Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=26065
Հրապարակումներ


30.01.2013

Խեղաթյուրում, որի անունն է «Գարեգին Նժդեհ». հայրենական մշակույթի պերճանքի և թշվառության դրսևորում

Հայրենական իսթեբլիշմենթում մշակույթի համար պատասխանատուները հայրենական մշակութային «գործիչների» կոլեկտիվ ջանքերով հասան ևս մեկ խայտառակության, այս անգամ՝ տիեզերական։ Արամ Խաչատրյանի «Սպարտակից» ու Ջուզեպե Վերդիի «Աիդայից» (որի համար Հասմիկ Պողոսյանն անգամ իտալացի ռեժիսոր էր վարձել) հետո հերթը հասավ կինոարվեստին, և Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ էկրան բարձրացավ «Գարեգին Նժդեհ» կինոնկարը։ Գլխավորին անցնելուց առաջ արժե մի երկու խոսքով անդրադառնալ պրն Քեշիշյանի ֆիլմին։

Հատկանշական է, որ մինչև հիմա մամուլում ոչ մի մեկնաբանություն կամ գրախոսություն չի եղել։ Հավանաբար, բոլորն սպասում են պաշտոնական գնահատականին, իսկ այն առ այս պահը չկա։ Դե ինչ, խախտենք լռությունը և ֆիլմի մասին ասենք այն, ինչ հարկ է ասել նրա մասին։ Բանն այն է, որ Քեշիշյանի ֆիլմի դիտումը երեք զզվանք է առաջացնում հանդիսատեսի մեջ. առհասարակ կինոարվեստի դեմ, հայկական մշակույթի դեմ ու Գարեգին Նժդեհի անձի և մասամբ հայերի դեմ։ Առաջին զզվանքի հարցում իր դերն է խաղացել նաև ֆիլմի սցենարիստ Քրիստ Մանարյանը, որը մասնագիտացել է իբր կոմիկական կլիպների ու ամեն տեսակ այլ ախմախությունների՝ կասկածելի ուղղվածությամբ տափակ սցենարների գծով։ Այսպես, պրն Մանարյանին հաջողվել է այն, ինչին ի զորու չեն անգամ նրանք, որոնց ՎԳԻԿ-ի ու իրեն հարգող ցանկացած այլ ուսումնական հաստատության նույնիսկ շեմին մոտ չեն թողնում։ Օրինակ, Մանարյանի սցենարում ոչ մի տեսարան մյուսի հետ կապված չէ, դրանց միջև ոչ ներքին կապ կա, ոչ էլ տրամաբանական։ Երկխոսություններն անիմաստ են ու անտաղանդ, ծիծաղելի ու անհարկի։ Օրինակ, ֆիլմի վերջում Նժդեհին ԿԳԲ բանտախցից դուրս են բերում զբոսանքի Երևանում։ Սա պատմական փաստ է։ Եվ որքա՜ն, մեղմ ասած, օժտված պետք է լինել՝ անգամ այս տեսարանի համար մի երկու մեղսունակ երկխոսություն գրել չկարողանալու համար։ Օրինակ. ԿԳԲ սպան Նժդեհին զգուշացնում է, որ փախուստի փորձի դեպքում պահապաններին հրամայված է կրակել նրա վրա։ 1953 թվականից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, համենայնդեպս՝ դարաշրջանի ոգին ֆիլմի հեղինակներին ծանոթ է։ Բայց նրանք այդպես էլ գլխի չեն ընկել, որ Նժդեհը, նախ, այն մարդը չէ, որին կարող էին նախազգուշացնել փախուստի փորձի հետևանքների մասին, քանզի նա գրպանահատ չէ և նրան հանցանքի վայր չէին տարել՝ քննությանն օգնելու համար, երկրորդ՝ ԽՍՀՄ ԿԳԲ-ն այն կազմակերպությունը չէր, որ իր սպաներին թույլ տար  նման հիմար հարցեր տալ, հատկապես հատուկ կարևորություն ներկայացնող բանտակյալներին։

Մի խոսքով՝ ամբողջ կինոնկարը սկզբից մինչև վերջ անհասկանալի տեսարանների և էլ ավելի անհասկանալի ու անբնական,  տափակ ու նյարդայնացնող, միմյանց հետ ոչ միայն ինչ-որ ընդհանուր բան չունեցող, այլ նաև դրամատուրգիայի մեջ ամենագլխավորը համարվող պարտադիր անհրաժեշտությունից (փաստարկումից) ու նպատակահարմարությունից զուրկ երկխոսությունների (ինչն, ըստ էության, դրամատուրգիայի առանցքն է) հավաքածու է։ Օրինակ, Չեխովն ասում էր, որ եթե երրորդ գործողությունում պատին հրացան է կախված, ապա չորրորդում այն անպայման պետք է կրակի, այլապես պատից կախված հրացանն ավելորդ է և վնասում է ընդհանուր մտահղացմանը։ Իսկ Քեշիշյանի ֆիլմում չկա որևէ բան, որը գոնե հեռվից հեռու կինոարվեստ կամ գոնե դրա պրիմիտիվ կանոնները հիշեցնի։ Եվ տպավորությունն այնպիսին է, որ ֆիլմի վրա աշխատել են ամենաչարամիտ դիլետանտները, որոնք կյանքում ոչ մի ֆիլմ չեն տեսել և շատ հեռու են կինոյից։

