Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29272
Հրապարակումներ


12.04.2013

Իրանն Ադրբեջանին. մի՛ հաչա

«Իրանը ցույց տվեց, որ այդքան էլ բարձր չի դասում Ադրբեջանի ինքնիշխանությունը և անհրաժեշտության դեպքում պատրաստ է պատերազմի», «Մենք չենք պատրաստվում կրկին կորցնել մեր տարածքները...». սրանք մեջբերումներ են ադրբեջանցի քաղաքագետների մեկնաբանություններից այն մասին, որ Իրանի խորհրդարանի որոշ անդամներ մշակում են մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքմենչայի պայմանագրի վերանայում և ադրբեջանական տարածքների վերամիավորում Իրանին: Ինչո՞ւ է այսօր Իրանը հիշել այդ պայմանագրի մասին: «Մենք նախազգուշացնում ենք Բաքվի առաջնորդներին, որ եթե նրանք չհրաժարվեն իրենց սխալ գործողություններից, մենք կվերանայենք երկու խայտառակ և մեզ պարտադրված Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը»,- Իրանի խորհրդարանի բաց նիստում հայտարարել է  Ուրմիա նահանգից ընտրված պատգամավոր Նադիր Գազիպուրը:

Նրա խոսքով, եթե հանրաքվե անցկացվի ադրբեջանական այն քաղաքների բնակիչների շրջանում, որոնք անջատվել են Իրանից Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով, այդ վայրերի բնակիչները կքվեարկեն նորից Իրանի կազմի մեջ մտնելու օգտին:

Ի դեպ, իրանցի պատգամավորների վստահությունն այն հարցում, որ «ադրբեջանցի ժողովուրդը» կքվեարկի Իրանի կազմի մեջ կրկին ընդգրկվելու օգտին, նույնպես հունից հանել է «առանձնապես օժտվածներին»: Օրինակ, Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն շտապել է հայտարարել, որ «...Իրանի հատուկ ծառայություններում ծվարած կիսագրագետ մոլլաները լավ չգիտեն ադրբեջանցի ժողովրդի բնավորությունը, որը երբեք չի համաձայնի ապրել նման կարգերի օրոք, որոնք, ի դեպ, ձանձրացրել են հենց իրենց` իրանցիներին»:

Ընդհանրապես, երբեք չպետք է ասել երբեք, մանավանդ որ ամենևին էլ «ադրբեջանցի ժողովրդի» սրտով չեն ներկայիս կարգերը, որոնք հաստատվել են ալիևյան կլանի կողմից դեռևս անցյալ դարում:

Իսկ ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն օրեցօր վատթարանում են: Երկու երկրների միջև վերջին «թերըմբռնումը» տեղի ունեցավ ապրիլի 1-ին, երբ Իրանը Ադրբեջանի դեսպանին նոտա փոխանցեց` ի նշան բողոքի օրեր առաջ Բաքվում Հարավային Ադրբեջանի ազատության ազգային ճակատի կազմակերպած միջոցառման դեմ, որի ժամանակ քննարկվել է այսպես կոչված «հարավային Ադրբեջանի» թեման: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչիի խոսքով՝ միջոցառման մասնակիցները ելույթ են ունեցել Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարություններով: Արաքչին արտահայտեց պաշտոնական Թեհրանի դժգոհությունն առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը չի կանխել այս միջոցառման անցկացումը:

Հատկանշական է, որ, թեև հետագայում պաշտոնական Բաքուն պատասխանել է Իրանի բողոքի նոտային և փորձել վստահեցնել Իրանին, որ, նախ, տարածքային պահանջներ չունի և, հետո, կողմնակից է երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակմանը և գործադրում է բոլոր ջանքերը դրանց ամրապնդման համար, բայցևայնպես, ըստ երևույթին, Իրանին դա բավարար չափով համոզիչ չի թվացել:

Տեղեկանք.

1828թ. Թուրքմենչայի պայմանագիրը (Թուրքմենչայի տրակտատ) Ռուսաստանի և Պարսկաստանի (Իրանի) միջև կնքված հաշտության պայմանագիր է, որով ավարտվել է 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը:

Պայմանագիրը հաստատում էր  Գյուլիստանի 1813թ. հաշտության պայմանագրով Ռուսաստանի ձեռքբերումները, համաձայն որի՝ Պարսկաստանը ճանաչում էր Դաղստանի, Վրաստանի, Մեգրելիայի, Իմերեթիայի, Գուրիայի, Աբխազիայի և Ադրբեջանի հյուսիսային հատվածի (որտեղ գնտվում էին Ղարաբաղի, Բաքվի, Շիրվանի, Գյանջայի, Շեքիի, Դերբենտի և Ղուբայի խանությունները) անցումը Ռուսաստանին: Ռուսաստանին էր անցել նաև Թալիշի խանության մի մասը: Ռուսաստանը պարտավորվում էր օգնություն ցուցաբերել շահի կողմից նշանակված թագաժառանգին գահին հաստատվելուց հետո հնարավոր արտաքին միջամտության դեպքում: Պայմանագիրը բացառիկ իրավունք էր տալիս Ռուսաստանին Կասպից ծովում նավատորմ ունենալու: Ռուս առևտրականներն ազատ առևտրի իրավունք ստացան Պարսկաստանում, իսկ պարսիկները` Ռուսաստանում:

Պարսկաստանն այդպես էլ չհաշտվեց Անդրկովկասի կորստի հետ: Չորս տարի շարունակ պայքար էր գնում Գյուլիստանի հաշտության պայմանագրի հոդվածների վերանայման համար: Պարսկաստանը` Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, պնդում էր 1801թ. սահմաններին վերադառնալու, այսինքն՝ ողջ Արևելյան Կովկասը շահի տիրապետության տակ վերադարձնելու վրա: Ռուսաստանը ձգտում էր Պարսկաստանում անգլիական ազդեցության թուլացմանը և սեփական տնտեսական դիրքերի ամրապանդմանը: 1818թ. Պարսկաստանում Ա.Պ.Երմոլովի առաքելության աշխատանքի արդյունքում Գյուլիստանի պայմանագիրն ամբողջությամբ ճանաչվեց Պարսկաստանի կողմից և մտավ ուժի մեջ:


Տպագրել