Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29405
Հրապարակումներ


15.04.2013

«Ձին սատկել է, իջի՛ր»

Հին հնդկական ասացվածք կա. «Ձին սատկել է, իջի'ր»: Կարծես ամեն ինչ պարզ է, և ապրիլի 9-ից հետո նման կերպ պետք է վարվեին «երիտասարդ հեղափոխականները»` «առաջնորդ» Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, սակայն դրա փոխարեն տեղի ունեցավ հետևյալը:

Առաջին. «ժառանգականները» սկսեցին համոզել իրենք իրենց, որ դեռ հույս կա: Այս ծրագրի շրջանակներում «առաջնորդ» Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Մոսկվա` տեղ հասցնելու Հայաստանի ժողովրդի մեծամասնության կարծիքը: Նա լրագրողներին ասաց, որ այդ կարծիքը «տեղ է հասցրել» Ռուսաստանի տարբեր շրջանակների ներկայացուցիչներին:

«Սակայն ուզում եմ նշել, որ դա մասնավոր այցելություն էր: Հարմար պահին կպատմեմ այդ հանդիպումների համապատասխան մանրամասնությունները: Կարող եմ միայն ասել, որ չեմ հանդիպել ՌԴ նախագահի հետ: Հուսով եմ, որ Ռուսաստանում և աշխարհի այլ հիմնական մայրաքաղաքներում լինելու առիթ դեռ կունենամ` հայտարարելու հայ ժողովրդի՝ հանուն սեփական իրավունքների և ազատությունների պայքարի մասին»,- ասել է նա: Ինչպես տեսնում ենք, Հովհաննիսյանը դեռ երկար ժամանակ հույսեր կփայփայի...

Երկրորդ. «ժառանգականները» սատկած ձիերին վերակենդանացնելու միջոցառումներ են կազմակերպում: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս շաբաթ կվերսկսի ուղևորությունները երկրի մարզեր: Իսկ թե որ ուղղությամբ կանցնեն մարզային հանդիպումները և ինչ պիտի ասի Րաֆֆին ժողովրդին` դեռևս հայտնի չէ: Թեև շատ էլ լավ հայտնի է. «առաջնորդը» «կբացատրի», որ սատկած ձին վազում է ավելի լավ և արագ:

Երրորդ. «Ժառանգությունը» սատկած ձիերին միասին է քարշ տալու` հուսալով, որ միասին նրանք ավելի արագ կվազեն: Այս նպատակով Հովհաննիսյանը հրավիրել է մի շարք քաղաքական ուժերի` հանդիպում անցկացնելու և հետագա գործողությունները որոշելու նպատակով:

«ՀՅԴ-ից, Հայ ազգային կոնգրեսից, «Ժառանգությունից», «Սարդարապատից», նշանակություն չունի որտեղից: Բոլոր նրանք, ովքեր կանգնած են ժողովրդի կողքին, ովքեր վեր են ամեն տեսակ հռետորաբանությունից: Հուսով ենք, որ յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր ինքնասիրությունը, կհասկանա պահի կարևորությունը, ինձ նման կշտկի սեփական սխալները, և մենք միասին կստեղծենք համազգային ճակատ, որն այս տարվա ընթացքում հաղթանակ կբերի մեր ժողովրդին և մեր հայրենիքին»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այդ հանդիպումը, այսինքն՝ «սատկած ձիերի» հավաքը, կկայանա հաջորդ ուրբաթ, ապրիլի 19-ին, ժամը 18:00-ին, նախնական տվյալներով` «Անի» հյուրանոցի մեծ դահլիճում:

Չորրորդ. «վարձում» է սատկած ձիերի մասնագետների, որոնք «հեքիաթներ» են հյուսում սատկած ձիերով «ժառանգականների» պրոֆեսիոնալ ձիարշավի մասին: Օրինակ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ի շահ երկրի իշխանության գործող քաղաքական վերլուծաբանների հսկայական բանակը մշտապես ցանկանում է հասարակություն ներմուծել հուսահատության զգացում, ինչպես նաև հայտարարում է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը չունի հետագա ծրագրեր: Շիրինյանը նաև հավաստիացնում է, որ, թեև Հովհաննիսյանն իր ծրագրերի մասին շատ չի խոսում, դա ամենևին չի նշանակում, թե այդպիսիք գոյություն չունեն:

Հինգերորդ և վերջին. Րաֆֆի Հովհաննիսյանը տեղավորվել է «ձիու» կողքին և համոզում է սատկած չլինել` փոխելով սատկած ձիերի ճանաչման չափանիշները: Սակայն, չնայած նրա ձեռնարկած բոլոր միջոցներին, իմաստը մեկն է և շատ պարզ. ՁԻՆ ՍԱՏԿԵԼ Է, ԻՋԻ'Ր:


Տպագրել