Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29273
Հրապարակումներ


12.04.2013

Սիրիական ընդդիմության խայտառակությունը շարունակվում է

Սուտը, որի օգնությամբ այսպես կոչված սիրիական ընդդիմությունը՝ հանձինս ՍԱԲ-ի և «ժամանակավոր կառավարության, փորձում է համաշխարհային հանրությանը համոզել իր լեգիտիմության մեջ, էլ ավելի անհեթեթ է դառնում։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում և այսօր ԶԼՄ-ները հասցրել են աղմուկ բարձրացնել ինչպես արտասահմանում «ժամանակավոր կառավարության» ղեկավարի հանդիպումների, այնպես էլ Սիրիական ազատ բանակի, Սիրիայում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության համակարգողի արած մի շարք հայտարարությունների և «Ջաբհաթ Ան-Նուսրայի» գործունեության առիթով։ Արդյունքում՝ «ընդդիմադիր» գործիչների ասածն ու արածը չեն տեղավորվում տրամաբանության մեջ, ինչպես նաև ապացուցում են այն փաստը, որ բոլոր «ընդդիմադիր» բլոկները պատկանում են հակասիրիական ճամբարի նույն կենտրոնին. սա այն է, ինչը նրանք առայսօր շարունակում են համառորեն ժխտել։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի «ժամանակավոր կառավարության» ղեկավար Հասան Խիտոն մեկ անգամ ևս Արևմուտքին կոչ է արել զինել սիրիացիներին։ Միևնույն ժամանակ, ՍԱԲ-ը շարունակում է հրաժարվել Խիտոյին որպես «ժամանակավոր կառավարության» ղեկավար ճանաչելուց, ավելին՝ ՍԱԲ զինյալներն այսօր արդեն պահանջում են նրա հրաժարականը և նախազգուշացնում են, որ հեռու չէ այն ժամը, երբ Խիտոն ու սիրիական ժողովուրդը ՍԱԲ-ի հետ միասին կհայտնվեն բարիկադի հակառակ կողմերում։ Հարց է ծագում. ո՞ւմ է ուզում զինել Խիտոն։ Եթե նկատի ունի իր լեգիտիմությունը չճանաչող ՍԱԲ-ին, ապա ստացվում է, որ ուզում է զինել իր իսկ հակառակորդներին։ Եթե այդպես չէ, ուրեմն մնում է ևս երկու տարբերակ. Խիտոն զինում է իսլամիստներին կամ Սիրիայում ապրող էթնոկրոնական համայնքներին. առաջին դեպքում «ժամանակավոր կառավարությունը» հաստատում է իր ահաբեկչական բնույթը, երկրորդում՝ Սիրիային մղում քաղաքացիական պատերազմի։

«Մուսուլման եղբայրների» սիրիական թևի համակարգողի կարծիքով՝ Խիտոն ընտրվել է դեմոկրատական ճանապարհով, իսկ «Մուսուլման եղբայրները» պաշտպանել են նրա թեկնածությունն այն բանից հետո, երբ համոզվել են, որ նրան ընդունում է ընդդիմադիրների մեծ մասը։ Նրա խոսքով՝ ՍԱԲ-ի և «Մուսուլման եղբայրների» հարաբերությունները լավ են, իսկ նրանք, ովքեր ՍԱԲ անունից կազմակերպության հասցեին քննադատական ելույթներով են հանդես գալիս, պարզապես ստախոսներ են և չեն ներկայացնում ՍԱԲ-ը «այն ժամանակներից, երբ Սալիմ Իդրիսը դարձավ ՍԱԲ գլխավոր շտաբի պետը»։ ՍԱԲ նախկին հրամանատար, այժմ պայթյունի հետևանքով հաշմված և հրամանատարությունից հեռացված Ռիյադ Ալ-Ասաադի մասին նա արտահայտվում է իբրև մի մարդու, որը «Մուսուլման եղբայրների» գաղափարների համակիրն է։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ տառացիորեն օրերս ՍԱԲ տարածած այն հայտարարությունը, որում նա մեղադրում է «Մուսուլման եղբայրներին» սիրիական ռեժիմին հակազդելու բոլոր անհաջողություններում (https://www.alarabiya.net

Հայտնի է նաև, որ այսպես կոչված «ժամանակավոր կառավարության» պաշտպանության նախարարի պաշտոնի պատճառով ՍԱԲ ներսում քաշքշուկներ են տեղի ունենում, այդ փաստը չի թաքցնում անգամ հակասիրիական մամուլը (օրինակ՝ «Օրիենթ նյուս»-ը)։ Բայց ՍԱԲ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՍԱԲ-ը չի պատրաստվում այդ պաշտոնի համար ներկայացնել իր թեկնածուին և կբոյկոտի Խիտոյի արտասահմանյան հանդիպումները՝ միաժամանակ նրա վրա դնելով ՍԱԲ շարքերում պառակտման ողջ պատասխանատվությունը։ Երկու տեղեկությունում ակնհայտ հակասություն կա. զինյալների մրցակցությունը իրենց իսկ մերժած «ժամանակավոր կառավարության» պաշտպանության նախարարի պաշտոնի համար անհեթեթ և անտրամաբանական է։

