Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/opinion.php?id=414
Ընթերցողների նամակներ


19.08.2008

ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Անցյալ   դարասկզբին  նման  մի  առիթով  Չարենցը  գրել  էր.

                                                  «Սանձել է  ուզում  հողմերին

                                                                    Այդ  ողորմելին...»

 

    Ի սկզբանե  հայտարարեմ,  որ   նման  փորձ  անելու  դեպքում  տապալված  են:  Տապալված  են,  որովհետև  գործ  ունեն  արտերկրում  ու   Մոսկվայում   իր  «կլասը»  ստացած,  այս  քսանամյա  հողմահարման  բովով  անցած,  արդի  աշխարհաքաղաքական  հայացքների  տեր  մի  երիտասարդի   հետ`

     ԱՐՏՅՈՄ  ԽԱՉԱՏՐՅԱՆ:   Նույն ինքը,  այո-այո,  «Մտքերի  տիրակալը»` « Ազգային  գաղափար»  ամսագրից`   իր    բացառիկ   անկեղծությամբ,   նույն  ինքը`   Դոն Կիխոտ  Լամանչեցին`  իր  հողմաղացների  դեմ  անզիջում պայքարով,  իր  գաղափարները  տարածելու  համառությամբ,  և    միայն  մի   թերություն  ունի ,  որ  որտեղ էլ մտնում է,   շքամուտքից  սկսած  քանդուքարափ  է  անում:  Այս   համեմատությունը  մեկ   էլ  յոթանասնականներին  Պարույր   Սևակի   առիթով   են  ասել`  իր   շռնդալից     գրական  մուտքի   առիթով:  Երբ   միջնադարյան   Համիլկարի   պես,  ներս  մտնելուց    քանդել  էր  տան շքամուտքն  ու  չքմեղացել` ներեցեք`   դուռը   շատ  էր   փոքր  ու  հնացած`  այն  պետք   էր  փոխել:  Պատմությունը    կրկնվում  է:  Պարզապես  դուռը  փոխելու    փոխարեն   հանկարծ   « Լաուտենզակների »   վայնասուն   բարձրացավ:  Իսկ   ովքեր  են   Լաուտենզակները:    Ստորև  ներկայացնեմ:    

    Դրանք  իշխանական  կերակրատաշտին   մոտիկ    կանգնածներն   են,   որոնց  դեմ  վերոհիշյալ  Դոն  Կիխոտը`   Արտյոմ  Խաչատրյանը,  պատերազմ   է  հայտարարել  իր  «Լաուտենզակ  եղբայրները  հասարակությունում  և  իշխանությունում» հոդվածով`   ամսագրի հենց  առաջին   համարում:   Նախ   ասեմ,  որ  ապրիլ   ամսին  նրա   Քաղաքական  հետազոտությունների   կենտրոնի    մուտքն   ու  ամսագրի   աննկատ   ծնվելը   ինձ  շատ  էր   դառնացնում: Այնինչ  նրա  ծնունդը  մեր  հայ  հասարակությունում    մի  ավետիս   պետք  է  լիներ:  Ինքս   ինձ   մխիթարեցի , թե  ժամանակներն  այն  չեն,  և  սկսեցինք   վայելել   այս   օրերի  համար  հազվագյուտ   հաճույքը:  Ամենացնցողը    նախ    Արտյոմ  Խաչատրյանի   ոճն    է.  ազնիվ,  անկեղծ,  հախուռն  ու  բարձրակարգ, որ    պատմական  էքսկուրսներով` Նապոլեոնից  սկսած,  մեզ  է   ներկայացնում  աշխարհում  գոյություն  ունեցող  այդ  կչպուն  մակաբույծներին,   որոնք  ձուլվելով   իրենց  տերերին`  սնվում   են  անխնա... Պարզապես  հոդվածի  աննկատությունից   շատ  էի   զայրանում:  Մինչև  որ,   օրերս «Առավոտն»   ավետեց...  հեղինակի   ու   հասցեատերերի  բանակի  հանդիպումը:

    Մեղվաբոռերի  մի  հսկա  պարս   է  դուրս   եկել  հեղինակի  դեմ`  էլ մոլագա¯ր,   էլ  սրիկա¯. պիտակները   Գալուստ   Սահակյանինն  են`   ինձ   համար  անձնապես  շատ   շոյիչ  մի  փաստ ,  որ   ընթերցողն   էլ   է  թթվածնի   այդ  առատությունից   շնչահեղձ  լինում:  Քանի  որ  հեղինակը   համարձակվել  է   կոչ   անել  երկրի  Նախագահին`  ձերբազատվել  այդ  Լաուտենզակներից`   ԼՏՊ-ի  օրոք   երկրի   ներուժը   փոշիացնող,   նրա   թալանին  այնպես  ակտիվորեն   մասնակցող,  այժմ  էլ  նույն  ջանադրությամբ  ներկա  Նախագահին   շրջապատած  այնպես,   որ   ժողովրդին  մի  փշուր   չհասնի:

    Բայց  նրանց  տեսակը   խորամանկ   է  այնքան,  որ զայրույթի   թիրախը   դարձրել  էին  ոչ  թե  սույն`   իրենց  բնութագրող   հոդվածը,  այլ ...   Սպարապետին:  Իրականում   հենց   Խաչատրյանի  հերոսները,  լինելով  տվյալ դեպքում  «բորենիները» և  իրենց  կերակրատաշտի   վտանգը   զգալով,  քննադատության   թիրախն  ընտրել էին  ոչ  թե  «Լաուտենզակ  եղբայրները»  հոդվածը,  այլ  մեր  Սպարապետի  մասին   տողերը.  ասեմ,  անասելի   ուռճացված  էին  նրանք,  ստահոդ ... և  ընդհանրապես,   դա  մեկ  այլ  զրույցի  թեմա  է: 

    Ամսագիրն  ինքնին  մեր   հանրապետության   համար  մի  երևույթ  է   իր   աշխարհաքաղաքական  վերլուծական  հայացքներով`  մեր   ազգային   հատկանիշները   ոչ   թե   հայիլ-մայիլ,  կոկլիկ-սոկլիկ   գովելով,  այլ  խորը  քննադատությամբ,   բայց`  ծնողին  այնպես  սիրող  որդու  քննադատությամբ:   Հեղինակն  ընթերցողին  ստիպում  է  ձերբազատվել  այդ  «Արևելյան  նեյնիմներից»:  Չէ  որ  նոր  հազարամյակ    ենք  թևակոխել,  աշխարհը  մեզ  նոր   պահանջներ  է  ներկայացնում,   կյանքի  նոր  օրենքներ  են գործում,  իսկ մենք` նույն ջուրն  ենք  ու  ջրաղացը:

            Խմբագրակազմը    գերժամանակակից   կարգի   մտավորականների   մի   թիմ   է`  նոր  աշխարհում   իր   սեփական   ազգային   գաղափարախոսությունը  ստեղծելու   առաքելությամբ:   Նա   երկրի   ղեկավարին   ոչ միայն   «Ավգյան  ախոռները»  մաքրելու  կոչ   է  հղում,  այլ  նաև   ուղեցույց  ծրագիր   է մատնանշում:  Սա   մի  նվաճում    է    արդի   հայ    քաղաքական-հասարակական  կյանքում: 

      ՀԶՈՐ  ԿԼԻՆԻ   ԱՅՆ  ԵՐԿՐԻ   ՂԵԿԱՎԱՐԸ,  որը   նման   առաջադեմ  մտավոր  ներուժով    բանակ   կունենա:  Ասեմ ավելին,  այս  խառնիճաղանջ  օրերում  ամսագրի   չորս   համարների  բոլոր   հոդվածներն  անխտիր   մենք  վայելեցինք`  որպես  թունելի  ծայրին  երևացող  լույս...    

     Ամսագրի   գոյությունը   մեր    գավառական  մամուլի   համար   ևս  մեծ  ցնցում   էր,  այնպես  որ,   այստեղ   մեր  տեղական  ԶԼՄ-ների  և  «բորենիների   ոհմակի»  (Ա. Խ-ի  բառերը  նրա   համանուն  հոդվածից  են)  պայքարի   շահերը  համընկել  են    իրար   (ասենք  նրանք  միմիանց   հետ  միշտ  էլ  բազարի  մեջ  են  եղել),  ուստի   սկսել   են   անասելի  մի   վայնասուն,  որը  ես     հեղինակի   համար    նվաճում   եմ    համարում:   Այնինչ  մեր   լրագրողական   աշխարհը   ամսագրի  գոյության  փաստը   պարզապես  պետք  է  ընդուներ  իբրև  պարգև  և   բարձրաձայներ,  որ,   այո,  « Բազում  կոչեալք,  սակավ   ընտրեալք»:  Մեր    գովազդաշուկան  հեղեղված  է  հարյուրավոր`   կինը   որպես  մերկ  մարմին   և  ոչ  թե  ոգի ներկայացնող  ցածրաոճ  ամսագրերով,  որտեղ   չես  հանդիպի  ոչ  մի լուրջ վերլուծական  հոդվածի:  Այնինչ  «Ազգային Գաղափարը» պետք  է  ընդունել   որպես   դաս  ու  դասագիրք  և  շարունակ  կարդալ` «դասը  չիմացող  աշակերտի  պես...»:  Սևակյան    այս  դարձվածքները  ևս,  որ  շարունակ  ներխուժում  են  հոդվածիս  մեջ  ասելու,  որ  հեղինակի`  Արտյոմ  Խաչատրյանի   շուրջ   աղմուկը  մեզ  դարձյալ  շարունակ  հիշեցնում  է  նույն   յոթանասունականների   «նեյնիմականներին»:  Նույնն  են    նրանք`  բոլոր    ժամանակի   Լաուտենզակները:

    Ահա  կարդում  եմ առաջին  համարի «Մերկ   թագավոր,  գորշ  բորենիներն  ու  մի  քիչ  էլ  քաղաքականություն»  հոդվածը: Ասեմ,   մեկնաբանելով ` կարժեզրկեմ. այն     պարզապես   պետք   է ընթերցել: Բավական  է  մեջբերեմ  մի   հատված` մնացյալը   թողնելով  անաչառ  ընթերցողիս   խղճին.    միտում  եմ  նկատում  հեղինակին  մեղադրելու  ծախվածության  մեջ:

