Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=25274
Հրապարակումներ


14.01.2013

«Ազգ» թերթի փակման առիթով

Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ընկերակցությունը մի կորուստ էլ կրեց. ամանորյա տոների ավարտին դադարեց լույս տեսնել «Ազգ» օրաթերթը։ Պարբերականը խրվել է պարտքերի մեջ, նրա հետ դատական հաշիվներ ունի հարկային ծառայությունը, իսկ տպագրության ծախսերը գերազանցել են թույլատրելի բոլոր նորմերը։

Իրադարձությունները, առաջին հայացքից, արտառոց չեն. տպագիր ԶԼՄ-ների վերացման դարաշրջանը Հայաստանում ավելի վաղ է եկել, քան մի որևէ այլ տեղ։ Հայտնի է, որ այսօր երկրում չկան ինքնաբավ տպագիր ԶԼՄ-ներ. դրանք բոլորն էլ գոյատևում են կամ դրամաշորթությամբ, կաշառակերությամբ ու ողորմություններով, կամ էլ հովանավորներով։ Բայց իրավիճակը «Ազգ» թերթի հետ կապված պարադոքսալ է նրանով, որ այն սեփականատեր ունի՝ մեկը, որին հունից հանում են «Դուք հարո՞ւստ եք, պրն Աբրահամյան»-ի տիպի հարցերը, որոնց նա խիստ համեստաբար պատասխանում է. «Չէ, ես հարուստ չեմ, ես շա՜տ հարուստ մարդ եմ»։

Լեռնային հպարտ Մալիշկա գեղացի Արա Աբրահամյանը կյանքում հեռուն է գնացել, այնքան հեռու, որ դարձել է բազմամիլիոնատեր, ստեղծել Ռուսաստանի հայերի միությունը և գլխավորել այն։ Սակայն հավակնոտ գեղացուն դա քիչ է թվացել, և նա ստեղծել է մեկ այլ՝ ավելի մասշտաբային կազմակերպություն՝ Հայերի համաշխարհային կոնգրեսը։ Ավելին, դառնալով բախտի սիրեցյալը՝ նա հասկացել է, որ իր բոլոր եղբայրների տեղը միայն ՀՀ խորհրդարանն է, իսկ փաստը, որ նրանք բոլորն էլ տարբեր խմբակցությունների անդամներ էին, երբեմն՝ մեկը մյուսին ընդդիմադիր, նրան քիչ էր հուզում, քանի որ նրա համար գլխավորը դիրքն է հասարակությունում, որի երաշխիքներից մեկն էլ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատն է։

Եվ ահա այսօր պրն Աբրահամյանն իր թերթը հանձնեց բախտի քմահաճույքին։ Նա չի փակել այն, չի վաճառել (ըստ էության, այն ոչ ոք չի էլ գնի), պարզապես, հավանաբար, շատ հարուստից վերափոխվել է ուղղակի հարուստ մարդու (ճգնաժամային շրջանում կորուստների, Քադաֆիի հետ բարեկամության և նրա երկրում կասկածելի ներդրումների կորստյան հետևանքով), իսկ հիմա պարզապես չի ուզում գրպանից մի երկու ռուբլի դնել թերթը պահելու համար։ Եվ չգիտի՝ ինչպես այս ամենը ներկայացնի հանրությանը։ Իսկ կոլեկտիվն անգործ նստել ու սպասում է...

Իհարկե, «Ազգ» թերթը մի ինչ-որ նշանակալի բան չէր ներկայացնում իրենից։ Բայց փաստը, որ այս ողբերգական շրջանում, երբ երկրի գործադիր իշխանությունը գլխավորում է Տիգրան Սարգսյանը,  Հայաստանի ևս 30-40 քաղաքացի մնում են առանց մի կտոր հացի, դա արդեն չի կարող չվշտացնել։ Դրա համար էլ դիմում ենք պրն Աբրահամյանին խորին խոնարհումով և թախանձագին խնդրանքով. հարգելի շատ հարուստ պրն Աբրահամյան, ցած իջեք երկինքներից դեպի մեղսավոր երկիր, դադարեք անրջել Հռոմի պապի, Բարաք Օբամայի, Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և աշխարհիս մյուս հզորների հեռախոսազանգերի մասին։ Վճարեք թերթի պարտքերը և Հայաստանի քաղաքացիներին վերադարձրեք իրենց համեստ մի կտոր հացը։ Վստահ ենք, որ Հռոմի պապի ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Վերադասը ըստ արժանվույն կգնահատի Ձեր վեհանձնությունը, էլ չեմ ասում հասարակ մահկանացուների՝ «Ազգի» աշխատակիցների մասին, որոնց Դուք Նոր տարվա շեմին զրկել եք ոչ միայն խոզի բդից, այլև ուրիշ շատ բաներից։

Հուսանք, որ Նորին գերազանցություն պրն Աբրահամյանը կհասկանա, որ իրեն իսկապես հարկավոր է մի երկու ռուբլով գրպանը բացել և վերականգնել թերթի գործունեությունը։ Դա ավելի օգտակար գործ է, քան անիմաստ այստեղ-այնտեղ ցցվելն ու ոչ մեկին պետք չեկող այցելություններ անելը, մեծամեծների հետ լուսանկարվելը... և ձևացնելը, թե աշխարհում ոչինչ առանց պրն Աբրահամյանի գիտության ու համաձայնության չի կատարվում... 


Տպագրել