«Սիրիական ընդդիմությունը» և ՍԱԲ-ը ջանասիրաբար փորձում են առանձնանալ «Ջաբհաթ Ան-Նուսրայից». սա է արաբական պարբերականների վերջին նորությունների հիմնական բովանդակությունը։ Ժամանակակից Սիրիայի և Իրաքի տարածքներում իսլամական պետություն կառուցելու գաղափարն ակտիվորեն քարոզում են իսլամիստները և նույնքան մոլեգին էլ մերժում են «Մուսուլման եղբայրները», «ժամանակավոր կառավարությունը» և ՍԱԲ-ը։ «Ընդդիմադիր» կոալիցիայի առաջնորդ Մոազ Խաթիբը վստահ է, որ որոշ արտաքին դերակատարներ փորձում են կոալիցիային պարտադրել խաղի իրենց կանոնները՝ չխորշելով կիրառել անգամ այնպիսի կոշտ միջոց, ինչպիսին է «Ջաբհաթ Ան-Նուսրան»։ ՍԱԲ-ում նույնպես հավաստիացնում են, որ իրենց հրամանատարությունից «Ջաբհաթ Ան-Նուսրայի» հետ համագործակցելու հրաման չեն ստացել։ Սակայն արժե միայն հիշել ՍԱԲ գլխավոր շտաբի պետ Սալիմ Իդրիսի եվրոպական մամլո ասուլիսը, որի ժամանակ նա հիացմունքով է խոսել «Ջաբհաթ Ան-Նուսրայի» զինյալների մասին, համոզվելու համար, որ ՍԱԲ-ը վերջիններին քննադատելու կամ առիթ չունի, կամ հենց ինքն այնքան է անլուրջ։

Երեկ երեկոյան արաբական մամուլում տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Հասան Խիտոյի դեմ մահափորձ է կատարվել «ազատագրված» տարածքներ նրա կատարած այցելության ժամանակ։ Հետաքրքիր է, որ ինչպես Ռիյադ Ալ-Ասաադի դեպքում, Խիտոյին փորձել են «սպանել« հենց այնտեղ, որտեղ տերուտնօրինություն են անում «Ջաբհաթ Ան-Նուսրայի» զինյալները, և նույն եղանակով՝ նրա մեքենայի մեջ պայթուցիկ դնելով։ Հետաքրքիր է նաև այն, որ նրա անվտանգությունը վստահվել էր «Մուսուլման եղբայրների» զինյալներին (https://www.arabi-press.com/?page=article&id=66867

Սիրիացի ընդդիմադիր Քամալ Ալբուանիի կարծիքով՝ «Մուսուլման եղբայրները» կրնկի տակ են պահում սիրիական ողջ «ընդդիմությանը», իսկ Հասան Խիտոյին նա անվանում է «տոհմիկ մուսուլման եղբայր»՝ հիշեցնելով, որ Խիտոյի հայրն այդ կազմակերպության հայտնի անդամներից էր և Սիրիան տարիներ առաջ լքել էր այն պատճառով, որ հետապնդվում էր իշխանությունների կողմից։ Իրենց իշխանությունը քողարկելու նպատակով «Մուսուլման եղբայրները» կոալիցիայում և «ժամանակավոր կառավարությունում» տարբեր պաշտոններին առաջադրում են քաղաքական այլ բլոկների թեկնածուների, բայց դա չի խանգարում, որ դրածոները գործեն հօգուտ իրենց շահերի։

Անգամ հպանցիկ հայացքը «ընդդիմության» շարքերում կատարվող իրադարձություններին ու նրա անդամների հայտարարություններին թույլ է տալիս պնդել, որ հիմնական հակասություններն իբր տարբեր «ընդդիմադիր» ռազմաքաղաքական խմբավորումների ու բլոկների միջև իրավիճակային բնույթ են կրում և նպատակ ունեն որոշակի ռազմաքաղաքական արդյունքների հասնել կամ անձնական շահ ունենալ, ու ոչ մի կապ չունեն սիրիական խնդրին մոտեցումների տարբերության հետ։ «Սիրիական ընդդիմության» ընդհանուր նպատակը եղել և մնում է այն, ինչ նկարագրված է «Առանց խալիֆայության խալիֆները» գրքում. «Գոյություն ունի իսրայելական ղեկավարության պաշտոնական ծրագիր՝ ուղղված մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացմանը՝ օգտագործելով կրոնա-համայնքային հակասությունները։ Դրանում մեծ դեր է հատկացվում ՈԿԿՔԿ-ներին» (Ա.Ա. Իգնատենկո, «Առանց խալիֆայության խալիֆները», էջ 147, 1988, Մոսկվա)։ ՈԿԿՔԿ-ները ոչկառավարական կրոնա-քաղաքական կազմակերպություններն են, որոնց թվին է պատկանում նաև «Մուսուլման եղբյարներ» կազմակերպությունը։ Ահա ևս մի մեջբերում այդ գրքից. «Իսկ հակաարաբական ուժերի կողմից ներդրված Իսլամական ջիհադի կամ «իսլամական» բառն ունեցող մեկ այլ խմբի ստեղծման գաղափարը, ինչպես ասում են, թևածում է օդում» (էջ 153)։               


Տպագրել