Իսկ ռեժիսորական աշխատանքի մասին ավելի լավ է լռեմ։ Ասեմ միայն, որ մաեստրո Մանարյանի ու մաեստրո Քեշիշյանի միջև հաջող ստեղծագործական դաշինք է ստեղծվել՝ Ֆեդերիկո Ֆելինիի ու Տոնինո Գուեռայի նման։ Մի տարբերությամբ միայն, որ երկրորդ դեպքում գործ ունենք արվեստի մեծագույն վարպետների հետ...

Ինչ վերաբերում է ֆիլմի օպերատորին ու նկարչին, ապա, անկեղծ ասած, նրանց աշխատանքն այդպես էլ անհասանելի մնաց մեզ, ավելի ճիշտ՝ ոչ ոք այն չտեսավ...

Ֆիլմի խայտառակ որակը չփրկեցին նաև տաղանդավոր դերասանները. հայտնի է, որ մեծ ռեժիսորի մոտ լավ են խաղում բոլոր դերասանները, անգամ դիլետանտները (շատ մեծ ռեժիսորներ իրենց ֆիլմերում նկարահանել են կինոյից հեռու մարդկանց, հատկապես այդպես են արել Ֆելինին, Պազոլինին և այլք)։ Հայտնի է նաև այն, որ, մեղմ ասած, միջակ ռեժիսորների մոտ վատ են խաղում անգամ մեծ դերասանները։ Դիտեք ռուս ռեժիսոր Աստրախանի ֆիլմերը, և պարզապես կզզվեք մեծ դերասան Միխայիլ Ուլյանովից։ Մեծատաղանդ Չուլպան Խամատովան բացառություն չեղավ. մաեստրո Քեշիշյանի ֆիլմում նա, եթե զզվելի էլ չէ, ապա, այսպես ասենք, միանշանակ սրտխառնոց է առաջացնում։

Գեղարվեստաէսթետիկական և պատմական տեսանկյուններից ֆիլմն ավելի քան զզվելի է ու անճիշտ։ Քեշիշյանն իր ֆիլմում շատ պատվիրաններ է խախտել, որոնց մասին, հավանաբար, պատկերացում անգամ չի ունեցել։ Օրինակ. ամբողջ աշխարհում կինոյի չգրված հիմնարար մի օրենք է գործում, որի համաձայն՝ կտրականապես չի կարելի խաղարկային ֆիլմում վատաբանել և խայտառակել ուրիշ ազգի՝ անկախ գործող անձանց միջև թշնամանքի աստիճանից։ Թուրքերը Քեշիշյանի ֆիլմում ոնց որ հրեշներ ու, միևնույն ժամանակ, ցռաններ լինեն, որոնք միայն կանայք ու երեխաներ կարող են մորթել։ Այնուհետև Քեշիշյանն իր դրամատուրգի՝ պոռնոկլիպերի ու այլ տափակությունների վարպետի հետ միասին ահավոր ձևով աղավաղել է հայուհու կերպարը. հայուհիներն իրենց ամուսինների ու սիրեցյալների զոհվելուց հետո սգացել են նրանց մահն ու ապրել հանուն նրանց հիշատակի ու երեխաների, բայց երբեք պատմության մեջ իրենց չեն պայթեցրել թշնամու ճամբարում։ Հայերի մեջ երբեք շահիդներ, առավել ևս՝ շահիդուհիներ չեն եղել։ Սա ի՞նչ բան է։ Անարգանք հայուհու կերպարի հանդե՞պ։ Հավանաբար, մաեստրո Քեշիշյանի մերձավոր շրջապատում լեսբոսուհիներ և նրանց նման քաղաքացուհիներ կան, որոնք իրենց թույլ կտան շահիդություն անել՝ ի վրիժառություն սիրուհու զոհվելու, բայց դա չի նշանակում, թե անցած հարյուրամյակի սկզբի հայ օջախի աղջիկը, որ դաստիարակվել է ամենապահպանողական քրիստոնեական ավանդույթներով, ահաբեկչություն կարող է իրականացնել։ Եվ հետո՝ արդեն անցած հարյուրամյակի 50-ական թվականներից Իտալիայում և քաղաքակիրթ այլ երկրներում այլևս չէին նկարում հողը համբուրելու, հողը երկրպագելու քաղցր-մեղցր ու տափակ տեսարաններ՝ անզուսպ արցունքներով ու սենտիմենտալ, կեղծ պաթետիկ այլ ճղճիմություններով։ Բայց դա՝ Իտալիայում և աշխարհում, այն էլ՝ վաթսունամյա վաղեմության, իսկ սա 21-րդ դարի Հայաստանն է, որտեղ Հրաչ Քեշիշյանը պետության գլխավոր «պալատական» ռեժիսորի (ինչպես խորհրդային շրջանում Բոնդարչուկն էր) կարիերայի հայտ է ներկայացնում։ Էլ չենք ասում արագ (ռապիդ) նկարահանումների (250-300կադր/վրկ)՝ համաշխարհային կինոյի պատմության հեռավոր անցյալի մնացուկների մասին, ինչով այդպես հրապուրվել է մաեստրո Քեշիշյանն իր հակագլուխգործոցում։

Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի կերպարին, ապա այն, իհարկե, լրջորեն աղավաղված է։ Իսկ նրան էկրանին ցուցադրել այնպես, ինչպես եղել է իրականում, այնքան էլ դժվար չէր։ Քանզի Նժդեհը գտածո է կինեմատոգրաֆիստների համար, որովհետև քայլող ողբերգություն էր. նա անհաղթահարելի անտագոնիզմի մեջ էր թե՛ իր դարաշրջանի, թե՛ իր ժողովրդի, թե՛ գործընկերների հետ, միևնույն ժամանակ նա բարձր բարոյականության տիպար էր՝ ի տարբերություն մյուս դաշնակների՝ խմբապետերի, խուլիգանների ու գանձագողերի։ Դրա հետ մեկտեղ, ի տարբերություն իր բոլոր զինակիցների, Գարեգին Նժդեհը մտածել և գրել գիտեր, իսկ այն, որ նրա ուսմունքն սպառել է իրեն, այնքան էլ կարևոր չէ...

Բայց հուսանք, որ Մանարյան-Քեշիշյանի խայտառակ կինոնկարը դուրս չի գա Հայաստանի սահմաններից, և բազմաթիվ նորմալ հայեր չեն կարմրի այս այլանդակության համար։ Չմոռանանք նաև ավելացնել, որ Քեշիշյանի ֆիլմը պոտենցիալ զենք է ոչ այնքան բարեկամական երկրների հատուկ ծառայությունների ձեռքին, այնպես որ՝ լավ կլիներ, որ այն ըստ նշանակության չօգտագործեն։ (Օրինակ, համապատասխան թուրքական ծառայությունները կարող են այս խայտառակ ֆիլմով համապատասխան միջազգային կառույցներում վիթխարի վնաս հասցնել Հայաստանին ու համայն հայությանը)։

Այժմ՝ գլխավորի մասին։

Ըստ էության, մենք գործ ունենք ազգային մշակույթի համատարած արժեզրկման հետ, քանզի եթե արդեն ֆիլմ են նկարահանում Գարեգին Նժդեհի մասին, այն էլ՝ նման որակի, ապա դա արդեն նշանակում է, որ էլ ավելի ցած իջնելու տեղ իսկապես չկա։ Հայկական մշակույթի ողբերգությունն, ըստ իս, պայմանավորված է երկու պահով. մշակույթի ոլորտի համար պատասխանատու մարդիկ հեռու են մշակույթից (խոսքն այն մասին չէ, որ մշակույթի նախարարն ու մյուսները համապատասխան դիպլոմ չունեն), և այդ մարդիկ գործում են բացառապես մասնավոր շահերից ելնելով։ Օրինակ. ժամանակին կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանը նախագահ Քոչարյանին խորհուրդ տվեց մի կինոկենտրոն ստեղծել, որին պետությունը փող կհատկացնի կինոյի զարգացման համար։ Բայց կինոկենտրոնը, ըստ Էգոյանի մտահղացման, պետք է ֆինանսավորի ոչ թե կոնկրետ ռեժիսորական նախագծեր, այլ պրոդյուսերների, որոնք գաղափարի կամ սցենարի առկայության դեպքում, ասենք, մի երկու կոպեկ կվերցնեին կինոկենտրոնից և կփորձեին համապրոդյուսերներ հրավիրել արտասահմանից՝ դրանով իսկ նպաստելով այն բանին, որ Հայաստանը մտնի միջազգային կիոնարտադրության գործընթաց։ Այսինքն, եթե պրոդյուսերը կարգին գաղափար ունի, ապա նա անպայման գործընկերներ կգտնի Եվրոպայում, իսկ եթե նրա գաղափարը մանարյանա-քեշիշյանատիպի է, ուրեմն՝ ոչ մեկին էլ չի ներգրավի, և, փառք Աստծո, Հայաստանում երբեք զզվելի կինո չեն նկարահանի։ Քոչարյանն այնպես արեց, ինչպես իրեն խորհուրդ էին տվել, բայց... նա ուզում էր, որ լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ։ Կինոկենտրոնի ներկայիս ղեկավարությունը մի քանի տարի շարունակ հիմնականում զբաղված է նրանով, որ ֆինանսավորում է տիկին Պողոսյանի ամուսնու ընկերների աշխատանքները, ընդ որում՝ այդ մարդիկ զբաղվում են տարրական թալանով. ասենք՝ ամեն տարի խաղարկային կինոյին պետբյուջեից հատկացվող $700.000-ից $400.000-ը տալիս են Բաբայանին (կամ Չալդրանյանին) խաղարկային ֆիլմ արտադրելու համար, իսկ նա, լավագույն դեպքում, կարճամետրաժ ֆիլմ է նկարում։

