք չեն ներկայացնում: Կապարակնքելուց 1 շաբաթ հետո միայն Սամվել Վարդանյանը թույլ տվեց բացել գրավատունը:

Օգոստոսի 21-ին նորից նույն անձինք, արդեն քննիչ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ, եկան գրավատուն, խուզարկություն կատարեցին և ասացին, որ հարուցված է քրեական գործ: Խուզարկություն կատարվեց նաև մեր տանը, որտեղ աղջիկս բնակվում է իր անչափահաս` 2,5 և 1,5 տարեկան տղաների հետ: Թե՛ Հ.Խլղաթյանը, թե՛ քննիչ Արթուր Պողոսյանը, թե՛ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության ծառայողները կատարել են բազմաթիվ ապօրինի գործողություններ: Քննիչ Արթուր Պողոսյանը Քրիստինեին ձերբակալելիս հաշվի չի առել մի քանի կարևոր հանգամանք. այն, որ նա երկու անչափահաս երեխաների` մեկ և երկուսուկես տարեկան երեխաների միակ ծնողն է (ամուսինը մահացած է) և միակ կերակրողը։ Առանց խնամակալության հարց լուծելու նա ձերբակալել է անօգնական կնոջը Հ.Խլղաթյանի բանավոր խոսքի հիման վրա: Նա նաև համագործակցել է Արմեն Ասլամազյանի և Հովհաննես Պարոնիկյանի հետ աղջկաս մանկահասակ երեխաներին պատկանող բնակարանը հափշտակելու հարցում, քանի որ դեռևս 2011թ. օգոստոսին Ա.Պողոսյանն ապօրինաբար վերցրել էր Քրիստինեի անձնագիրը: Չգիտես ինչպես աղջկաս անձնագիրը հայտնվում է նոտարի սեղանին, և առանց աղջկաս ներկայության Հովհաննես Պարոնիկյանը անվանափոխում է բնակարանի գրավի պայմանագիրը, թույլատրվում է, որ Ա.Ասլամազյանը և Հ.Պարոնիկյանը տիրանան անչափահաս երեխաներին պատկանող գույքին: Արթուր Պողոսյանը նաև աջակցել է Հ.Խլղաթյանին` համարյա ամեն օր աղջկաս քննչական բաժին կանչելով և գումար պահանջելով, իր գործողությունները նախկին ոստիկանապետ Ա.Սարգսյանի հանձնարարություններին վերագրելով, չնայած աղջկաս ներկայացրած փաստերով պարզ էր, որ նա վաշխառու Հ.Խլղաթյանի զոհն է: Ա.Պողոսյանն ինքնագլուխ աղջկաս կանչել է իր մոտ, նրան մենակ թողել Հ.Խլղաթյանի հետ, որպեսզի իր սենյակում ծածուկ ձայնագրի Քրիստինեին: Անհասկանալի է, թե ինչպես կարող է քննիչն իր աշխատասենյակ կանչել «տուժողին» և «հանցագործին», նրանց մենակ թողնել ու հետո հայտարարել, թե տեղյակ չէ ձայնագրությունից: Այդ ձայնագրությունները դիտելուց հետո պարզ է դառնում, որ քննիչ Արթուր Պողոսյանը լավ թլ տեղյակ է եղել դրանցից, քանի որ միտումնավոր թողել է աղջկաս և Հարությունին սենյակում, որպեսզի վերջինս, ելնելով աղջկաս ճնշված վիճակից, մի շարք պրովոկացիոն հարցեր տալով ձայնագրի: Բացի այդ, ձայնագրություններում Հարությունը բացահայտ սպառնում է աղջկաս, իսկ Քրիստինեին քննիչը ձերբակալել է այն բանի համար, որ նա տեսել է Հարությունին դրսում և սպառնացել նրան: Վախենալով Հարությունի կյանքի համար՝ քննիչը կալանավորել է աղջկաս առանց հիմքի, իսկ Հարությունի տված ձայնագրություններում հնչած սպառնալիքներից հետո նա գտնվում է ազատության մեջ:

