Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29274
Հրապարակումներ


12.04.2013

Ի՞նչ գին ունի Սաակաշվիլու զսպաշապիկը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Վարշավա կատարած այցի ժամանակ քննադատել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն` 2008թ. օգոստոսյան պատերազմի հարցում ունեցած «ռուսամետ» դիրքորոշման համար: Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախօրեին հայտարարել էր, թե Վրաստանի իշխանությունները 2008թ. օգոստոսին գործել են անհամարժեք և կարծիք է հայտնել, թե որևէ վատ բան չկա այն բանում, որ նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն կարող են հարցաքննել 2008թ. օգոստոսի դեպքերի առիթով:

«Վարչապետը հայտարարություններ է անում, որոնք ոչ այլ ինչ են, քան նահանջ: Իր հայտարարություններով, թե օգոստոսյան պատերազմի ժամանակ Վրաստանն անհամարժեք է գործել, նա հաղթաթուղթ է տալիս Ռուսաստանին, ինչը երբեք չի կարելի թույլ տալ: Չէ՞ որ Վրաստանի իշխանությունը չպետք է սուտ խոսի, թե Վրաստանն է սկսել պատերազմը»,- հայտարարել է նա: Սաակաշվիլին ինքն իրեն «մեղադրել» է այն բանի համար, որ չի հանձնվել և մինչև վերջ առաջ է մղել եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունը: «Ես պայքարել եմ մինչև վերջ, և այսօր մենք չպետք է հանձնվենք և տանք մեր երկիրն ուրիշներին»,- նշել է նա:

Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ չի պատրաստվում համագործակցել գլխավոր դատախազության հատուկ քննչական խմբի հետ, որը պետք է անցկացնի 2008թ. օգոստոսյան պատերազմի իրավական կողմի հետաքննությունը և որն իր առջև խնդիր է դնում պարզել` տեղի ունեցե՞լ են, արդյոք ռազմական հանցագործություններ, թե՞ ոչ:

«Որպես նախագահ ես բացարձակապես համաձայն չեմ վարչապետի հայտարարության հետ, թե Վրաստանն է սկսել 2008թ. պատերազմը, և չեմ պատրաստվում համագործակցել հետաքննության հետ այս հարցով: Սա մեր երկրի ապագայի խնդիրն է, և մենք պետք է պատասխանատվությամբ մոտենանք մեր ընտրությանն ու արժանապատվությանը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Մեկ անգամ ևս կրկնենք, որ եթե Միխայիլ Սաակաշվիլին հրաժարվի համագործակցել հետաքննության հետ, կխախտի օրենքը (այսինքն՝ հանցանք կգործի), ինչը նրա իմփիչմենթի հիմք կհանդիսանա:
Մինչ Սաակաշվիլին շարունակում է պայքարել, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, «Ազգային շարժման» առաջատար դեմքերն արդեն սկսել են երես թեքել Միխայիլ Սաակաշվիլուց:

Սակայն այստեղ, կարծում եմ, հարկ է ավելի մանրամասն կանգ առնել Իվանիշվիլու հայտարարությունների վրա:
Օրերս Իվանիշվիլին կենտրոնական հեռուստաալիքների և թերթերի գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանն ասել է, որ իրեն քաղաքական գործիչ չի համարում և չի պատրաստվում հետագայում շարունակել «մեծ քաղաքական պայքարը և պատերազմը»: Ակնհայտ է, որ «ապագան» կլինի այն ժամանակ, երբ ինքը ցանկանա: Ինչ վերաբերում է ընթացիկ գործերին, Վրաստանի գլխավոր երազողը խոստացավ, որ իրենք «քայլ առ քայլ անպայման կվերադարձնեն տարածքները», ինչն անհանգստացնում է նրանց, ովքեր «կրում են պատասխանատվության եթե ոչ առյուծի, ապա գոնե դրա մեծ մասը դրանց կորստի համար»: Հավելենք, որ առաջին քայլն ապացուցելն է, որ «նացիոնալները» հանձնեցին Վրաստանը Ռուսաստանին, իսկ երկրորդը «Գրավյալ տարածքների մասին» օրենքում փոփոխությունների ընդունումն է:

Տրամաբանորեն, Ռուսաստանը պետք է ըստ արժանվույն գնահատեր նոր իշխանությունների մտադրությունները և պատասխան քայլեր ձեռնարկեր: Ռուսական կողմի պատասխանն իրեն սպասել չտվեց:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանի իշխանություններին դուր է գալիս Վրաստանի ներկայիս կառավարության պրագմատիզմը, Մոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ նախկին շփումների ընդլայնմանն առևտրի, մշակույթի և սպորտի բնագավառներում: «Մեզ դուր է գալիս Բիձինա Իվանիշվիլու կառավարության պրագմատիկ մոտեցումը մեր հարաբերություններին: Մենք, առևտրի ընդլայնումից բացի, պատրաստ ենք (մանավանդ որ պայմանավորվածություն ունենք Ռուսաստանի ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ, այստեղ անգամ իրավական առունով հավելյալ նախադրյալներ կան ավելի ակտիվ առևտրային հարաբերությունների համար), ինչպես եղել է բոլոր տարիներին, մշակութային, մարդասիրական, սպորտային շփումների»,- ասել է նա RTVi հեռուստաալիքին տրված հարցազրույցում:

Ինչ վերաբերում է տարածքների վերադարձման ծրագրերին, Լավրովը միանշանակ հայտարարեց, որ Մոսկվան չի պատրաստվում անել դա:
«Չեմ կարծում, թե տեսանելի ապագայում կարող է ի հայտ գալ որևէ վրացի քաղաքական գործիչ, որը կասի. «Վերջ, մենք մոռացել ենք դրա մասին, սխալ ենք եղել»: Ճիշտ այդպես չի լինի որևէ ռուս քաղաքական գործիչ, որը կասի. «Եկեք ամեն բան սկսենք նորից»: Այդպիսի բան լինել չի կարող: Երբ ամերիկացիներն առաջարկում են Եվրոպայում սովորական սպառազինման վերահսկման կամ սահմանափակման համատեքստում արձանագրել մինչև 2008թ. օգոստոսը գոյություն ունեցող սահմանները հարգելու անհրաժեշտությունը, մենք պատասխանում ենք, որ նրանք կարող են չհամաձայնել, բայց դա Ռուսաստանի նախագահի և Ռուսաստանի ղեկավարության որոշումն է»,- հավելել է նա:

Ամեն ինչ առավել քան պարզ է: Պարզ չէ (դեռևս), թե վերջնարդյունքում ինչ գին կվճարի «Վրացական երազանքը» Սաակաշվիլուն այս կերպ զսպաշապիկ հագցնելու փորձի համար: Նշենք միայն, որ Վրաստանում չեն հանդարտվում դժգոհություններն ինչպես Իվանիշվիլու արտահայտությունների, այնպես էլ նրա՝ տարածքները քայլ առ քայլ վերադարձնելու մտադրությունների առնչությամբ...


Տպագրել