    «...ԽՍՀՄ  փլուզման  նախօրեին Հայաստանն  ուներ  էլիտա.  քաղաքական, մտավորական, տնտեսական,  ռազմական  և  այլն:  Որքան  էլ  այդ  վերնախավը   չենթարկվեր   քննադատության,  այն ձևավորվել  էր  մարդկային  կապիտալի  մեջ  կատարված  հսկայական  ներդրման  արդյունքում: Դրանք  կիրթ  մարդկանց   հայրենասեր   զավակներն  էին, ովքեր  իրականում  բարձրացնում  էին  Ղարաբաղի հարցը,  ովքեր կառուցում  էին  Ցեղասպանության  զոհերի  հուշարձանը,  ովքեր  սրտացավ  էին  երկրի համար:  Այն  մարդկանց  սերունդը,  ովքեր  ԽՍՀՄ-ի մամլիչի տակ անգամ  ապացուցում  էին,  որ հայը  ազգ  է,  որ  հայությունը  գոյության  իրավունք  ունի:  Նրանք 1990-ականների  սկզբներին  30-45  տարեկան  էին`  պատրաստ  կառավարելու  երկիրը  շատ  ավելի  լավ:  ԴԱ  ԱՀՌԵԼԻ  ՄԱՐԴՈՒԺ  ԷՐ,  ՈՐԻ ՆՄԱՆԸ  ՀԱՅ  ԺՈՂՈՎՈՒՐԴԸ  ՉԻ  ՈՒՆԵՑԵԼ:  Ինչ  կատարվեց.  ԼՏՊ-ն  իշխանության  վրա  թափեց  այն   բոլոր   ներքին բարդույթները,  որ  ինքն  ուներ,և  որի  ազդեցությունն  իր վրա  կրեց  երկիրը»`  ընթերցողիս  սթափ  գնահատականին   թողնելով  մնացյալը,  ուր գիտական  մանրակրկտությամբ  հեղինակը  մեկնում  է  ԼՏՊ-ի  խայտառակ  կադրային  քաղաքականությունը,  ուր   դասական  մակարդակի  պրոֆեսիոնալներին  սկսեցին  փոխարինել   անպատրաստ  կադրերը` մեղմ  է  ասված... Ապա  երկրից  հարյուր  հազարավորների    այն  զարհուրելի  արտագաղթը,  որ  մեր սերուցքն  էին:

       Ահա  թե  ում  պետք   է   ժողովուրդը  ներկայացնի  Հաագայի  դատարան:  Բայց  այդ   բոլորը  հետո`  առայժմ  դրա  ժամանակը  չէ:  Մերօրյա   պատմությունը դեռ  շատ  սրբագրումների   կարիք   ունի:            

     Պարզապես  եկեք   վերջապե˜ս  ազգովի   ողջունենք   մեր   մտքի   հսկային  ու  նրանց   ողջ  թիմին:  Իսկ    հակադրվողներին  էլ  խորհուրդ  տանք,  որ  սա  այն դեպքը  չէ.  (ճիշտ է, նեղսրտությունից  հաճախ  ենք   ինքնաժխտումի  պահեր   ապրում),  սակայն  այս  մի   հսկային   հակադարձելը  կնմանվի  Գուլիվերի  ու  թզուկների   բախումին: Հուսով  եմ,  որ  մի  «մոլագար  ու  սրիկա»  էլ նաև մեր  շատ  հարգարժան  Արիս  Ղազինյանը  կվաստակի.  այսպես  չի  մնա`  նրա երկրրորդ  և չորրորդ  համարների  «Ալեքսանդրապոլ,  կորսված  քաղաք կամ  լեգենդ  մաքսատան մասին»  և  «Ալեքսանդրապոլի  պայմանագիրը»   հոդվածների   հասցեատերերն  էլ  կհայտնվեն.  այնպես  որ,  սիրելի′ Արիս, սպասի′ր  հերթիդ:        

     Բնության   մեջ   ընդհանրապես,  և   մեր   հասարակության  մեջ   մասնակի   առումով, այդ  գիշատիչների`   բորենիների  ու  բոռերի   ՈՌՆՈՑ  - ԲՌՌՈՑԸ   դիտվում է   որպես  հոգեվարքի   նշան:  Պարզապես, ա¯խ  այս  ՍևԱԿԸ,   երբ  ասում   էր.

                         « Ջուրը մինչև  չպղտորի, չի  զուլալի »: 

             Տա  Աստված:  Եվ կտա:   Աներկբա է,   որ  մենք  Աստծո  պահած  ժողովուրդ  ենք:   Պարզապես,  մեզ  այս  օրին  հասցնողները  թող  իրենք  ընտրեն` 

            ՀԱԱԳԱՅԻ    ԴԱՏԱՐԱՆ,  Թե՞  ԱՍՏԾՈ  ԴԱՏԱՍՏԱՆ


Տպագրել