Այս ամենը ես դիմումի տեսքով ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և պատասխան եմ ստացել, որ քննիչ Ա.Պողոսյանը գործել է օրենքի սահմաններում ու կարգապահական բնույթի խախտումներ թույլ չի տվել։ Եթե այն ամենը, ինչ ես ներկայացրի, օրինական է համարվում մեր երկրում, և դա հաստատում է ՀՀ գլխավոր դատախազը, ապա ի՞նչ կարելի է ասել և անել այս ամենից հետո, եթե ապարդյուն թակում ես բոլոր դռները, և մեր երկրում թքած ունեն բարձր արժեքների վրա: Նրանք նույնիսկ չեն էլ փորձել պարզել, թե ինչպես է անձնագիրը հայտնվել նոտարի սեղանին: Դիմումի մեջ նշել են, որ իմ աղջիկը բողոք չի ունեցել Ա.Պողոսյանից և Ս.Վարդանյանից: Եթե Ա.Պողոսյանը պարբերաբար նշում էր, որ Հ.Խլղաթյանը Ա.Սարգսայնի սանիկն է, և նրա դեմ դու չես կարող պայքարել, ոչինչ չես կարող անել, և այսքանից հետո իմ աղջիկը եղել է ահ ու սարսափի մեջ, ինչպե՞ս կարող էր բողոքել քննիչի և Ս.Վարդանյանի դեմ, եթե նրա «գլխին սարքում են» և դատախազությունն էլ աջակցում է հանցագործներին մեր ներկայացրած բազամաթիվ ապացույցներից հետո: Արթուր Պողոսյանը գործի վարման ընթացքում ապօրինաբար գաղտնալսել է աղջկաս և մեր ամբողջ ընտանիքի հեռախոսային խոսակցությունները:Մենք բողոք ենք ներկայացրել Արթուր Պողոսյանի դեմ, բայց անպատասխան: Ամիսներ առաջ մյուս աղջկաս մեր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փորձեց սուր և վիրավորական խոսքով հետ կանգնցնել դատախազության դեմ բողոքներ գրելուց:

Պարոն նախագահ, ցավալին այն է, որ երբ մեր ծանոթ պաշտոնյաներն են փորձում խառնվել այս գործին, նրանց բոլորին ասում են՝ գործ չունեք այս գործի հետ, սա վերևների պատվեր է: Պարոն նախագահ, կուզենայի հասկանալ, թե սա ում պատվերն է և ինչու: Բազմաթիվ անգամներ փորձել ենք Ձեզ հասցնել այս պատմությունը, բայց ամեն անգամ ասել են, թե նախագահը տեղյակ է այս մասին։ Ապշում եմ՝ ինչպես կարող է նախագահը տեղյակ լինել այս պատմությանը և չարձագանքել իր երկրում տիրող անօրինականությանը, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է երկու մանկահասակ երեխաներին, որոնք զրկված են իրենց միակ ծնողից՝ մորից, որին անհիմն ձերբակալել և առայսօր անհիմն պահում են: Մի՞թե իմ ընտրած նախագահը տեղյակ է այս մասին և լռում է: Եթե համոզվեմ, որ այդպես է, անմիջապես կհրաժարվեմ ՀՀ քաղաքացի լինելուց և թոռներիս հետ միասին ապաստան կգտնեմ Եվրոպայում, որտեղ, համոզված եմ, թոռներս կունենան ավելի լավ ապագա, քան այս անօրեն երկրում: Ես նույնիսկ պատրաստվում եմ դիմել Եվրադատարան՝ կրծկեր երեխային մորից զրկելու համար, և համոզված եմ մեր հաղթանակի մեջ:

Պարոն նախագահ, արդեն ժամանակն է կյանքի կոչելու Ձեր իսկ շուրթերից հնչած «Այս երկիրը երկիր է» արտահայտությունը:

Ա.Հակոբյան
Գ. Ջրվեժ, Ամառանոց թաղ.
Հեռ.՝ 093423307
        


Տպագրել