Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=28559
Հրապարակումներ


26.03.2013

Տխմարությո՞ւն, թե՞ սրբապղծություն

Հոբելյանական տարեդարձերն իրենց օգտակարության հետ նաև թաքնված վտանգներ ունեն: Պետք է իմանաս, թե ինչու ես նշում և ինչպես: Օրինակ, վերջերս Ռուսաստանն ամենայն հանդիսավորությամբ նշեց Ստալինգրադի ճակատամարտի 70-ամյակը: Այն, ինչ կարողացա տեսնել ռուսական հեռուստատեսությամբ, խոսում էր այն մասին, որ տարեդարձը նշվում է ազգային և պետական գաղափարախոսության արդի հրամայականով. արթնացնել ռուս ժողովրդի ոգին, սերմանել հերոսականության, անձնազոհության գաղափարը և մանավանդ աշխարհին ցույց տալ, որ այդ ճակատամարտով ռուս ժողովուրդը բացեց Եվրոպայի փրկության դուռը: Ամեն ինչ կազմակերպված էր և ճշգրտորեն հաշվարկված: Գուցե եղան նաև ուրիշ կարծիքներ, սակայն ես որևէ վրիպում, որևէ ձախավեր քայլ չտեսա հեռուստահաղորդումներում կամ չկարդացի թերթերում:

Նույնպիսի և մեզ համար անհամեմատ ավելի կարևոր, կարելի է ասել՝ ճակատագրական մի տարելից է սպասվում: Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակը: Երևի օր չկա, որ լրատվություն չկարդանք այդ առնչությամբ: Խելացի, օգտակար և մանավանդ քաղաքականապես գրագետ ծրագրերի և նախաձեռնությունների կողքին, երբեմն-երբեմն, հանդիպում են արկածախնդրության, խաբեության, առասպելաբանության «սեռին պատկանող», բացահայտ ստի և զավեշտի սահմանագծին գտնվող լրատվություններ: Դրանց հեղինակները հիմնականում եզան պոզին նստած ճանճեր են, որ փորձում են այդ կերպ իրենց անունն ասպարեզ գցել: Թե հետո ինչ կլինի՝ կարևոր չէ, կարևորն այն է, որ մի շրջան անունդ հոլովվելու է:

Փառքի այդ մուրացկաններին ես շատ հակված չեմ մեղադրելու, մեղավորն ավելի շատ մամուլն է, որ պարբերաբար տարածում է այդ կեղծիքները և ոչ մի անգամ հերքում չի տպում, իբր՝ կներեք, հարգելի ընթերցողներ, չարաշահելով մեր դյուրահավատությունը, մոլորության մեջ են գցել մեզ, մենք էլ՝ ձեզ, հաջորդ անգամ մինչև տպելն անպայման կստուգենք:

Բայց այն, ինչի մասին պատրաստվում ենք գրել, անհամեմատ ավելի վտանգավոր է, քան համեմատաբար անվնաս այս ստերը և, ի տարբերություն դրանց, սպառնում է իրականություն դառնալ:

Փարիզում լույս տեսնող «Ֆիգարոսկոպ»-ի վերջին համարում (մարտի 20-26, 2013թ., էջ 18) տեղ գտած համառոտ լրատվությունը հայտնում է, որ 1993թ. Հայաստանից Ֆրանսիա գնացած, «երրորդ հարկի» բնակիչ Արմեն Ռոչ (Rotch) անունով մեկը որոշել է յուրովի նշել Եղեռնի հարյուրամյակը: Նա մտադիր է մինչև 2015թ. հունվարը հավաքել 1,5 միլիոն թեյի տոպրակ և, ինչպես թերթն է գրում՝ «ստեղծել հավաքական ու վաղանցուկ մի գործ նրանց (զոհերի- Ալ.Թ.) հիշատակին»:

Սակայն դրանք սովորական տոպրակներ չեն լինելու, այլ թեյի գործածված, այսինքն՝ խմված, սեղմված և չորացված տոպրակներ:

Թե ինչու թեյի և, մանավանդ, ինչու խմված՝ մեծարգո Ռոչը ոչինչ չի ասում: Գուցե նա մի բան գիտի թեյի և հայկական ցեղասպանության թաքնված աղերսների մասին, սակայն նման առնչություն մեզ հայտնի չէ, չնայած մի քանի տասնյակ գրքեր ենք կարդացել այդ նյութին նվիրված: Ցեղասպանության պատմությունը մեզնից ավելի լավ իմացողներ կան, գուցե նրանք ասեն: Մենք հո ամեն ինչ չգիտենք:

Մինչև մենք կփորձենք մեր համեստ կարողություններով վերծանել այս առեղծվածը, լուրն արդեն տարածվում է բերնեբերան: Ֆրանսիական թերթի համառոտ լրատվությանն անմիջապես հաջորդել է «Նոյան Տապան»-ի ֆրանսերեն տարբերակը, ըստ որում՝ մանրամասնված և նույնիսկ տեսականորեն հիմնավորված:

Համակ ուշադրություն դարձած՝ կարդացինք այդ հոդվածը, բայց, ավա՜ղ, այնտեղ ոչ մի բացատրություն չգտանք, թե թեյն ու ցեղասպանությունն ինչ կապ ունեն իրար հետ: Բայց փոխարենը կարդացինք տեսականի հավակնություն ունեցող այսպիսի մտավարժանքներ. «Ժամանակակից արվեստում շատ հաճախ գաղափարները, հղացքները նախորդում են ստեղծագործությանը: Ինձ համար իրերը գալիս են բնականորեն, ինչպես ակնհայտություն, ոչ թե մեկը մյուսի ետևից, այլ ավելի շատ մեկը մյուսի հետ…» («Noyan Tapan», Երևան, N11, մարտ, 2013թ., էջ 5):

Միքելանջելոն իր Դավիթը քանդակելուց առաջ ոչ միայն «գաղափար» և «հղացք» ուներ, այլև կերտվելիք գործի հստակ տեսլականը: Եվ ընդհանրապես, մարդը, նույնիսկ ամենաապաշնորհը, ինչ-որ բան անելուց առաջ ինչ-որ գաղափար է ունենում, թեկուզ զառանցագին, բայց ունենում է։ Միայն մեղուներն են, որ իրենց մեղրամոմե տնակն են կառուցում լոկ բնազդով, առանց որևէ «հղացքի» կամ «գաղափարի»: Բայց պրն Ռոչը, ինչպես տեսնում ենք, ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը: Անշուշտ, նա «գաղափար» ու «բնազդ» ունի, բայց մեզ չի համոզում, թե ինչու թեյ, ինչու խմած և ինչու հատկապես 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Նույն հաջողությամբ կարող էր սուրճի կապսուլներ հավաքել, շշի խցաններ, գործածված փամփերսներ, վերջապես, մեղա՜, Տեր, միլիոնուկես գործածված պահպանակներ… Ի դեպ, ինչո՞ւ ոչ, դա խելքին ավելի մոտիկ կլիներ. չէ՞ որ դրանք միլիոնուկես չհղիացված, չծնված մանուկներ են, եթե, իհարկե, այդ պահպանակները բացառապես կանանց հետ հարաբերվելիս են գործածվել…

Բայց կատակը մի կողմ:

Մենք առանձնապես շեշտում ենք Ցեղասպանության հանգամանքը: Իր «երրորդ հարկում», իր նմանների հետ, շառլատանական ինչ փորձարարություն ուզում է թող անի, սակայն ողբերգական այդ նյութին առնչվելիս՝ նա, ուզի թե չուզի, մտնելու է քաղաքական-գաղափարական մի տարածք, որտեղ գործելու են խաղի որոշակի կանոններ, և այդտեղ գեղագիտական ձախողումը խստիվ արգելված է, առանց այն էլ արդեն հասցրել ենք «հայրենասիրական» բավականաչափ աղբ ու զիբիլ արտադրել:

Վերադառնանք Ստալինգրադ: Այդ քաղաքում վերջերս դատեցին եգիպտացի մի արաբի, որը զոհերի հուշարձանին արել էր այն, ինչը պիտի աներ միայն պետքարանում: Նրան տարիուկես տվեցին: Չափազանց մարդասիրական վճիռ, քանի որ, եթե մի քյաֆիր Կահիրեի մզկիթներից մեկի պատին միզեր, ապա ուղղափառ մահմեդականները նրան վայրկենապես կբզկտեին և անպատիժ կգնային տուն՝ սպասելով Ալլահի մոտալուտ պարգևին:

Ասելիքը հետևյալն է. պրն Ռոչի (ի դեպ, ինչպե՞ս էր կոչվում նա 1993թ. առաջ) մտադրությունը ես չեմ նույնացնում եգիպտացի արաբի սրբապղծության հետ: Պրն Ռոչն  առայժմ վաղահաս զառամախտի և ինքնահավան տխմարության տիրույթներում է, սակայն մեր օրերում երևույթների սահմանագծերը չափազանց հեղհեղուկ են, ուստի չի բացառվում, որ իր զգայացունց մտադրությամբ ակամայից մոտենա սրբապղծության սահմանին և նույնիսկ հաստատվի այնտեղ:

Ուստի եղբոր պես ուզում ենք խնդրել պրն Ռոչին, որ հրաժարվի այդ գաղափարից, կամ եթե արդեն խմած, սեղմված ու չորացված թեյի բավականաչափ պաշար է հավաքել և ափսոսում է դեն նետել (պիտի հասկանանք, այնուամենայնիվ ջանք է թափել), թող ուրիշ անուն տա ստեղծագործական իր այդ սլացքին, եթե պետք է, կօգնենք նրան՝ մի բարեհունչ վերնագիր գտնելու, միայն թե, ի սեր Աստծո, օրավուր աճող այդ հսկայական աղբը հեռու պահի ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԶՈՀԵՐԻ հիշատակից…

Փարիզ, 25 մարտի 2013թ.


Տպագրել