Բայց մաեստրո Քեշիշյանին հաջողվել է իր ֆիլմի համար յոթ միլիոն դոլար գտնել։ Անգամ եվրոպական չափանիշներով սա բավական պատկառելի գումար է։ Ասում են՝ փող տվել են կոմերցիոն ընկերությունները։ Բայց հայտնի է, որ նման գումարներ Հայաստանում չեն կարող հատկացվել առանց քաղաքական ղեկավարության հավանության։ Հետևաբար, սույն պարագայում գործ ունենք պետության առաջին դեմքին համատարած խաբելու և նրան ամենակեղտոտ, ամենազզվելի, արվեստի հետ ամենևին կապ չունեցող արտադրանք վաճառելու հետ։ Ավելին, կարողացան համոզել առաջին դեմքերին գալ դիտելու փակ պրեմիերան, ինչը, համաձայնենք, արդեն իսկապես անվայել բան է։ Քիչ էր, որ երկու անճաշակ գռեհիկ մեծ փողերի են տիրապետել ու քաք նկարել, հիմա էլ կարողացել են համարյա թե համազգային պրեմիերա կազմակերպել։ Բա Ֆելինին նման բան կարո՞ղ էր երազել։

Նախագահ Սարգսյանի բախտն իսկապես չի բերում մշակութային քաղաքականության մեջ իր վստահված անձանց հարցում։ Մի անգամ նրա վզին փաթաթեցին թանկ արժեցող ու բացարձակապես ոչ մեկին պետք չեկող «Սպարտակը»՝ հնացած մի կեսդարյա ներկայացում, որտեղ նվագախումբը 15 տոկոսով ֆալշ էր նվագում (իսկ դա արդեն խայտառակություն է. ոչ մի խորեոգրաֆիա դա չի ծածկի), և լավ է, որ ոչ մի ավստրիացի չտեսավ այդ բեմականացումը, թե չէ միջազգային խայտառակությունից խուսափել չէր լինի։ Հետո տիկին Հասմիկը մի տեղ կարդացել էր, որ Ջուզեպե Վերդին իտալացի է։ Ու մտածել էր, որ անհրաժեշտ է Հայաստան բերել իտալացի ռեժիսորի, որպեսզի նոր «Աիդան» մակարդակով ստացվի։ Բայց բանն այն է, որ օպերայի ռեժիսորը հաջողության վերջին նախապայմանն է, ինչը չգիտի տիկին Պողոսյանը (հայտնի պատճառներով), քանի որ ունկնդրի համար բացարձակապես միևնույն է, թե ինչպես է Օթելլոն խեղդում Դեզդեմոնային՝ առջևից, թե հետևից, կանգնած, թե պառկած. ունկնդրին առաջին հերթին երաժշտական լավ կատարում է հարկավոր, այսինքն՝ լավ նվագախումբ (դիրիժոր) և լավ ձայներ։ Իսկ հասմիկպողոսյանական «Աիդայում» նվագախումբը շատ ավելի վատ էր նվագում, քան «Սպարտակում»։

Ինչպես տեսնում ենք, երկրի ղեկավարության հավանությամբ ներգրավվող հսկայական փողերը մշակութային նախագծերի համար չեն արդարացնում իրենց։ Ավելին, խայտառակում են ազգն ու հենց ղեկավարությանը։ Մի՞թե խելագարություն չէ միլիոնավոր դոլարներ ծախսել կիսաքաղց երկրում հանուն միայն այն բանի, որ ծիծաղի առարկա դառնաս ու խայտառակվես։ Ուրիշ որտե՞ղ նման բան կտեսնես։ 


Տպագրել