Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29046
Հրապարակումներ


08.04.2013

Սաակաշվիլու անուրջները «Մեծ Թուրանի» մասին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ հանդիպել է Բուրսայի շրջանում ապրող էթնիկ վրացիների հետ։ Ընդ որում՝ Սաակաշվիլուն նամակ է հանձնվել, որում Թուրքիայի աջարական շրջանի Մաչախելա գյուղում ապրող վրացիները մանրամասն նկարագրել են 1887թ. իրենց վերաբնակեցման պատմությունը։ Նամակում նշվում էր, որ նրանք Թուրքիայի լիիրավ քաղաքացիներ են, բայց ցանկանում են սերտ կապեր ունենալ պատմական հայրենիքի հետ։ Միխայիլ Սաակաշվիլին բոլոր նրանց, ովքեր պահպանել են վրաց լեզուն և մշակույթը, խոստացել է Վրաստանի քաղաքացիություն շնորհել և խնդրել է նրանց կազմել մարդկանց ցուցակ՝ Վրաստանի քաղաքացիություն շնորհելու համար։

«Մենք վրացի ենք, մենք պետք է վրացի մնանք, որտեղ էլ որ լինենք»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Թուրքիայի Ինեղուլի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Այնուհետև Սաակաշվիլին կարծիք է հայտնել, թե վրացիներն ամենալավն են աշխարհում, և որպես կենդանի օրինակ բերել է «Թուրքիայի ամենամեծ պետական գործիչ (Աթաթյուրքից հետո- ծան.՝ Սաակաշվիլու)՝ վարչապետ Էրդողանին», որը մեկ անգամ ևս հիշեցրել է նրան, որ իր երակներում վրացական արյուն է հոսում։ Այսքանով ելույթի քնարական մասն ավարտվել է։

«...Գիտեմ, թե ինչ մեծ ջանքեր են պահանջվել վրացականությունը պահպանելու համար։ Դա հեշտ գործ չի եղել։ Ռուսական կայսրությունը վռնդել է ձեզ՝ Վրաստանի լավագույն զավակներիդ, Վրաստանից։ Ռուսական կայսրությունը մեզ միմյանց դեմ է հանել։ Այսօր այստեղ՝ Ինղեուլում, եղբայրաբար ապրում են էթնիկ աբխազներ և վրացիներ։ Նշանակում է՝ հնարավոր է եղբայրական կյանք աբխազների և վրացիների միջև։ Հնարավոր է եղբայրական կյանք կովկասցիների միջև։ Եթե զավթիչը սեպ չխրի մեր միջև ու չբաժանի, Կովկասը միասնական կլինի, ուժեղ, անհաղթ և կվերածվի հավերժական միավորի...»,- մասնավորապես ասել է Սաակաշվիլին։ Տրամադրե՞լ, թե՞ չտրամադրել վրացական ծագմամբ թուրքերին Վրաստանի քաղաքացիություն՝ Վրաստանը պետք է որոշի։ Նրանց ՆԱՏՕ-ում անդամագրվելու ճանապարհով դեպի Եվրոպա տանող պատուհան և, վերջապես, Թուրքիայի հետ «բարեկամության և եղբայրության պտուտակ համարելը»՝ նույնպես, բայց...

Ի՞նչ միասնական Կովկասի մասին է երազում Սաակաշվիլին, որը պետք է վերածվի «հավերժական միավորի»։ Ինչպիսի՞ն են լինելու այդ միավորի «երանգավորումն» ու «նշանը»։ Մի՞թե Սաակաշվիլին շարունակում է հարթմնի անրջել «Մեծ Թուրանի» մասին։ Հավանաբար՝ այո, ընդ որում՝ միայն այդ մասին չէ, որ անրջում է...

Այս համատեքստում հիշեցնենք վրացական իշխանությունների (Սաակաշվիլու գլխավորությամբ) վերջերս արած հայտարարությունը, թե Վրաստան վերադարձող թուրք-մեսխեթցիներին հարկավոր է տեղակայել Ջավախքում (էթնիկ հայերի բնակավայրում)։ Հիշեցնենք նաև, որ Անկարան քանիցս հայտարարել է, որ պատրաստ է օգնել Վրաստանին թուրք-մեսխեթցիների՝ «պատմական հայրենիք» վերադարձի գործընթացում Ի դեպ, համաձայն այն պարտավորությունների, որ ստանձնել է Վրաստանը՝ դառնալով Եվրոպայի խորհրդի 41-րդ անդամը, մեսխեթցի թուրքերը պետք է հայրենադարձվեն մինչև 2016թ.։

Սակայն բանը միայն մեսխեթցի թուրքերի վերադարձով չի սահմանափակվում։ Հայտնի է դարձել, որ Վրաստանի «հին» կառավարությունը 2012թ. մի պայմանագիր է ձևակերպել, որով նախատեսվում է չինական քաղաք կառուցել Թբիլիսիի և Մցխեթա-Թիանեթի հսկայական տարածքում։ Քաղաքի տարածքում նախատեսվում է բնակեցնել 127 հազար չինացի քաղաքացիների՝ երկքաղաքացիության երաշխիքով։ Ընդ որում՝ ոչ թե պարզապես չինացիների, այլ ույղուրների։ Ինչ երանգավորում ձեռք կբերի Վրաստանն իր տարածքում «մուսուլման եղբայրներին» բնակեցնելու դեպքում՝ կարծում եմ, չարժե բացատրել։

Ինչևէ, ակնհայտ է (և դա շատ կարևոր է), որ Միխայիլ Սաակաշվիլու անուրջները «Մեծ Թուրանի» մասին անուրջներ էլ կմնան...     


Տպագրել