Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=28863
Հրապարակումներ


03.04.2013

Իլհամ Ալիևի «ցմահ» չինովնիկները, կոչումները և պարգևները

Ադրբեջանի մի շարք պետական պաշտոնյաներ ծերացել են, բառիս բուն իմաստով, իրենց աթոռներին։ Այս եզրակացությունն է արել «Ազադլիգ» ռադիոն այն բանից հետո, երբ հաշվվել են 44 չինովնիկների տարիքն ու պաշտոնին անընդմեջ գտնվելու ժամանակը։ Ընդ որում՝ նկատի են առել բոլոր նախարարներին, կոմիտեների նախագահներին, նախագահի աշխատակազմի և Միլի մեջլիսի ղեկավար անձանց։

Իր աթոռին գտնվելու ժամկետով ռեկորդակիրն Ադրբեջանում 78-ամյա վարչապետ Արթուր Ռասիզադեն է, որը կառավարությունը գլխավորում է ահա արդեն 17 տարի։

Վիճակագրության պետական կոմիտեի նախագահ Արիֆ Վելիևը նույնպես ռեկորդակիր է մի պաշտոնին գտնվելու ստաժի առումով։ Նա պետության վիճակագրությունը ղեկավարում է արդեն 20 տարի։

Այս ցուցակում արժանի տեղ է զբաղեցնում ևս մեկ հայտնի դեմք՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, 75-ամյա Ռամիզ Մեհթիևը, որն այդ պաշտոնում աշխատում է արդեն 18 տարի։

Իր աթոռում է «ծերացել» նաև ներքին գործերի նախարար, 65-ամյա Ռամիլ Ուսուբովը, որը 18 տարի զբաղեցնում է հանրապետության առաջին ոստիկանի պաշտոնը։

Ինչ վերաբերում է պետության ղեկավարին՝ 52-ամյա Իլհամ Ալիևին, ապա նա «ղեկավարում» է 10 տարի։

Ի դեպ, մեր կողմից ավելացնենք, որ 10 տարվա ընթացքում Ալիև-կրտսերը պարգևատրվել է հնարավոր բոլոր շքանշաններով, կոչումներով և այլ։ Ընդ որում՝ «հաղթավար-շքանշանները» ներկայացված են նախագահի պաշտոնական կայքում։ Մենք ընդհանուր առմամբ 19 շքանշան և կոչում հաշվեցինք, որոնք շնորհվել են Իլհամ Ալիևին։ «Զվարճալի» թվացին հետևյալ շքանշանները. ԱՊՀ երկրների մարզական կազմակեպությունների միջազգային համադաշնության փառքի շքանշան, ՖԻԼԱ-ի Պատվո սրահի «Սպորտի լեգենդ» բարձրագույն շքանշան, Արդարացի խաղերի եվրոպական շարժման պատվո նշան...

Բացի այդ, «Սպորտի լեգենդ» շքանշանակիր Իլհամ Ալիևը տարբեր երկրների 20 համալսարանների պատվավոր դոկտոր է (իսկ որոշ դեպքերում՝ նաև պրոֆեսոր)։ Ընդ որում՝ Կյունգ Խիի (Հարավային Կորեա) համալսարանի պատվավոր դոկտոր Իլհամ Ալիևին վերջերս շնորհվել է (թվով քսաներորդը) թուրքական... աերոտիեզերական համալսարանի պատվավոր դոկտորի դիպլոմ։ Իզուր չէ, որ մեր նախորդ հրապարակումներում մենք գրել էինք, որ Ադրբեջանն ապագա տիեզերագնացների երկիր է։

Ի դեպ, Մեհրիբան Ալիևան նույնպես հետ չի մնում ամուսնուց։ Նա և՛ «բարի կամքի դեսպան» է, և՛ «տարվա կին», և՛ «տարվա մարդ», և առհասարակ՝ «ոսկի սիրտ» ունի, և այլն, և այլն։

Հետաքրքրությունից դրդված՝ մենք նայեցինք նաև այլ պետությունների ղեկավարների կայքերը, բայց չհայտնաբերեցինք Իլհամ Ալիևի նման «դոկտորների»։ Դե, իսկ ընդհանուր առմամբ արժե, իսկապես, ցավակցել ադրբեջանցիներին... 


Տպագրել