![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29092 |
Հրապարակումներ
09.04.2013
Երբ մարդկային խիղճը գործում է ընտրովիության սկզբունքով
Հիշեցնենք, որ Վահրամաբերդի արոտավայրում, ռուսաստանյան տանկային կրակադաշտի տարածքում պայթյունի հետևանքով զոհվել է երկու երեխա՝ 10-ամյա Արթուր Մկրտչյանը և 15-ամյա Մուշեղ Գևորգյանը։ Գյուղապետի խոսքով՝ երկու ընտանիքներն էլ (մի ընտանիքում՝ 8, մյուսում՝ 4 երեխա) ապրում են սոցիալական ծանր պայմաններում և թաղում կազմակերպելու միջոցներ չունեն։ «Մենք դիմել ենք տարբեր մարդկանց, ծանոթների և անծանոթների, մեկենասների, օգնություն խնդրել, երկու ընտանիքներն էլ ահավոր դրության մեջ են, անչափահաս երխաներ, գործազուրկ ծնողներ, ինչպե՞ս հաղթահարեն սա»,- ասում է Ա.Մարտիրոսյանը։ Կրկնենք, ոչ մի պաշտոնյա «լայեղ չի արել» մեկնաբանել կատարվածը, առավել ևս՝ օգնության ձեռք մեկնել։ Լռել է նաև սոցիալական ցանցում շատախոսել սիրող և համատեղության կարգով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաև ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանն ու տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը... Լռել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ հավանաբար մտածելով, որ սա «շարքային» դժբախտ պատահար է։ Ըստ էության, զոհված երեխաները գյուղի կուսակցապետի երեխաները չէին, և դրան քաղաքական երանգ հաղորդելը հազիվ թե ստացվեր։ Ինչպես ասում են՝ կատարվածը շոուի չէր ձգի, ինչպես Պռոշյանի գյուղապետի սպանության դեպքում։ Որևէ բան չարեցին նաև երիտասարդ ակտիվիստները, քանի որ, հավանաբար, համապատասխան ցուցում չէին ստացել իրենց կուսակցապետերից։ Եկեք հիշենք, թե ինչպես իրեն այդ ժամանակ պահեց փառապանծ ընդդիմությունը։ ՀՅԴ-ն կուսակցի սպանության առնչությամբ անմիջապես հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, ասվում էր, թե «ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված չէ, և հանցավոր վարքագիծը մեր կյանքի մի մասն է։ Նենգ գնդակը, որ խլեց Հրաչ Մուրադյանի կյանքը, ուղղված էր նաև հայ պետականության և նրա հեղինակության դեմ։ Դատապարտելով կատարված հանցագործությունը՝ ՀՅԴ-ն պահանջում է արագ բացահայտել հանցագործությունը և պատժել կատարողներին և կազմակերպիչներին»։ Այս համատեքստում ավելացնենք, որ սույն փաստով քրեական գործ է հարուցվել և կան ձերբակալվածներ՝ Մուրադյանի համագյուղացիներ։ «Ապահով Հայաստանում սպանում են հերոսներին», «Պատերազմը դեռ չի ավարտվել», «Հրաչին սպանեցին Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը», «Իշխանությունը հանցագործների գործողությունների հետ է», «Խրամատում տեղս պահեք, տղերք, գալիս եմ». այսպիսի ցուցապաստառներ ունեին քայլերթի մասնակիցները Պռոշյան գյուղում։ Քայլերթը նվիրված էր Հրաչ Մուրադյանի հիշատակին։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա շատ ավելի եմ համոզված, որ այդ ամենը կուսակցական ներկայացում էր։ Նախ նշենք. «ապահով Հայաստանում» հերոսին սպանել է ոչ թե մայրաքաղաքից ուղարկված մարդասպանը, այլ համագյուղացին, և հետաքննությունը դեռ կպարզի այս սպանության դրդապատճառները։ Վստահ եմ, որ մենք դեռ առիթ կունենանք գրելու այս մասին։ Երկրորդ՝ քաղաքական այն ուժը, որն իսկապես մտահոգված է, որ «ապահով Հայաստանում սպանում են», չէր կարող սպարտական հանդարտություն պահպանել, երբ այդ նույն «ապահով Հայաստանում» երեխաները պայթում են ականների վրա։ Այնպես որ՝ և՛ ՀՅԴ-ն, և՛ ԲՀԿ-ն, և՛ ՀԱԿ-ն ու նրանց նմանները որևէ առանձնակի բանով չեն տարբերվում ՀՀԿ-ից, անգամ գուցե շատ ավելի վատն են։ Ավելի վատն են, քանզի սպանում են ժողովրդի հավատը ընդդիմության՝ որպես այդպիսինի հանդեպ, դրանով իսկ մեր կյանքը դարձնելով անելանելի։
Հետգրություն 1 Հետաքրքիր է, որ ռուսական ականից երեխաների զոհվելու հետ կապված սկանդալ չբարձրացրին Հայաստանի այսպես կոչված «արևմտամետ» քաղաքական գործիչները, ինչպիսին են Ալեքսանդր Արզումանյանը, նույն ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը և երկրի «եվրատլանտյան» ընտրության մյուս երկրպագուները։ Իզուր։ Չէ՞ որ հիանալի առիթ էր։ Եվ հազիվ թե մոտ ժամանակներս ականից հայ երեխաներ պայթեն Ռուսաստանում, որի ռազմական ներկայության հետ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել՝ ամերիկյան դեսպանի հուշմամբ...
Հետգրություն 2 Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել ՀՀ Շիրակի մարզի ռուսական զորամասի տարածքում ականի պայթյունից երեխաների զոհվելու կապակցությամբ։ |